Արայիկ Հարությունյանի հայտարարության հետքերով. ինչպես են ռեկտորներն արձագանքում բուհերի ապաքաղաքականացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային առաջին իսկ օրից ձեռնամուխ է եղել ոլորտում տարիներ շարունակ առկա եւ ամենաբարձրաձայնված խնդիրների լուծմանը՝ դպրոցների դրամահավաք, բուհերի քաղաքականացվածություն:

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ եւ կրկին անդրադարձել բուհական համակարգին: Հանդիպման ժամանակ նա խոսել է ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի` մասնավորապես տարկետման իրավունքի, բուհերի կառավարման մարմինների և ուսանողական խորհուրդների ապաքաղաքականացման վերաբերյալ:

Ընդ որում, բուհերի ապաքաղաքականացվածության խնդիրը ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը նաեւ նկատի է ունեցել ռեկտորներին, որոնց մեծամասնությունը, ինչպես հայտնի է, ՀՀԿ անդամներ են: Ավելին` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ ոչ թե շարքային ՀՀԿ-ական է, այլ այդ կուսակցության խորհրդի անդամ: Արդեն «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով Արամ Սիմոնյանի քաղաքականացված լինելու մասին հարցին` Արայիկ Հարությունյանը նշել էր. «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր: Մենք ասել ենք, որ այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան, և այդ սկզբունքից չենք շեղվելու»: Նա նաեւ ակնարկել է բուհերի ռեկտորների մոտալուտ պաշտոնանկության մասին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ում դեմ Գյումրիում տեւական ժամանակ դժգոհության լուրջ ալիք էր բարձրացել:

Ինչեւէ, քանի որ իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել էր ԵՊՀ ռեկտորի անունը, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց պարոն Սիմոնյանին: ԵՊՀ ռեկտորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արայիկ Հարությունյանի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել՝ ասելով, թե չի կարծում, թե նորանշանակ նախարարն իրեն մեղադրել է: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշեց. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»: Նշենք, որ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամից, եւ վերջիններս ի պաշտոնե են հայտնվել խորհրդի կազմում: Այժմ 32 անդամներից 5-ը՝ Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արտակ Դավթյանը եւ Հովհաննես Հովսեփյանն այլեւս չեն զբաղեցնում իրենց նախկին պաշտոնները եւ չեն էլ կարող համարվել հոգաբարձուների խորհրդի անդամ:

Իսկ ահա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով եւս ՀՀԿ խորհրդի անդամ է, «Ժողովուրդ» օրաթերթ հետ զրույցում հայտարարեց, թե իր կուսակցական լինելը ոչ մի կերպ ո՛չ խանգարել եւ ո՛չ էլ օգնել է նրան: Ընդ որում, Աթոյանի համոզմամբ, նորանշանակ նախարարի՝ բուհերի ապակուսակցականացված լինելու մասին հայտարարությունները հենց ռեկտորներին այնքան էլ չեն առնչվել: «Ես էլ եմ գտնում, որ բուհերը չպետք է քաղաքականացված լինեն, դա ռեկտորների անձի հետ կապված չէ: Եթե ընդհանուր խնդիր կդրվի ռեկտորների առջև, դա ուրիշ: Օրինակ` կարող է օրենք ընդունվել, որ ռեկտորը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինել: Բայց բուհերի քաղաքականացումը չպետք է միայն ռեկտորների անձի հետ կապել», – նշեց Աթոյանը:

Նույն ռեկտորների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը խոսել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասին, որին ամեն տարի գումարներ են փոխանցվում, այդ թվում` բուհերի կողմից: «Պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»,- ասել է կրթության ու գիտության նախարարը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, այլ արդարացում չունենալով, այսպես է արձագանքել. «Ոլորտին դեռեւս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, եւ վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաեւ ՀՀ կրթության և գիտության նախարարը»։

Ընդ որում, նույն այդ հիմնադրամի կայքը պատահական զուգադիպությամբ հենց երեկվանից «թարմացվել է» ու որպես վարչապետ ներկայացված է Նիկոլ Փաշինյանը, նախարար էլ՝ Արայիկ Հարությունյանը, իսկ ահա նույն Կարեն Ավագյանը որպես ՀԵՀ-ի համակարգող է ներկայացված: Եվ որքան էլ Կարեն Ավագյանը փորձի արդարանալ, ամեն դեպքում, փաստ է, որ այս հիմնադրամը տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններից ահռելի գումարներ է ստացել: Անցյալ տարի ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 միլիոն դրամի նվիրատվություն։ Եվս 280 միլիոն դրամ ստացել է ՀՀ պետբյուջեից։ 2017թ․ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուները եղել են բուհերը.

Երևանի պետական համալսարան՝ 125 մլն դրամ,

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե՝ 100 մլն դրամ,

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ 92 մլն դրամ,

Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 80մլն դրամ,

Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ 49 մլն դրամ,

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ 48.7 մլն դրամ,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 44 մլն դրամ,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 30 մլն դրամ,

Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 15 մլն դրամ։

Եվ իսկապես, կարեւորելով կրթության ոլորտում Արայիկ Հարությունյանի ձեռնարկած միջոցները, չենք կարող չմատնանշել նաեւ թերությունների մասին: Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը եւ, առհասարակ, ՔՊ թիմը կարծես խրախուսում է խնդիրները պայքարի եղանակով լուծելը` այդպիսով նաեւ «թեւեր» տալով մյուսներին: Պատահական չէ, որ ռեկտորի հանդիպման ժամանակ Հարությունյանը կարևորել է շարժման ընթացքում կիրառված պայքարի, այդ թվում քաղաքացիական անհնազանդության գործիքների շարունակական օգտագործումը՝ որպես իրավունքների իրացման տարբերակ:

Նա նաեւ նշել էր, թե բարձր է գնահատում հատկապես պայքարող ուսանողներին՝ այսպիսով իր սերն ու հարգանքը հղելով վերջիններիս: Սակայն նման խոսքերով ուսանողների միջեւ տարբերակում դնելը, համաձայնեք, այնքան էլ ողջունելի երեույթ չէ եւ սազական չէ նախարարին: Ի վերջո, նա բոլոր ուսանողների եւ դպրոցականների նախարարն է՝ անկախ այդ անձանց քաղաքական հայացքներից: Եվ այսպիսի անզգույշ հայտարարությունները կարող են ճիշտ չընկալվել ու պարոն Հարությունյանի օգտին չլինել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս