ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ «ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի ներկայացուցիչ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վոլոդիմիր Արիեւի հետ:

-Պարո՛ն Արիեւ, Եվրախորհրդում ինչպե՞ս ընդունեցին Հայաստանում կատարվող իրադարձությունները:
-Ես, ցավոք, չեմ կարող ասել, թե ինչպես են դա ընդունել Եվրախորհրդում, քանի որ այդ շրջանում առողջական խնդիրներ ունեի եւ Ստրասբուրգ չեմ գնացել:
-Ուկրաինայում ավելի կոշտ մեթոդներ կիրառվեցին` հեղափոխության օրերին: Իսկ Հայաստանում կրակոցներ չեղան, ամեն ինչ, մինչեւ այս պահը, ընթանում է մեղմ պայմաններում, եւ նաեւ այս պատճառով շատերն այս իրադարձություններն անվանում են թավշյա հեղափոխություն:
-Ես շատ բարձր եմ գնահատում դա: Լինելով մի անձ, ով Ուկրաինան ներկայացնում է Եվրախորհրդում, ես պետք է պաշտպանեմ մարդկանց իրավունքները, եւ բնական է` միշտ կողմնակից եմ, որպեսզի ցանկացած իրավիճակ առանց կրակոցների ընթանա: Իսկ երբ երկրում նման իրավիճակ է, եւ փորձում են դրան հակազդել զենքի միջոցով, բնականաբար, դրա արդյունքում միշտ զոհեր են լինում: Յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է, եւ եթե կա հնարավորություն` ամեն ինչ լուծելու առանց կրակի, առանց հակազդման, բնական է` դա միշտ լավ է: Բայց, իհարկե, միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել դրանից: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը միշտ պետք է գնա այն ճանապարհով, որպեսզի կրակոցներ ու զոհեր չլինեն: Միշտ կարելի է գնալ զիջումների, եթե երկու կողմերն էլ դա ցանկանում են:
-Ի՞նչ եք կարծում` հետսովետական երկրների համար հեղափոխություններն անհրաժե՞շտ են:
-Գիտեք` դժվար է համեմատել այդ երկրները միմյանց հետ: Ամեն մեկն իր զարգացման ճանապարհով է ընթանում, պարզապես արտաքին ուժերը չպետք է խոչընդոտեն այդ զարգացմանը: Ուկրաինայի դեպքում հանդարտեցնելու փոխարեն Ռուսաստանը խառնվեց այդ ամենին: Բայց եթե Հայաստանում քաղաքացիներն ուզում են, որպեսզի Ռուսաստանը խառնվի երկրի գործերին, դա այդ ժողովրդի իրավունքն է: Ուկրաինան, օրինակ, դա չի ցանկանում: Ես, իհարկե, չեմ կարող կողքից հստակ գնահատական տալ Հայաստանում կատարվածին, բայց կարծում եմ, որ բոլոր հզոր երկրները պետք է չխառնվեն այլ երկրի գործերին, քանի որ վաղ թե ուշ դա կպայթի եւ կբերի հակազդման: Պետք է փնտրել ընկերներ, այլ ոչ թե թշնամիներ: Ռուսաստանի դեպքում երկրորդ տարբերակն է. այո, այսօր Ռուսաստանը եւ Ուկրաինան թշնամական իրավիճակում են: Նույնը կարելի է ասել նաեւ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին: Բայց ամեն դեպքում Միջին Ասիայում էլ ավտորիտար կառավարում կա, օրինակ` Թուրքմենստանում, Ուզբեկստանում: Բայց եթե մեծամասնությունն այդ ամենը չընդունի, ակնհայտ է, որ միջազգային հանրությունն էլ հարգանքով կվերաբերի այդ երկրներին:
-Հայաստանյան իրադարձությունների դեպքում ճնշող մեծամասնությունն այն կարծիքին է, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, չմիջամտեց: Ըստ Ձեզ` ի՞նչն էր պատճառը:
-Չգիտեմ, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դա դրսի ուժերի խնդիր չէ: Մենք կարդում էինք այն մասին, որ նա ասում էր` լոյալ պետք է լինել, Ռուսաստանից պետք չէ վախենալ: Որքանով ես եմ հասկանում` դա Հայաստանի ներքին պայքարն է այն քաղաքական իրավիճակի եւ զարգացման ուղղության դեմ, որ առկա է: Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ղարաբաղյան կոնֆլիկտի դեպքում կրակի վրա յուղ լցնելու հարցում: Իրենց դա բավական է: Այսինքն` նրանք մի կողմից զենք են վաճառում Հայաստանին, ռազմաբազաներ պահում այդտեղ, դրա հետ մեկտեղ` զենք են վաճառում նաեւ Ադրբեջանին: Դա փաստում է այն, որ Ռուսաստանը կարող է ազդել Ղարաբաղյան կոնֆլիկտի «ջերմաստիճանի կառավարման վրա»: Ակնհայտ է, որ այդ հարցում նրանք ամեն ինչ այժմ իրենց կառավարման ներքո են պահում:
-Իսկ այսքանից հետո Հայաստանում զարգացման հեռանկար տեսնո՞ւմ եք:
-Ամեն դեպքում` շարժումը դրակա՞ն անդրադարձ կունենա Հայաստանի վրա, թե՞ բացասական, ժամանակը ցույց կտա: Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր դուրս էին եկել հրապարակ, իրենք դժգոհ էին տարիներ ի վեր եղած կառավարումից: Եվ եթե նոր կառավարությունը գոնե խնդիրների մի մասը լուծի, դա օգտակար կլինի: Կարծում եմ` այս իրավիճակում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, եւ ժողովուրդն արդեն կորոշի` ինչպես վարվել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ` ՀԱՋՈՐԴԻՎ

