«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՍԵՊ ԽՐԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ընթացող համաժողովրդական շարժման եւ անհրաժեշտ փոփոխությունների հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

-Պարո՛ն Արսենյան, համաժողովրդական շարժումն, ըստ Ձեզ, այս պահի դրությամբ ի՞նչ հարցեր կարողացավ լուծել:
-Ասեմ, որ այս պահին մեր երկրում ստեղծված վիճակը ես գնահատում եմ հիասքանչ, քանի որ ազատության, ըմբոստության, սեփական իրավունքների պաշտպանության համար այս ոգին, որ այս օրերին Հայաստանում թեւածում է, ամենակարեւոր էլիքսիրն է ժողովուրդների համար: Դրանից ավելի կարեւոր բան ժողովուրդները չեն ունենում: Իրենք պետք է այդ ազատության ոգին ունենան: Դրանից ավելի կարեւոր բան կարո՞ղ է լինել ժողովրդի համար..: Իսկ բամբասանքները, մնացած այլ երեւույթները, այսպես ասած` տակից խոսակցությունները, մի քանի տեսակ կարծիքները, ինֆորմացիան ու դեզինֆորմացիան նորմալ է: Բայց հիմնականն այդ ոգին է, որը բոլորիս համակել է: Կարծես այն գարնան շունչը լինի, որ տնից դուրս ես գալիս, շնչում ես եւ զգում, որ գարունը եկել է երկար ձմեռվանից հետո: Դեռ ձյունը կա, բայց գարնան շունչը կա, հիմա ձնծաղիկը կլինի: Այ, դա է երկրում հիմա տեղի ունենում:
-Իսկ ի՞նչ եք կարծում` շարժման հաջողության գլխավոր գրավականը ո՞րն էր:
-Պետք է ասեմ, որ առաջին հերթին ժողովրդի մեջ կուտակված բողոքավոր էներգիան այնքան շատ էր, որ պետք էր ընդամենը «դետոնատոր», որը դա կհաներ դուրս: Եվ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի` պետք է ասենք, որ նա հանդիսացավ այդ «դետոնատորը»: Նա կարողացավ այդ թմբիրից ազատել ժողովրդին, հատկապես ժողովրդի ամենաակտիվ մասին` երիտասարդությանը: Իսկ դա շատ դժվար էր, քանի որ երիտասարդության լայն շրջանում նկատվում էին այլ տրամադրություններ, օրինակ` իրենց կյանքը կառուցելու Հայաստանից դուրս: Իսկ Փաշինյանը կարողացավ այդ երիտասարդությանը արթնացնել, ինչը ողջունելի է:
-Այս պահին ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական դաշտում:
-Կարծում եմ, որ պետք է լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որպեսզի մենք վերջապես ունենանք մի խորհրդարան, որը ներկայացնում է ՀՀ բնակիչների իրական ցանկությունները:
-Հիմնական խնդիրներն, ըստ Ձեզ, որո՞նք են, որ պետք է լուծվեն երկրում: Արդեն իսկ խոսվում է տնտեսական դաշտում որոշակի փոփոխությունների մասին:
-Մեր քաղաքական օրակարգի առաջին հարցերը մարդկանց իրավունքներն են եւ ազատությունները, այլ ոչ թե տնտեսությունը: Կարծում եմ` տնտեսական խնդիր չէր այս իրադարձությունների առաջացումը: Իսկ տնտեսական հարցերով, կարծում եմ, կզբաղվեն այն ժամանակ, երբ ձեւավորվեն իշխանության համապատասխան մարմինները: Արդարությունը հիմնվում է մարդու իրավունքների եւ ազատությունների վրա: 20 տարի այդ իրավունքները` օրենքների եւ որոշումների տեսքով, մարդկանցից օտարված են, կաթիլ-կաթիլ օտարվել են: Հիմա պետք է մարդկանց վերադարձնել այդ իրավունքներն ու ազատությունները: Մնացածը մարդիկ կանեն. մարդիկ կշենացնեն իրենց երկիրը, կզարգացնեն տնտեսությունը, հաջողություններ կնվաճեն:
-Պարո՛ն Արսենյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու:
-Գիտեք ինչ, իմ իմացած բոլոր վարչապետները, ես համարյա բոլորին գիտեմ, հայտարարել են այդ նույն բանը, բայց չեն արել: Փաշինյանը պետք է դա անի, այդ է տարբերությունը: Ինքն այնքան մեծ վստահության քվե ունի, որ դժվար կլինի այդ վստահության քվեն չիրացնել:
-Իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ռուսաստանն առանձնապես չմիջամտեց այս շարժման ընթացքում, միայն երբեմն չեզոք հայտարարություններ էին արվում:
-Եվ շատ լավ է, որ չմիջամտեցին: Իշխանական կաբինետների պրովոկատորներին չհաջողվեց հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: Իսկ այդպիսի պրովոկատորներ կային ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Երեւանում: Դա արդեն առանձին քննարկման նյութ է: Կարծում եմ նաեւ, որ ռուսները շատ լավ դասեր են քաղել Ուկրաինայի իրադարձություններից եւ հիմա արդեն չեն ուզում կրկնել նույն բաները:
-Այս պարագայում, այսինքն, լավատեսություն ունե՞ք, որ երկրում փոփոխություններ կլինեն:
-Այո, իհարկե: Վստահ եմ, որ իսկապես երկրում դրական փոփոխություններ կլինեն:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱՐԿԱՌՈՒՆ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՏԵՂ ՉԵՆ ԳՏՆԻ

