Ծառայողական ավտոմեքենաները կրճատելու անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ, սակայն ավտոպարկը կրճատելու ուղղությամբ քայլեր սկսեցին կատարել միայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից հետո. այս հարցում ակտիվ էր նաեւ Կարեն Կարապետյանը: Ընդ որում` պետական կառավարման մարմիններից եւ ենթակա հիմնարկներից առաջին փուլով կրճատվեց շուրջ 800 տրանսպորտային միջոց եւ, իհարկե, դրանց մեծ մասը հիմնականում հնամաշ ու շահագործումից դուրս եկած ավտոմեքենաներ էին:
Ամեն դեպքում, կարեւոր էր, որ վերջապես կառավարությունը որոշեց նախաձեռնել մի գործընթաց, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր։ Ընդ որում` Աբրահամյանի հանձնարարականով գործադիր իշխանության անդամներն իրենց պաշտոնական կայքերում տեղադրել էին տեղեկատվություն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների պարկի վերաբերյալ։ Եվ դա հնարավորություն տվեց պատկերացնել, թե ինչքան եւ ինչպիսի մեքենաներ են սպասարկում պետական գերատեսչությունների ղեկավարներին։
Նախօրեին էլ կառավարության նիստում ծառայողական ավտոմեքենաների կրճատման անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին հանձնարարել էր գույքագրել ծառայողական ավտոմեքենաները եւ նրանց ծախսը հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել: Արարատ Միրզոյանն էլ նշել էր, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից», – հայտարարեց Միրզոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց, թե որ գերատեսչությունը որքան ավտոմեքենա ունի եւ որքան է կազմել տարբերությունը 2018 թվականին 2017-ի համեմատ: Կառավարության աշխատակազմին կցված է 12 ծառայողական ավտոմեքենա։ Վարչապետին սպասարկում է 2011թ. արտադրության ԲՄՎ 750Li.xDrive մակնիշի ավտոմեքենա։ Կառավարության ղեկավարի անվտանգության ծառայությունն ունի երեք «Հունդայի Տուկսոն»` բոլորն էլ 2008թ. արտադրության։
Փոխվարչապետին սպասարկում է «Տոյոտա LS 200»։ Կառավարության աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաներ ունեն նաեւ աշխատակազմի ղեկավար-նախարարը, նրա տեղակալները, վարչապետի խորհրդականը, օգնականը եւ մամուլի քարտուղարը։ Պարկում կա եւս երկու պահեստային ավտոմեքենա։ Իսկ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, այսինքն՝ վարչության պետերին, սպասարկում է 14 ծառայողական ավտոմեքենա։ Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ կան սպասարկող ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, թեթեւ մարդատար այլ մեքենաներ։ Դրանց թիվը հասնում է 12-ի։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թվականի նախագծով պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա: Սակայն այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու Ազգային անվտանգությանը տրամադրած ավտոմեքենաները: Ըստ այդմ` տեղեկացանք, որ ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: Այս երկու գերատեսչություններին 81 ավտոմեքենայով զիջում է Ազգային ժողովը, որին էլ հաջորդում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ 79 ավտոմեքենայով: Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Մնացած բոլոր գերատեսչությունների դեպքում գրեթե փոփոխություններ չեն եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե որ գերատեսչությանը 2018 թվականին որքան ավտոմեքենա է հատկացված.
Ազգային ժողով՝ 81 ավտոմեքենա,
Նախագահի աշխատակազմ՝ 20,
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ 1,
Կառավարության աշխատակազմ՝ 90,
ՀՀ վերահսկիչ պալատ՝ 16,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ 4,
Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 4,
Արտաքին գործերի նախարարություն՝ 17,
ԱԳՆ-ի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն՝ 4,
Արդարադատության նախարարություն՝ 22,
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ 13,
Սահմանադրական դատարան՝ 18,
Քննչական կոմիտե՝ 79,
Հատուկ Քննչական ծառայություն՝ 4,
Դատախազություն՝ 92,
Արագածոտնի մարզպետարան՝ 8,
Արարատի մարզպետարան՝ 8,
Արմավիրի մարզպետարան՝ 8
Գեղարքունիքի մարզպետարան՝ 8,
Լոռու մարզպետարան՝ 9,
Կոտայքի մարզպետարան՝ 8,
Շիրակի մարզպետարան՝ 9,
Սյունիքի մարզպետարան՝ 7,
Վայոց ձորի մարզպետարան՝ 8,
Տավուշի մարզպետարան՝ 8,
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ 4,
Ազգային վիճակագրական ծառայություն՝ 15,
Հանրային հեռուստաընկերության խորհուրդ՝ 3,
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ 12,
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ 3,
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 20,
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ 8,
Քաղաքաշինության պետական կոմիտե՝ 10:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում առկա է ընամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23, դե իսկ Հայաստանում` 1000-ից ավելի:
Նաիրա Հովհաննիսյան