ՀՀԿ-ԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐԵԼ ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՔՐՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում կրքերը գնալով թեժանում են: Երեկ աշխատանքից ազատվել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Վերջինս արդեն 28 տարի աշխատում է Շիրակի պետական համալսարանում՝ 8 տարի որպես պրոռեկտոր:

«Բուհում երկրորդ անգամ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում: Ես մշտապես բարձրացրել եմ խնդիրները, բայց միայն հանրության առաջ չեմ խոսել՝ հաշվի առնելով, որ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն եմ, եւ շատ հնարավոր էր` իմ բարձրացրած խնդիրները օբյեկտիվ չընդունվեին: Առաջին խնդիրը, որի մասին ես խոսեցի հանրույթի առաջ՝ դա մեր երկու դասախոսների ապօրինի հեռացման հարցն էր՝ Համբարյան Գագիկի եւ Հովհաննես Խորիկյանի: Դրանից հետո, որպես վրեժխնդրություն, ռեկտորը որոշեց ինձանից էլ ազատվել: Կառուցվածքային փոփոխության մասին նախագիծն ու որոշումը նա գիտխորհրդին հանձնեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը եւ արագ-արագ սկսեց գործել: Այն տպավորությունն էր, որ ձեռքերն արդեն փրփուրներից է գցել: Մեկ օր առաջ տալիս է ինձ ծանուցում, որ վաղը ազատում է աշխատանքից: Ծանուցման մեջ նշված է, որ համապատասխան կառուցվածքում իմ հմտություններին համապատասխան հաստիք չկա: Մյուս պրոռեկտորը, որը նշակավել է վերջերս, իր ընկերն է, բուհում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, ընդամնեը մի քանի ժամ դաս է պարապել, վերջին տարիներին էլ ընդհանրապես բուհում չէր աշխատում, բերեց, նախ` նշանակեց դեկան, հետո` պրոռեկտոր, այսօր էլ, երբ հաստիքներ է բաժանում, հասկանում է, որ Ֆարմանյան Անահիտի համար գործ չկա»,- ասում է Անահիտ Ֆարմանյանը:
Նկատենք, որ Սահակ Մինասյանի ու Անահիտ Ֆարմանյանի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են լարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Անահիտ Ֆարմանյանն ինքն է ցանկացել դառնալ այս բուհի ռեկտոր` առավել եւս, թիկունքում ունենալով եղբոր՝ ՀՀԿ ԳՄ անդամ պատգամավորի աջակցությունը: Սակայն չի հաջողվել. իշխանության ներսում այդ պաշտոնի համար պայքարում հաղթել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ում թիկունքին էլ կանգնած է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արման Սահակյանը: Ասում են` Ֆարմանյանն է կանգնած նաեւ Մինասյանի դեմ երկու դասախոսների բողոքի ակցիաների թիկունքում:
Անահիտ Ֆարմանյանը հերքում է ռեկտոր դառնալու ցանության մասին լուրերը` ասելով, թե դա Մինասյանի հորինվածքն է. «Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը ինձ համար երկրորդական է: Ես ընդամենը 45 տարեկան եմ եւ չեմ շտապում նստել այդ աթոռին: Պրոռեկտորի պաշտոնում էլ ցանկացած մարդ կարող է ասել, որ ես բանվորի դերն եմ ավելի շատ կատարել»,- նշում է նա:
ՀՀԿ-ական պատգամավորի անկուսակցական քույրը, սակայն, պնդում է, որ Մինասյանն իրեն ստիպել է անդամագրվել ՀՀԿ-ին, բայց վերջինս հրաժարվել է. «Արման Սահակյանի օգնությամբ, երբ փողեր էր բաժանում, ես կրիկին դեմ եմ եղել: Ես կուսակցական չեմ եղել, նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք ոչ մի անգամ չի խնդրել դառնալ կուսակցական: Ես քաղաքականացված անձ չեմ եւ չեմ կարող: Ինքը միշտ բարձրաձայնել է, որ անձեռնմխելի է. Բաղրամյան 26-ն է նրա թիկունքին: Նրա անարդարությունը արդեն ցինիզմի է հասնում»,- ասում է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ռեկտոր Սահակ Մինասյանից, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր: Շիրակի պետական համալսարանից էլ հայտնեցին, որ աշխատանքի չի եկել, որեւէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Գյումրիում էլ լուրեր են շրջանառվում, որ Միանսյանի պաշտոնավարմանը օրեր են մնացել: Ամենայն հավանականությամբ, նա կվերադառնա նախկին աշխատանքին՝ կգլխավորի մարզպետարանի կրթության վարչությունը, իսկ ներկայիս պետ Հրայր Կարապետյանը կնշանակվի թիվ 23 դպրոցի տնօրեն:
Ի դեպ, Շիրակի պետական համալսարանի ուսանողները պատրաստվում են բողոքի ցույցեր անել՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՑՆԵԼ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ին աղջկա` 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար սպանել է նորածին թոռանը: Այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), նա կալանավորված է: Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել էր Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել իր մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով: 2018թ. փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին` առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի վերջին օրը, Հրածին Փայտյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հրածին Փայտյանին արդարացնել` նրան ճանաչել անպարտ մեղսագրվող արարքը կատարելու մեջ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, նախկինում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հեռացվել է կուսակցության շարքերից: Սա այն բանից հետո, երբ նա մայիսի 1-ին հանկարծակի հայտարարեց, որ չի կատարելու ՀՅԴ որոշումն ու կողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո ՀՅԴ պահանջով Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց: Բացի այդ` ՀՅԴ ԳՄ-ն էլ տեղեկացրել է, որ «քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»: Աղվան Վարդանյանն այսպես է արձագանքել իրեն կուսակցությունից հեռացնելու որոշմանը. «Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը` 1990թ. ապրիլի 26-ին անդամագրվելիս: Երկրորդը` 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երեւան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: ԱԺ-ում իմ վերջին` խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսեւորում էր` երդմանս հավատարիմ: Մնացածը տասներորդական է: Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը դժվար է հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում: Ասված է` արա` ինչ որ ճիշտ է, թող լինի` ինչ լինելու է: Այսքանը ինձ Դաշնակցությունից հեռացնելու` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ».- հայտարարել է Ա. Վարդանյանը:

 

 

ՉԵՆ ՎԵՐԱՆԱՅԻ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի վերանայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Ռուսաստանն անփոփոխ նպատակ ունի շարունակելու հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքները՝ ուղղված դաշնակցային փոխգործակցության եւ ինտեգրացիոն համագործակցության խորացմանն ու զարգացմանը»,- պնդել է Զախարովան: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին` նա նշել է, որ այդ հարցում բանակցային գործընթացին անդրադառնալը նպատակահարմար կլինի Հայաստանում իրավիճակի կայունացումից հետո: «Հայաստանն այժմ դժվար քաղաքական ժամանակներ է ապրում: Կարծում եմ, որ պետք է սպասել, մինչեւ իրավիճակը քաղաքական ոլորտում վերջնականապես կայունանա, երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները, սահմանադրական դաշտում գործելով, կկողմնորոշվեն ղեկավար մարմինների կազմի հարցում: Դրանից հետո կլինեն հնարավորություններ` անդրադառնալու արտաքին քաղաքականության հարցերի քննարկումներին, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Այս հարցում մենք բավականին հետեւողական ենք եւ հետ չենք կանգնում, այդ իսկ պատճառով մեր աջակցությունը կողմերին կհայտնենք նաեւ հետագայում», – հավելել է Զախարովան:

 

 

ՆԵՐՈՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով դիմած մի շարք դատապարտյալներ որոշել են այս անգամ էլ դիմում գրել նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջիններիս մտերիմները մեզ հետ զրույցում հույս հայտնեցին, որ միգուցե նորանշանակ նախագահը ի կատար ածի նախկին նախագահի որոշումները, եւ մինեւ նոր վարչապետի նշանակումը իրենք կարողանան հայտնվել ազատության մեջ: Ինչ արդյունք կտա դատապարտյալների կողմից ներման խնդրանքով նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանին դիմումներ հասցեագրելը, դժվար է ասել:

 

 

ՆԻՍՏԸ՝ ՍՈՉԻՈՒՄ
Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 14-ին Սոչիում: Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի նախապատրաստումը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: «Քննարկվել են 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հետաքրքիր է՝ Հայաստանից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ո՞վ է մասնակցելու՝ Նիկոլ Փաշինյա՞նը, երբ մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, թե՞ նախագահ Արմեն Սարգսյանը, թեեւ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում արտաքին քաղաքականության իրականացումը. դա կառավարության իրավասության հարց է, իսկ նախագահը միայն օրենքներ եւ միջպետական համաձայնագրեր վավերացնողն է:




Լրահոս