«Օրինաց երկիր» կուսակցությունը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել է ներսում լայն փոփոխություններ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջին հերթին զայրացրել է կուսակիցների անվճռական լինելը:

Բանն այն է, որ մեր տեղեկություններով` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո Արթուր Բաղդասարյանն իր թիմակիցների հետ երկու հանդիպում է ունեցել, որից մեկն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Մենք տեղեկացանք, որ մինչ Սարգսյանի հրաժարականը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամբողջ կուսակցությունից միայն մի քանի երիտասարդ է ձեռք բարձրացրել եւ ասել, որ համաձայն են միանալ շարժմանը: Մյուսները, այդ թվում կարկառուն ՕԵԿ-ականները, սուս են մնացել եւ իրենց կարծիքը չեն հայտնել:
Իսկ ահա մյուս հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել արդեն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո, ամբողջ կուսակցությունը, այդ թվում՝ հին անդամները, միահամուռ ձեռք են բարձրացրել՝ ասելով, թե պատրաստ են միանալ: Հենց այս հանգամանքն էլ խիստ զայրացրել է Արթուր Բաղդասարյանին, ով որոշել է կուսակցությունը մաքրելու գործընթաց սկսել եւ նոր անդամներով ու դեմքերով մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ինչ-որ շանսեր ունենան: Ընդ որում, խոսքն անգամ կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանին, Հովհաննես Մարգարյանին ու Մհեր Շահգելդյանին է վերաբերում:
Ի վերջո, ինչ է ակնարկել ՕԵԿ նախագահը, եւ առաջիկայում ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել կուսակցությունում: ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում հաստատեց կուսակցությունում կադրային փոփոխություններ անցկացնելու եւ ընտրություններում նոր դեմքով ներկայանալու որոշման մասին: Ընդ որում, Էդգար Առաքելյանի խոսքով` կուսակցության հայտնի ներկայացուցիչները ոչ թե հեռացվելու են կուսակցությունից, այլ պարզապես տեղ չեն գտնի նախընտրական ցուցակում:
«Առաջիկայում արտահերթ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի արմատական նոր թիմով: Դա չի նշանակում, որ կուսակցությունից մարդիկ դուրս կգան, այլ պարզապես այն մարդիկ, ովքեր կմասնակցեն ընտրություններին, նրանք կլինեն բոլորովին այլ մարդիկ եւ երիտասարդ թիմ: Արմատական փոփոխություններ են լինելու, ընդհուպ ղեկավար կազմից», – նշեց նա:
Դիտարկմանը քննարկում եղե՞լ է՝ ով է ղեկավարելու նախընտրական ցուցակը, Առաքելյանը ընդգծեց. «Արթուր Բաղդասարյանը կուսակցության ղեկավարն է՝ դրանից բխող ամբողջ դերակատարմամբ: Նման հարց չի քննարկվել, չեմ էլ կարծում, որ կքննարկվի: Արթուր Բաղդասարյանը կգլխավորի ցուցակը», – նշեց նա:
Նկատենք, սակայն, ՕԵԿ անունը վաղուց ի վեր անսկզբունքայնության, եւ քաղաքական դաշտում տիրող բոլոր բացասական իրողությունների հետ է ասոցացվում: Նրանց չօգնեց անգամ անվանափոխությունը, երբ ԱԺ ընտրություններից առաջ դարձան «Հայկական վերածնունդ», բայց չանցան խորհրդարան: Հետաքրքիր է` երիտասարդացումն ինչպես է ազդելու ՕԵԿ-ի վրա, մանավանդ, երբ ղեկավարը մնալու է նույն Արթուր Բաղդասարյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր չի մասնակցի վարչապետի ընտրության համար կազմակերպված ԱԺ հատուկ նիստին: Մեր տեղեկություններով` պատգամավորը Սոչի է մեկնել: Պատճառն այն է, որ պատգամավորը զայրացել է ՀՀԿ-ի՝ անընդհատ փոփոխվող դիրքորոշումներից. նա կուսակցության ներսում անգամ բարձրաձայնել է այդ մասին ու ասել է, որ եթե պետք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեին երկրորդ քվեարկությամբ, ապա ինչու այդպես չվարվեցին մայիսի 1-ին` քննադատության թիրախ դարձնելով իրենց ու էլ ավելի վարկաբեկելով կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Կարեն Կարապետյանի գրասենյակից, սակայն ապարդյուն: Մեզ չհաջողվեց նաեւ կապվել անձամբ Կարեն Կարապետյանի հետ. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում «Երեւան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեցնենք, այդ նստարանները քաղաքապետարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաեւ այդպես փորձել են նստարանները փրկել հնարավոր վնասումներից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ ետ են բերում տարածը: Նստարանների հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ գրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ նստարանը գնել է մոտ 165 հազար դրամով: Դե, հասկանալի է` նստարաններն ավելի էժան են, պարզապես, քաղաքապետարանն այդպես գումար է աշխատում` ատկատի ճանապարհով: Հիշեցնենք, որ, օրինակ, նախորդ տարվա համար քաղաքապետարանը գնել է 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան` ծախսելով ավելի քան 82 մլն դրամ: Իսկ այդ նստարանները նրանք գնում են միշտ նույն ընկերությունից`«Նիկոլ Դուման»-ից:

 

 

ՄՏԱՀՈԳ ՈՒ ՍՐՏՆԵՂԱԾ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը շատ մտահոգ է իր հետագա պաշտոնավարման հետ կապված: Նա նեղ շրջապատում սրտնեղել է` ասելով, որ անորոշության մեջ է. չգիտի` իրեն նոր կառավարության կազմում տեղ կտան, թե ոչ, ըստ այդմ` չգիտի` արժի՞ հրաժարականի դիմում գրել: Չի բացառվում, որ Կարայանին ժամանակավորապես պահեն կառավարության կազմում, մինչեւ ավելի հարմար թեկնածու գտնեն. նրան նման ազդակներ են հասցրել: Եւ հիմա Կարայանն այդ հույսով է: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հենց Սուրեն Կարայանի հետ, որը լսելով հարցը` զարմացած արձագանքեց. «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա: Ես ոչ ոքի հետ չեմ քննարկել իմ պաշտոնավարման հարցը»:




Լրահոս