Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի Լուիզ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու: Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի նման Դուք ևս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին:
Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ: Այսօր էլ, որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առիթով, հարգելի տիկին Լուիզ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի անկեղծ խոսքերս: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարի»: