ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ Հայաստանին պետք է կուտակային համակարգ: Այս մասին ասված է նախարարի սոցցանցի էջում կատարված գրառման մեջ, որտեղ անդրադառնում է սոցիալական ցանցերում առկա այն մեկնաբանություններին, որոնք վերաբերում են կուտակային համակարգի վերաբերյալ նրա՝ նախկինում և այսօր արված հայտարարություններին:
«Նախ ասեմ, որ բոլոր այն խնդիրներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ, կուտակայինն ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին: Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին: Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ»,- նշել է Մանե Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը պարզաբանել է, թե ինչու այդ դեպքում չի անում հստակ հայտարարություններ: Նա նշել է, որ իր արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է:
«Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչն ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել: Մեր պետության շահն ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ»,-նշել է նախարարը:
Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։
Նախարարը հիշեցրել է, որ մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։
«Այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից: Բավարա՞ր է արդյոք, իմ կարծիքով՝ ոչ: Դրանից բացի, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի ՀՀ կառավարության և ապա՝ Ազգային ժողովի կողմից: Այսպիսով, այո, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ: Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ»,-հավելել է Մանե Թանդիլյանը: