ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ այսպիսով Դավթաշեն վարչական շրջանը կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի շինարարության ընթացքին, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24մ լայնությամբ:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կազմված կլինի 3 ուղեանցից՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ տեղ կգտնի Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում:

Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Նշվել է նաև, որ շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:




Լրահոս