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը»։

Սակայն պարզվում է՝ այսպիսի գործընթաց սկսելու շուրջ «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց համաձայնությունը դեռեւս չեն տվել: Մասնավորապես մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, թե սպասում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը, որից հետո ցանկանում են սկսել Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Միեւնույն ժամանակ նա մեզ հետ զրույցում նշեց, թե ծանոթ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի այն մեկնաբանությանը, թե այժմ իրենց օրակարգում նման բան չկա:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից տարածված հայտարարությանը` ավագանու անդամ, ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե իրենց կուսակցությունում նման հարց դեռեւս չի քննարկվել:
Ինչ վերաբերում է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, նշենք՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում ամրագրված է.
1. Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
2. Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ ավագանու խմբակցություններին: Ավագանու խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց խմբակցությունների անդամներին:
3. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:
4. Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
5. Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
6. Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Երեւանի ավագանին այժմ կազմված է 65 անդամից, եւ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 21 ավագանու ստորագրություն, իսկ արդեն ընտրություններում նոր քաղաքապետ կընտրվի ձայների մեծամասնությամբ: Այս տարբերակից զատ` ավագանին կարող է լուծարվել միայն քաղաքապետի հրաժարականի պարագայում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ
Հաջորդ շաբաթ արդեն Հայաստանը կունենան նոր վարչապետ. խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ անգամ դե յուրե իշխող ՀՀԿ-ն է հայտարարել, որ նպաստելու է նրա ընտրությանը` ապահովելով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընտրվելուց հետո` արդեն մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: Նկատենք, որ այս առումով Փաշինյանը լավ տարբերակ է ընտրել, քանի որ հակառակ դեպքում Երեւանում նա ստիպված էր լինելու որպես վարչապետ պաշտոնական արարողություններին մասնակցել ՀՀԿ-ական պաշտոնյաների հետ միաժամանակ: Չնայած` քանի դեռ չեն անցկացվել ԱԺ նոր ընտրությունները, նա վաղ, թե ուշ ստիպված է լինելու նման շքախմբի կազմում հայտնվել: Բացի այդ` մայիսի 10-ին կլինի Փաշինյանի վարչապետության առաջին կառավարության նիստը, որին եւս ՀՀԿ-ական փոխվարչապետներն ու նախարարները կմասնակցեն: Ի դեպ, Փաշինյանն արդեն խոստացել է, որ այդ նիստին կմասնակցեն նաեւ լրագրողները, ասել է, թե նա կառավարության նիստերը պատրաստվում է դռնբաց անցկացնել:

 

 

ԱՌԱՆՑ ՈՒՂԵՎՈՐԻ
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Այսպես` հունվար-մարտ ամիսներին ուղեւորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 3.9 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 5.3 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով` ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

 

 

ՉԻ ԱԶԱՏՎԻ
Հոկտեմբերի 9-ի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակուման գործով կալանավորված Մարատ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար, սակայն բողոքը մերժվել է: Հիշեցնենք, որ այս գործով գլխավոր մեղադրյալը 29-ամյա Պյոտր Ցիգանկովն է, որը բանկից հափշտակել էր 200 հազար դոլար եւ փախուստի դիմել: Ավելի ուշ նրան հայտնաբերեցին Վրաստանում, բայց տեւական ժամանակ է՝ նրան չեն տեղափոխում Հայաստան: Այդ ամենի պատճառով, ինչպես պնդում են մյուս կալանավորվածների փաստաբանները, տեւական ժամանակ է՝ որեւէ քննչական գործողություն չի արվում:




Լրահոս