Տնտեսական բարեփոխումների շուրջ․ քայլեր, որոնք պետք է արվեն առաջնահերթ և անհապաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Համաժողովրդական շարժման մեկնարկից ի վեր հասարակության զանազան օղակներում աննախադեպ կերպով ակտիվացան քննարկումներն առ այն, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն արտոնյալ գործարարներ, որոնց պատկանող կազմակերպությունները զգալի մասով խուսափում են հարկային պարտավորությունների կատարումից՝ այդպիսով իսկ մեր երկրի տնտեսությունում ձևավորելով էական ստվերային հատված: Այս նույն խնդրին մի շարք առիթներով անդրադարձել է նաև նորանշանակ վարչապետը՝ բազմիցս ընդգծելով ստվերային տնտեսության վերացման կարևորությունը և հրատապությունը: Ընդ որում, հարկային պարտավորություններից խուսափելու խնդրի լուծումը գերազանցապես նույնացվում է (ըստ իս՝ թյուրիմացաբար) հավասար մրցակցային պայմաններ ապահովելու գաղափարի հետ՝ դիտարկելով դրանք նույն հարթության վրա:
Իհարկե, տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունավետ մրցակցություն ապահովելու գործում բոլոր մասնակիցների կողմից հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելը չափազանց կարևոր հանգամանք է: Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման առանձնահատկությունները հուշում են, որ հարկային օրինականություն ապահովելը խնդրի լուծման համար անհրաժեշտ, սակայն բնավ ոչ բավարար պայման է: Քննարկելով արդար և հավասար մրցակցության ապահովման խնդիրը՝ նախևառաջ պետք է հաշվի առնել, որ հայաստանյան խոշոր կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը (այդ թվում՝ ներմուծող) երկու տասնյակից ավել տարիների ընթացքում պետական հովանավարչության միջոցով հնարավորություն է ստացել ապօրինաբար ընդլայնելու սեփական բիզնեսի մասշտաբները, էականորեն ավելացնելու շահութաբերության մակարդակը և, այդպիսով՝ որպես հսկա միավորներ, մրցակցությունից դուրս մղելու հարկային արտոնություններ չունեցող այլ տնտեսվարող սուբյեկտներին (հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին): Հետևաբար, նման կազմակերպություններն այս ամբողջ ընթացքում օրենքի խախտումներով և կոռուպցիոն տարատեսակ կառուցակարգերով արդեն վաղուց կարողացել են ստեղծել այն երաշխիքները, որոնք, անգամ օրինական հարկային դաշտ «վերադառնալու» պարագայում, կարող են, ըստ էության, հանիրավի և անարդար գերշահույթ ապահովել նրանց համար: Նույնիսկ այսուհետ հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում նախորդ շրջանում ապօրինի խոշորացած սուբյեկտները շարունակելու են մասշտաբից էական տնտեսումներ ունենալ՝ զգալիորեն նվազեցնելով միավոր արտադրանքի հաստատուն ծախսերը, դրանով իսկ, ըստ էության, բացառելով այլ գործարարների կողմից համեմատաբար փոքր ծավալներով նրանց հետ մրցակցելու հնարավորությունը:

Վերնոշյալ խնդիրը համակարգային և շղթայական հետևանքներ ունի: Մրցակցության բացակայության կամ խիստ ցածր մակարդակի հետևանքով անարդյունավետ են դառնում տնտեսվարող բոլոր սուբյեկտները անխտիր. փոքր բիզնեսն արդեն նկարագրված պատճառներով հաճախ պարզապես զրկվում է աշխատելու և արդյունք ստեղծելու հնարավորությունից, իսկ խոշորը, և, հատկապես՝ գերխոշորը, չհիմնավորված շահեկան դիրքի պատճառով չի ձգտում արդյունավետության մակարդակի բարձրացման: Մրցակցային առավելություն ստանալու համար համապատասխան խթանների բացակայության պայմաններում բիզնեսի կողմից իրական պահանջարկ չի ներկայացվում գիտությանը և գիտական արտադրանքին: Որպես հետևանք՝ պակասում է գիտության ֆինանսավորումը, և նվազում է գիտական արտադրանքի գինը: Եվ ստացվում է, որ նույնիսկ գիտության զարգացումն է նշանակալիորեն կախված արդար և հավասար մրցակցային պայմանների ապահովումից:

Այպիսով, ստվերային տնտեսության վերացմանը կամ նվազեցմանը զուգահեռ անհրաժեշտ է մտածել իրապես հավասար մրացակցության ապահովման ուղիների մասին: Դրանցից մեկը կարող է լինել «գերխոշոր» տնտեսվարող սուբյեկտների համար հարկային նոր դրույքաչափերի կիրառումը: Ինչպես հայտնի է, գործող հարկային օրենսգրքով ավելացված արժեքի հարկի շեմ է սահմանված 58.35 միլիոն դրամ տարեկան իրացման շրջանառությունը: Այս առումով, այն կազմակերպությունները, որոնց շրջանառությունը գերազանցում է նշված շեմը, սակայն բավականաչափ խոշոր չեն մասշտաբից իրական տնտեսում ապահովելու համար, հայտնվում են խիստ անբարենպաստ պայմաններում: Պատահական չէ, որ մեր երկրում միջին ձեռնարկությունները (ըստ «ՓՄՁ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի դասակարգման) շուրջ 100 հազար ակտիվ հարկ վճարողների միայն 1%-ն են կազմում: Միաժամանակ, ընդամենը 400 կազմակերպություն (0.4%) վճարում են շուրջ 350 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: Դա այն դեպքում, երբ 2017թ.-ին պետական բյուջե հավաքագրված ավելացված արժեքի հարկի ամբողջ ծավալը կազմել է 390 միլիարդ դրամ: Այս 400-ը, ընդհանուր առմամբ, այն հարկատուներն են, որոնց տարեկան իրացման շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Եվ փաստորեն, դիտարկվող կազմակերպությունները գործում են ճիշտ նույն հարկային դաշտում, ինչ ընդամենը 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները: Քննարկենք, թե մոտավորապես ինչ արդյունք կարելի է ակնկալել, եթե 1 միլիարդ դրամը գերազանցող տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար հարկի դրույքաչափը սահմանվի, դիցուք, 30% («գերխոշորի» դրույքաչափ): Հաշվարկների պարզեցման համար կատարելով որոշակի պայմանական ենթադրություններ՝ բյուջետային հավելյալ մուտքը ստացվում է մինչև 170 միլիարդ դրամ: Իհարկե, հարկային դրույքաչափերի բարձրացումը մշտապես որոշակի գնաճային ռիսկ է պարունակում, սակայն առնվազն երկու պատճառով վերջինս էականորեն մեղմվում է.

1. Հայաստանի մասշտաբներով գերխոշոր և «հիպերշահութաբեր» շատ կազմակերպություններ, որոնք համապատասխան շուկաներում մենաշնորհային ուժի են տիրապետում, գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն են ունենում. համապատասխան ապրանքների ու ծառայությունների գինը արդեն իսկ նկարագրված հնարավորությունների հաշվին սահմանում են ճիշտ այնպես, որ մի կողմից՝ շուկայից դուրս մղեն մրցակից կազմակերպություններին, բայց մյուս կողմից՝ շարունակեն ստանալ գերշահույթ: Այսինքն, այս պահին գործ ունենք տվյալ շուկաներում չարդարացված բարձր գների հետ, որոնք սահմանված են առավելագույն շահույթ ապահովելու նպատակով, և դրանց բարձրացման դեպքում հնարավոր չի լինի նույն հաջողությամբ շուկայից դուրս մղել մրցակից կազմակերպություններին: Հետևաբար, գների մակարդակի բարձրացման դեպքում նրանք լուրջ վնասներ կկրեն, որովհետև կկորցնեն սպառման շուկայի մի զգալի մասը: Այս առումով, դրույքաչափերի բարձրացումը հիմնականում կուղեկցվի նրանց շահութաբերության մակարդակի անկումով, սակայն ոչ գների մակարդակի էական բարձրացմամբ: Ցայտուն օրինակը խոշոր սուպերմարկետների առևտրային վերադիրներն են, որոնց ավելացման դեպքում շատ սպառողներ նախապատվություն կտան մրցակից առևտրային կազմակերպություններին: Այսպիսով, կարելի է ակնկալել եկամուտների որոշակի վերաբաշխում՝ ի նպաստ ընդհանուր արդյունքի աճի:

