ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները հայտարարել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառավարման, մենաշնորհների դեմ պայքարի, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման մասին: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շտապել էր հավելել, թե այդ ամենին զուգահեռ Հայաստանում վենդետա եւ վրեժխնդրության փորձեր չեն լինի:
Բայց դա չի նշանակում, որ պետք է ներվեն այն բոլոր պաշտոնյաները, որոնք իրենց գործունեության ընթացքում ուղղակի թալանել են բյուջեն, նաեւ նրանցից որոշների գործողությունների արդյունքում աղաղակող չարաշահումներ են անգամ բացահայտվել:
Արձանագրենք, սովորաբար Հայաստանում նման չարաշահումները բացահայտելու իրավասություն մեծ հաշվով ունի ՀՀ վերահսկիչ պալատը, նախկին նախագահի վերահսկողական ծառայությունը, (որը վերածվելու է վարչապետի ենթակայության տակ գործող առանձին կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայություն) եւ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը /ԿՌՈՒ-ն/:
Հայտնի է, որ նախկին նախագահի կամ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունների զեկույցները սովորաբար նրանց աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Այսինքն` նշված կառույցների հրապարակած ուսումնասիրությունները այդքան էլ թափանցիկ չեն, ավելին` չեն հանրայնացվում: Բայց ՀՀ վերահսկիչ պալատի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է: Այս կառույցը պարտավոր է, օրենքի համաձայն, հրապարակել հաշվետվությունները, ներկայացնել դրանք ԱԺ-ում:
Միայն ՎՊ-ի կողմից հրապարակած պետական մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետություններից պարզ է դառնում, որ սարսափելի չարաշահումներ են բացահայտվել: Նույն ՎՊ հաշվետվություններից գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում որակի սերտիֆիկատ է տրվել թռչնամիս ներմուծող ընկերությունների, բայց լաբորատոր փորձաքննությունից պարզ է դարձել, որ թռչնամիսն իր մեջ պարունակում է առողջության համար վտանգավոր մանրէներ: Եւ չնայած սրան` ՍԱՊԾ-ն թույլ է տվել, որպեսզի այն իրացվի շուկայում:
ՍԱՊԾ-ի վերաբերյալ բացահայտվել են նաեւ ահռելի ֆինանսական չարաշահումներ, որոնց համար բնականաբար ոչ ոք դեռ պատասխանատվություն չի կրել: Փոխարենը Իշխան Կարապետյանը դեռ շարունակում է մնալ ՍԱՊԾ պետի պաշտոնում: Հիմա նոր կառավարությունը, գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը լուծի Ի.Կարապետյանին օր առաջ պաշտոնանկ անելու խնդիրը, այլապես, ներելով կատարվածը, նոր կառավարությունը պատասխանատվություն է վերցնում իր չարածի համար:
Բացի այս, ՎՊ ստուգումներով չարաշահումներ բացահայտվել են նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում: Ավելին` հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Բայց չնայած այդ չարաշահումներին` ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը շարունակում է պաշտոնավարել: Ու հիմա այս դեպքում էլ կառավարությունը` մասնավորապես բնապահպանության նախարարությունը, պետք է օր առաջ քաղաքական գնահատական տան Գուլանյանի ղեկավարած կառույցում հայտնաբերվածին: Հակառակը` կնշանակի համաձայնել ամենաթողությանը:
Այսպես, օրակարգային է դարձել նման պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը: Ի դեպ` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը եւս շարունակում է պաշտոնավարել: Նշված անձի ղեկավարած ոլորտում եւս ՎՊ չարաշահումներ էր բացահայտել:
Իսկ նրանք, ովքեր արդեն ազատվել են պաշտոններից, այս ամենը ազդակ է, որպեսզի շատ արագ քրեական գործեր հարուցվեն առնվազն այդ գումարները հետ բերելու պահանջով: Այլ ոչ թե պաշտոնյաները հանգիստ վայելեն իրենց իշխանավարման շրջանակներում «վաստակած» գումարները:
Սյունէ Համբարձումյան