Ոսկե ձկնիկ էլ բռնեինք՝ խնդիրները միանգամից չէին լուծվելու. Զառա Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհի Զառա Սահակյանի հետ զրուցել է հեղափոխությանը մասնակցելու, դրան հաջորդած տրամադրությունների, իր սպասումների մասին։ Նա նշել է, որ որոշել էր աննկատ մնալ շարժման ժամանակ, սակայն ամուսինը խորհուրդ է տվել օգտագործել հայտնի լինելու հանագամանքն ու ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել շարժմանը։ Զառան նկատել է, որ հիմա երկրում բոլորը սկսել են զբաղվել քաղաքականությամբ եւ խորհրդատուի դեր են ստանձնել, այնինչ պետք է գիտակցել, որ փոփոխությունների հնարավոր է հասնել աստիճանաբար։

-Զառա, հեղափոխությունից հետո շրջանառության մեջ մտավ «նոր Հայաստան» ձեւակերպումը։ Ուզում եմ այդ տրամաբանությամբ հարցս ձեւակերպել՝ նոր Հայաստանից ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Շատ մեծ սպասումներ ունեմ, կարեւորը՝ ժողովուրդը պետք է գիտակցի, որ այն, ինչ իրենից սկզբնական շրջանում կախված էր, արել է, հիմա քաղաքակիրթ ձեւով հարկավոր է սպասել փոփոխությունների։ Այս ընթացքում մենք պետք է մեզ ադեկվատ պահենք եւ հասկանանք, որ եթե ոսկե ձկնիկ էլ բռնեինք՝ մեր խնդիրները միանգամից չէին լուծվելու։

Պետք է գիտակցենք, թե նախկին իշխանությունները ինչ հսկա բեռ են թողել ներկայիս իշխանությունների ուսերին։ Դրանք կթոթափվեն միայն տարիների ընթացքում։ Իսկ այն փոփոխությունները, որոնք արդեն իսկ իրականացվել են, էլի քիչ չեն։ Հիմա բոլորը սկսել են քաղաքականությամբ զբաղվել․ դա ինձ շատ է նյարդայնացնում։ Իմ՝ շարժմանը միանալը զուտ քաղաքացիական դիրքորոշման արտահայտում էր։ Ես ուղղակի մտածում էի, որ եթե նույնիսկ երկու հոգի, ինձ այնտեղ տեսնելով, կարող է ոգեշնչվել եւ միանալ շարժմանը, արդեն իսկ ինչ-որ չափով օգնած կլինեմ պրոցեսին։

-Եղա՞ն մարդիկ, ովքեր հեղափոխության ժամանակ կամ դրանից հետո վերանայեցին իրենց եւ Ձեր հարաբերությունները։

-Գիտե՞ք՝ ոչ ոքի կարծիքը ոչ այդ պահին, ոչ հիմա ինձ հետաքրքիր չի եղել եւ հետաքրքիր չէ։ Ոմանք ասում էին, թե հայտնիները շարժմանը միացան իրենց փիարի համար։ Իմ պարագայում, բնականաբար, այդպես չէր։

Ես լավ գիտակցում էի, որ եթե շարժումը չհաջողեր, ես, իրոք, վտանգի տակ կլինեի այն առումով, որ հեռուստաընկերություններն ինձ այլեւս աշխատանքի չէին ընդունի (Դե գիտեք՝ ովքեր են հեռուստաընկերությունների տերերը-Զ․Ս․)։ Պարզից էլ պարզ էր՝ ես ինչ էի բերելու իմ գլխին, բայց այդ քայլին ես գիտակցելով գնացի, որովհետեւ դա ճիշտ համարեցի։ Ինձ համար կարեւորն այն է, որ արտահայտեցի մեր ամբողջ ընտանիքի կարծիքը։

-Հիմա թատրոններից, հեռուստաընկերություններից հրավերներ ունե՞ք։

-Վստահ եմ, որ առաջիկայում դրանք կառավարության ուշադրության ներքո կլինեն, եւ մի շարք դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Փոփոխության դեպքում կուզենամ` անպայման որեւէ նախագծում ընդգրկված լինեմ։

-Նոր նշանակումների մասին ի՞նչ կասեք։ Ծանո՞թ եք կառավարության նոր կազմին։

-Ես փոքր մարդ եմ նոր կադրերի մասին դատողություններ անելու համար։ Եվ հետո մենք միայն մեդալի մի երեսն ենք տեսնում, մյուս երեսը մեզ համար պարզ չէ։ Չգիտենք՝ որ նշանակումն ինչի համար է արվում։

Բայց ես մի բան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց առանց արյուն թափելու հեղափոխություն անել, ուստի վստահում եմ նրան եւ չեմ ուզում թերահավատությամբ նայել նրա քայլերին։ Թեպետ մեր ժողովրդի մի հատված շատ կասկածամիտ է, ով էլ որ գա իշխանության։

-Ձեր խոսքից հասկացա, որ Ձեր ընտանիքը սատարել է Ձեզ։ Այդպե՞ս է։ Նրանք համակարծի՞ք էին Ձեզ հետ։

-Այո՛, բոլորը միաձայն կողմ էին իմ դիրքորոշմանը։ Անկեղծ ասած՝ ուզում էի ավելի զուսպ լինել, անգամ գլխարկ դրած միանալ շարժմանը, որպեսզի ինձ չճանաչեն, բայց ամուսինս խորհուրդ տվեց օգտագործել իմ հայտնի լինելու հանագամանքն ու ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել շարժմանը։ Չեք պատկերացնի, թե որքան եմ արտասվել, երբ վերջում հասանք մեր ուզածին։ Հիմա արդեն անհամբերությամբ սպասում եմ դրական տեղաշարժերի, որոնց, իհարկե, կարելի է հասնել աստիճանաբար։

Աննա Բաբաջանյան




Լրահոս