ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԱՇՆԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: Ու եթե ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ մնա իր հայտարարությանը, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ: Բայց այսքանով ՀՀ ներքաղաքական իրադարձությունները ոչ թե կավարտվեն, այլ ընդհակառակը, առջեւում բազմաթիվ հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ այսօրվանից արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար բոլոր խնդիրները դեռ նոր են սկսվելու: Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր կառավարության ծրագրի տապալման միջոցով հետագայում հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այսինքն` ցանկանում էր, որ ԱԺ-ն քաղաքական պայմանավորվածության համաձայն` մերժի կառավարության ծրագիրը, եւ իրավունքի ուժով օրենսդիր մարմինը լուծարվի: Բայց Սահմանադրությունը մանրամասն ուսումնասիրելու դեպքում պարզվում է, որ դա էլ է ժամանակատար գործընթաց: Ու հիմա ՀՀԿ-ականները նոր ծրագրեր են մտմտում, որպեսզի որքան հնարավոր է` ավելի ուշ գնան արտահերթ ընտրությունների եւ այդ ընթացքում ժամանակը ծառայեցնեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` նրան իշխանություն վստահելուց հետո հնարավորինս վարկաբեկելու, ժողովրդի մեջ նրա նկատմամբ հիասթափություն սերմանելու համար:
ՀՀԿ-ականներն այժմ տարբեր սցենարներ են մտմտում, եւ չի բացառվում, որ նրանք ոչ միայն այսօր կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, այլեւ հավանության արժանացնեն նրա ներկայացրած կառավարության ծրագիրը, ինչ էլ որ այնտեղ գրված լինի: Եւ այդ դեպքում արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն առնվազն մեկ տարի պետք է վարչապետ աշխատի, քանի որ ըստ Սահմանադրության` վարչապետին անվստահություն կարող են հայտնել նրա ընտրվելուց մեկ տարի անց միայն: Եւ մեկ տարի անց արդեն ՀՀԿ-ն կփորձի նրան անվստահություն հայտնելու գործընթաց ծավալել: Այստեղ Սահմանադրությունը եւս հետաքրքիր կետ է սահմանում. վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ մեկտեղ պետք է միանգամից ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, եւ երբ խորհրդարանում ընդունվի անվստահության հարցը, մեխանիկորեն էլ մյուս թեկնածուն միանգամից կդառնա վարչապետ: Այսինքն` մեկ տարի անց ՀՀԿ-ականներն այս սցենարի պարագայում կրկին կարող են իշխանության գալ, առավել եւս, երբ խորհրդարանում կոճակային մեծամասնություն են լինելու (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե այս ընթացքում իրենք ընդդիմադիր են դառնալու):
Այժմ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրությունների հասնելու երկու տարբերակ է մնում, եւ դրանք երկուսն էլ կախված են ԱԺ կոճակային մեծամասնության` ՀՀԿ-ի կամքից: Առաջին տարբերակն այն է, որ կառավարության ծրագիրը մեկ անգամ չընդունվի, ապա երկու անգամ խորհրդարանում վարչապետի ընտրությունները տապալվեն, եւ Ազգային ժողովը լուծարվի: Նույն տրամաբանության մեջ մեկ այլ տարբերակն էլ այն է, որ կառավարության ծրագիրը չհաստատվի, մեկ շաբաթ անց կրկին նա ընտրվի վարչապետ, կրկին ծրագիր բերի, այն մերժեն, եւ խորհրդարանը լուծարվի: Սակայն սա այն դեպքում, երբ կառավարության ծրագիրը չհաստատվի. այդպես է նախատեսված ՀՀ Սահմանադրության 149 եւ 151 հոդվածներով:
Իսկ ինչ է նախատեսվում կառավարության ծրագրի ընդունումից հետո, եւ ինչպես կարելի է հասնել արտահերթ ընտրության: Նախ նշենք, որ այժմ նույնիսկ «Ելք» խմբակցության անդամներն են տրամաբանական համարում, որ կառավարության ծրագիրը հաստատվի, քանի որ հակառակ դեպքում ճգնաժամային իրավիճակը պահպանվելու է: Եվ ուրեմն, երկու կողմերն էլ արդեն տրամաբանական են համարում եւ պատրաստ են կառավարության ծրագրի հաստատմանը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, թե արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները պետք է ընդունելի լինեն բոլորի համար, լինի դա երեք, թե վեց ամիս հետո: Եվ այդ ընթացքում նա ցանկանում է փոփոխություններ անցկացնել նաեւ կուսակցությունների մասին օրենքում, կամ Ընտրական օրենսգրքում: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո ընտրություններն ամենաշուտը անցկացվում են վեց ամիս անց, որպեսզի կուսակցությունները հարմարվեն ու պատրաստվեն նոր խաղի կանոններին: Սակայն այդ փոփոխությունները նախաձեռնելը ու դրանց հասնելը եւս այնքան էլ հեշտ ու արագ չէ: Ի վերջո, հազիվ թե ՀՀԿ-ն կողմ լինի ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն` քաջ գիտակցելով, որ միայն դրա շնորհիվ իրենք արտահերթ ընտություններում կկարողանան հաղթահարել ԱԺ անցողիկ շեմը, հակառակ պարագայում կհայտնվեն քաղաքական լուսանցքում: Այնպես որ, ունենալով կոճակային մեծամասնություն` ՀՀԿ-ն, չի բացառվում, մերժի ԸՕ նախագիծը: Մանավանդ, երբ ԸՕ-ն, նաեւ Կուսակցությունների մասին օրենքը համարվում են սահմանադրական օրենքներ, ըստ այդմ, պետք է ձայների 3/5-ով` 63 քվեով:
Այժմ կառավարության ծրագրի ընդունումից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ ռեալ տարբերակը մնում է քաղաքական համաձայնությունը` այսինքն` ունենալով ՀՀԿ-ի աջակցությունը: Այս պահին Հանրապետական կուսակցությունը ձեռնպահ է մնում արտահերթ ընտրությունների անցկացման համար ժամկետներ նշելուց, սակայն թեկուզ վեց ամսվա ընթացքում նրանք կփորձեն ամեն կերպ սեւացնել Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիրի կեցվածքով քննադատել, որպեսզի հնարավոր ընտրությունների ժամանակ կարողանան ձայներ հավաքել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓԱ՞Յ ԵՆ ՈՒԶԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ` ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով: Ասել է, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար աջակցություն հայտնած ուժերը ցանկանում են «փայ» ունենալ ապագա կառավարությունում եւ այժմ քննարկում են, թե որ նախարարությունն ում պետք է տրվի: Սակայն երկու կուսակցություններից էլ հերքում են այս լուրերը: «Նման քննարկում չի եղել: Այդպիսի տեղեկություն ինձ հայտնի չէ: «Ծառուկյան» դաշինքն առանց նախապայմանների իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին»,- նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Դաշնակցությունը եւս հերքում է նման խոսակցությունները: «Չենք հավակնում եւ չենք պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ: ՀՅ դաշնակցության հարաբերությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քաղաքական ուժերի հարաբերություններ են, եւ մենք պատրաստ ենք կրկին աջակցել Նիկոլ Փաշինյանին: Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ասած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

 

ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԹՈՂԱԾ
Ինչպես հայտնի է` մայիսի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում ավազակային հարձակում էր իրականացվել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը դեմքը փակված, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել էր HSBC բանկ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Դանիելյանի հարձակումից: Մասնավորապես ոստիկանության գնդապետը կրակոց է արձակել դեպի առաստաղը, եւ արդյունքում պոկվել, հատակին էր ընկել ջահը: Դանիելյանը նաեւ կոնկրետ գումարի չափ է պահանջել բանկի կառավարիչից` 500 հազար դոլար: Բանկի կառավարիչն ասել է, թե իրենք այդքան կանխիկ գումար չունեն: Գնդապետը պնդել է, որ կա, ու պետք է բերի: Արդյունքում` մինչ բանկի կառավարիչը գնացել է գումարի հետեւից, բանկի պահնորդը մեջքից փորձել է բռնել ոստիկանության գնդապետին, որտեղից էլ սկսվել է ձեռնամարտը եւ ավարտվել անվտանգության աշխատակցի դանակահարությամբ. նա տեղում մահացել էր: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը բանկում բավական շատ քաղաքացիներ են եղել, եւ վերջիններս այնքան են վախեցել կատարվածից, որ բանկում են թողել իրենց փաստաթղթերը եւ հեռացել: Հիմա այդ փաստաթղթերն իրավապահների մոտ են, եւ ասում են` այս քայլով իրավապահները լուծել են վկաներ ունենալու, նրանց հեշտությամբ հարցաքննության հրավիրելու հարցը, քանի որ կոնկրետ գիտեն` ովքեր են դեպքի պահին եղել տեղում:

 

 

ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կադրային փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, ու դա պետք է անել վարչապետ ընտրվելուց հետո միայն, այնուամենայնիվ, համացանցում, մամուլի հրապարակումներում նշվում են հնարավոր փոխվարչապետի թեկնածուներ, որոնք նախկին կամ ներկա գործարարներ են: Ն. Փաշինյանն անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի թեկնածության հարցին, որ օլիգարխիան վերադառնում է իշխանության, նա նշել է. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի: Իհարկե, պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորին, վենդետաներ չեն լինի: Ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու»: Հարցին, թե մայիսի 8-ից շարունակելո՞ւ են լինել մենաշնորհներ, Ն. Փաշինյանը պատասխանել է. «Ոչ, մենաշնորհներ չեն լինի, բայց քանի որ այս պահին ես վարչապետ չեմ, ես չեմ ուզում հայտարարություններ անել»: Հարցին` կարո՞ղ են ներկրել արդեն շաքարավազ, բանան, նա պատասխանել է. «Քանի որ այս պահին վարչապետ չեմ, ես չեմ ուզում ոչ մի հայտարարություն անել, իմ վարչապետ ընտրվելու պահից` այո, պետք է հետեւենք, որ այդ հայտարարությունից հետո իրադրությունը փոխվի»:
 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնել է նոր ժամկետով Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Նշենք, որ պետության ղեկավարի պաշտոնում սա Պուտինի` արդեն չորրորդ ժամկետն է: Նրա նախորդ 2 ժամկետները տեւել են 4-ական տարի, Ռուսաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններից հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչեւ 6 տարի:

 

 

ՉԻ ԱԶԴԵԼ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազդել ՀՀԿ-ի կողմից ընդունվող որոշումների վրա: Նա հերքել է լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու ՀՀԿ որոշման վրա ազդել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ նրան չի տեսել վերջին 5 տարիներին եւ նույնիսկ հնարավորություն չի ունեցել հեռախոսով զրուցելու. «Խնդրում եմ` հանգիստ թողեք մեր նախկին նախագահներին: Նրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել մեր խմբակցության կողմից ընդունվող որոշումների վրա»,-նշել է նա:

 

 

ԹԱՆԿՅԱՆԸ ԵԿԱՎ
Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը երեկ ժամանեց Հայաստան: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե երկու շաբաթ է` չեն քնել, եւ ամբողջ Սփյուռքով հետեւել են Հայաստանում տեղի ունեցող ցույցերին: Նա նշեց, թե իշխանությունների կողմից ոչ մի հրահանգ չի եղել Հայաստան գալու կամ չգալու: Թանկյանի խոսքով` նա վատառողջ էր, եւ դա է պատճառը, որ ավելի ուշ եկավ Հայաստան: «Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ»: Փաշինյանն էլ իր հերթին նշեց, թե անձամբ Սերժ Թանկյանին չի ճանաչել, եւ առաջին անգամ են հանդիպել, սակայն մինչ այդ միշտ հեռախոսով խոսել են:




Լրահոս