2. Որոշ հատուկ շուկաներում, այնուամենայնիվ, կարող են նկատվել գնաճային ռիսկեր: Սակայն, այդ ռիսկերն արդեն կարելի է չեզոքացնել բնակչության տնօրինվող եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտները անփոփոխ թողնելու դեպքում, եկամտային հարկի առնվազն կրկնակի նվազեցման հնարավորություն է ստեղծվում: 2017թ.-ին 332 միլիարդ դրամ եկամտային հարկ է հավաքագրվել պետական բյուջե, որի կեսը կարող է փոխհատուցվել արդեն իսկ ներկայացված մուտքերի հաշվին: Միջին աշխատավարձ ստացող անձը (195 հազար դրամ անվանական աշխատավարձ) եկամտային հարկի կրկնակի նվազեցման դեպքում կունենա տնօրինվող եկամուտի շուրջ 14% աճ: Այսինքն, նույնիսկ այս պարագայում մինչև 14% գնաճը (վատագույն, ոչ հավանական սցենարի դեպքում) բացասական ազդեցություն չի կարող ունենալ տվյալ անձի գնողունակության վրա:

Իհարկե, ներկայացված հաշվարկների համար հիմք ծառայող շեմը և դրույքաչափը վերջնական չեն և առավել խորքային հաշվարկների պարագայում կարող են լրացուցիչ հստակեցվել, սակայն դրանց վերլուծությունն ինքնին հնարավորություն է տալիս գիտակցելու այս ուղղությամբ հարկային դաշտի փոփոխության անհրաժեշտությունը և հրատապությունը, որից հետո միայն հնարավոր կլինի տրամաբանական հաջորդականությամբ անցում կատարել տնտեսական հետագա բարեփոխումների հետևողական իրականացմանը: Առհասարակ, հարկավոր է հստակ գիտակցել, որ անկախ տնտեսական քաղաքականության այս կամ այն գործիքի կիրառման առանձնահատկությունից, դրանցից յուրաքանչյուրի հիմքում պետք է դրվի մի էական գաղափար. բոլոր քայլերը նպատակաուղղել վերջնարդյունքում այն խնդրի լուծմանը, որ Հայաստանում որքան հնարավոր է շատ մարդիկ հնարավորություն ունենան աշխատանքով հավելյալ արժեք ստեղծելու: Տնտեսության մնացյալ խնդիրներն ածանցյալ են այս կարևորագույն առաքելությանը: Հետևելով այսպիսի առաքելության գաղափարին և տրամաբանությանը՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում տնտեսական մրցակցության և եկամուտների բաշխման ներկայիս մոդելն ամենևին չի նպաստում այդ առաքելության իրագործմանը: Այս ուղղությամբ նոր և արմատական մոտեցումներ մշակելն ու իրագործելը դարձել է հրատապ խնդիր: Զերծ մնալով «արդարություն» հասկացության բարոյափիլիսոփայական քննարկումներից՝ կարևոր է հստակորեն գիտակցել, որ մրցակցության և եկամուտների բաշխման արդարությունը նախևառաջ հավելյալ տնտեսական արդյունք ստեղծելու և իրական տնտեսական աճ ապահովելու նշանակություն ունի»:




Լրահոս