ԽՃՃՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտած Սահմանադրության հեղինակները մի լավ հոգացել են, որպեսզի հնարավոր ամեն միջոցներով բացառեն ԱԺ արտահերթ ընտրությունների լայն հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունը ձեւավորվում է հենց խորհրդարանական ընտրությունների միջոցով, որից հետո էլ կազմավորվում են մյուս մարմինները, այդ թվում՝ կառավարությունը: Եվ հիմա երկրի մայր օրենքով այնպես է արված, որ արտահերթ ընտրություններ, այսինքն՝ իշխանափոխություն իրականացնելու միջոցները հնարավորինս չեզոքացվեն, ընդ որում, առավել քան խճճված ձեւակերպումներով:

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն կանգնած է իշխանությունը կորցնելու ճանապարհին. մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուն վարչապետ կընտրվի: Բայց դրանից հետո պարզվում է՝ արտահերթ ընտրություններին հասնելը շատ դժվար է, նույնիսկ ժամանակատար գործընթաց է: Նոր Սահմանադրության մեջ այնքան խճճված են ներկայացված հոդվածները, որ դրանցից գլուխ չեն հանում անգամ հեղինակներն ու իշխանության ներկայացուցիչները: Նախ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություններին չորս պահանջ էր ներկայացրել.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հենց այս չորրորդ կետի իրականացման հիմքում էլ թաքնված է շան գլուխը, եւ հենց այդ կետում ամրագրված քաղաքական պայմանավորվածության պահպանումն է, թերեւս, ամենակարեւոր հանգամանքը: Խնդիրն այն է, որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Պարզապես այս ամենը Սահմանադրության մեջ ներկայացված է բավական խճճված, ամենատարբեր հոդվածներով:
Մասնավորապես Սահմանադրության 151-րդ հոդվածի երրորդ կետում, որը վերաբերում է կառավարության ծրագրին, նշված է. «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Այսինքն` կառավարության ծրագրի ընդունումից հետո պետք է կրկին անցկացվեն վարչապետի ընտրություններ՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերի համաձայն:
Հոդված 149-ի երրորդ կետում նշված է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Նույն հոդվածի չորրորդ կետում էլ ամրագրված է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Եվ արդեն այստեղ է պետք գալու քաղաքական համաձայնությունը: Մասնավորապես քաղաքական ուժերը կարող են համաձայնության գալ, որ կառավարության հրաժարականից հետո վարչապետի թեկնածու ոչ ոք չառաջադրի, եւ երկու անգամ ընտրությունները տապալելուց հետո Ազգային ժողովը լուծարվի: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնակատար, կառավարության անդամները՝ եւս: Իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու մյուս տարբերակն էլ կրկին վարչապետ ընտրելն ու հետո կառավարության ծրագիրը եւս մեկ անգամ չհաստատելն է: Եվ այս ամբողջ գործընթացն իրականում խճճված ու ժամանակատար է: Չնայած ժամանակատար լինելն իրականում կարող է օգտակար լինել հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդ ընթացքում նա կարող է օրինագծերում փոփոխություններ կատարել, որոնք ցանկանում է: Չնայած, եթե նկատի ունենանք փաստը, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում շարունակելու է մեծամասնություն կազմել, իսկ Փաշինյանն էլ լինելու է «փոքրամասնության» վարչապետը, կարելի է ենթադրել, որ այդ օրենքների ընդունումը կտորպեդահարվի:
Նշենք նաեւ, որ մասնավորապես կառավարության հրաժարականից հետո` յոթօրյա ժամկետում, խմբակցությունները պետք է թեկնածու առաջադրեն, ութերորդ օրը տեղի ունենա ընտրություն: Եթե այդ օրը տապալվում է, ապա կրկին յոթ օրվա ընթացքում պետք է թեկնածուներ առաջադրվեն, ութերորդ օրը կրկին ընտրություն տեղի ունենա: Այսինքն` այդ ամբողջ գործընթացը 16 օր է տեւելու, որի ընթացքում խորհրդարանը բնականոն գործելու է եւ կարող է օրենքների փոփոխությունները քննարկել, ընդունել: Արդեն վերջնական փուլից հետո արտահերթ ընտրությունները կանցկացվեն ոչ շուտ, քան երեսուն եւ ոչ ուշ, քան 45 օր հետո:
Սահմանադրությունն այսքան խճճելն ու արտահերթ ընտրություններ դժվարությամբ նախաձեռնելն արվել է մի բանի համար՝ հնարավորինս բացառել իշխանափոխության տարբերակները` ապահովելով ՀՀԿ իշխանության հավերժացումը: Եվ հիմա, երբ իշխանափոխության շանսեր կան, հանդիպում ենք այսպիսի բարդ կետերի:
Մեկ ուշագրավ փաստ էլ. նախորդ Սահմանադրության մեջ արտահերթ ընտրությունների հասնելու տարբերակներն ավելի շատ էին, իսկ փաստորեն նորի մեջ ընդամենը այս երկու կետն է մնացել: Այս դեպքում էլ սահմանադրագետները մեկնաբանում են, թե խորհրդարանական կառավարման պարագայում Ազգային ժողովը պետք է հնարավորինս կայուն լինի: Սակայն նոր Սահմանադրությամբ եւս մեկ անգամ կարելի է հասնել ԱԺ լուծարման եւ դա այն դեպքում, եթե բոլոր պատգամավորները մանդատները վայր դնեն, իսկ նրանց հաջորդող մյուս անձինք հրաժարվեն ստանալ մանդատներ: Սա, համաձայնեք, ամենաանհնար տարբերակներից մեկն է: Եվ ուրեմն, մնում է վերը նշված կետերի կատարումը:
Իսկ ահա 2005 թվականին փոփոխված Սահմանադրության 74.1 հոդվածում նշված է. Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:
Իսկ ահա այս Սահմանադրությունում Ազգային ժողովի լուծարման հնարավորությունը ոչ միայն նվազեցվել է, այլ նաեւ դրույթներով բարդացվել:
Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե ինչու ՀՀԿ-ն հանկարծակի փոխեց դիրքորոշումն ու որոշեց օգնել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն. պարզվում է` ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնց միջոցով դե յուրե ավարտին կհասցվի իշխանափոխությունը, այնքան էլ հեշտ չէ իրականացնել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՀԿ-Ն ԳԼԽԱՑԱՎԱՆՔԻ ՄԵՋ Է
ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Հանրապետական խմբակցությունը ծանր դրության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ ներկայացվող շատ օրենքներ պետք է ընդունվեն պատգամավորների 3/5-րդ քվեարկությամբ: Այսինքն` հարկավոր է 63 ձայն, այնինչ` հանրապետական խմբակցության պատգամավորների թիվն այս պահին 58 է: Նախկինում, երբ ՀՅԴ-ի հետ նրանք կոալիցիայի մեջ էին, այսպիսի դեպքերում կարողանում էին օրենքներ անցկացնել. երկու խմբակցությունները միասին 64 հոգի էին: Սակայն այժմ ՀՀԿ-ն տապալվելու լուրջ խնդրի առջեւ է կանգնել: Դրա վառ ապացույցն էլ երեկ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր, երբ ՀՀԿ-ն չկարողացավ ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի համար հավաքել անհրաժեշտ 63 ձայնը: Ավելին` ՀՀԿ-ական 58 պատգամավորներից եւս բացականեր կային եւ ընդհանուր առմամբ թեկնածուն ստացավ 53 կողմ ձայն եւ չանցավ: Այսպիսով` առանց ՀՅԴ-ի ՀՀԿ-ն ձախողեց առաջին փորձությունը:

 

 

ԲՈՒՄԵՐԱՆԳ
Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն տապալեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, բողոքի մեծ ալիք բարձրացավ` համեմված անհանդուրժողականության տարբեր դրսեւորումներով: Քաղաքացիները որպես բողոքի նշան մայիսի 2-ին շրջափակել էին պատգամավորների տները, որոշ դեպքերում խորհրդանշական թաղումներ էին կազմակերպում, ծաղկեպսակների վրա պատգամավորների նկարները փակցրած` ցուցադրաբար շրջում: Եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խիստ վիրավորած են իրենց հանդեպ նման անհանդուրժողական վերաբերմունքից, նվաստացուցիչ քայլերից:
Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ականներն այսօր հնձում են այն, ինչ ցանել են: Տասը տարի առաջ՝ 2008թ. նախագահական ընտրությունների թոհուբոհում, իշխանությունների պատվերով մի խումբ մարդիկ վրաններ էին տեղադրել նախագահի ընդդիմադիր թեկնածու՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ, հայհոյախառն արտահայտություններ պարունակող պաստառներ փակցրել: Նույնպիսի վրան խփել էին նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ: Ու այն ժամանակ ոստիկանությունն այդպես էլ չփորձեց որեւէ մեկին հեռացնել այդ տարածքից: ՀՀԿ-ականներն էլ որեւէ քայլ չարեցին` անհանդուրժողականության նման դրսեւորումներին վերջ տալու համար, այլ ընդհակառակը, նրանք հրճվում էին կատարվածով, ոմանք նույնիսկ աջակցություն էին ցուցաբերում: Ու հիմա, փաստորեն, հասարակությունն այսօր ՀՀԿ-ականներին պատասխանում է նույն ոճով` կիրառելով այն մեթոդները, որ ՀՀԿ-ականները խրախուսում էին իրենց ընդդիմադիրների դեմ պայքարում: Իզուր չեն ասում, որ կյանքը բումերանգ է:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆՆԵՐԻ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպաններին եւ Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության եւ օրինականության շրջանակներում:




Լրահոս