«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Այս զույգի հայտարարագրերը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե պատրաստվում են երկիրը թողնել–գնալ:
Բանն այն է, որ երկուսն էլ վաճառում են իրենց պատկանող անշարժ գուքը: Եվ խոսքը մեկ միավորի մասին չէ: Չիչոյանը նախորդ տարի վաճառել է երկու ավտոտնակ 11 միլիոն 640 հազար եւ 282 հազար դրամ արժողությամբ: Կինը՝ Գայանե Մկրտչյանը, վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով:
Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաեւ իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ կան նաեւ իր հայտարարագրում: Ամուսինները համասեփականատեր են ոչ միայն անշարժ գույքի, այլեւ փոխառությունների դեպքում:
Մասնավորապես, նրանք միասին ունեցել են 114 հազար 260 ԱՄՆ դոլար, որն իրենց է վերադարձվել մինչ տարեվերջ: Չիչոյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ դրամական միջոցներ, կինը՝ 4:
Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 298 հազար դրամ, կնոջինը՝ 69 միլիոն 911 հազար, որից 60 միլիոն 140 հազար դրամը վաճառված բնակարանի գումարն է, 5 միլիոն 820 հազար դրամը նույնպես նշված է վաճառված գույքից ստացված գումար, իսկ մնացածը՝ աշխատավարձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: