ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԻ ՔՆՆԻՉՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում. դատախազները պատերազմ են հայտարարել քննիչներին: Պատճառը 2017 թվականի դատախազ եղբայրների կողմից քննիչի ծեծն է:

Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով` զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցներ:
Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի` ապացույցներ կեղծել, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Ենթադրություններ կան, որ մի խումբ անձանց վիճաբանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննիչը ապացույցներ է կեղծել, քանի որ մեղադրյալները կա՛մ նրա մտերիմներն են եղել, կա՛մ էլ քննիչը այդ քայլին գնացել է կողմերից «կլորիկ գումար» ստանալու արդյունքում:
Սակայն դատելով նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքից` վիճաբանությանը մասնակցած անձինք մտերիմ չեն եղել քննիչ Կարապետյանի հետ, եւ ոչ էլ քննիչը գումար է վերցրել:
Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` վերոնշյալ պատմությունը բավականին խորը արմատներ ունի:

Չեն մոռացել
Ինչպես հայտնի է` 2017թ. նոյեմբերի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեի` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: ՀՀ գլխավոր դատախազության դատախազներ, եղբայրներ Նարեկ Խաչատրյանը ու Հայկ Խաչատրյանը ծեծի էին ենթարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանին, իսկ ահա միջադեպը կապված էր եղել աշխատանքային տարաձայնության հետ: Միջադեպից հետո գործին խառնվեց հատուկ քննչական ծառայությունը, եւ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սակայն կարճ ժամանակ անց գործը կարճվեց:
ՀՔԾ-ն չէր հայտնել, թե ինչ հիմքով է կարճվել գործը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ասել է, որ բողոք չունի դատախազների դեմ: Իսկ ահա ՀՔԾ-ում էլ հիմք ընդունելով քննիչի ասածը` դատախազ եղբայրներից մեկի հանցակազմի բացակայության հիմքով են ազատել պատասխանատվությունից, իսկ մյուս դատախազին էլ մեղադրանք չկա:
Ի դեպ, այս դեպքը ուշագրավ էր այնքանով, որ դատախազ եղբայրները քննիչ Սուրեն Նազարյանին ծեծել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի աշխատասենյակում:
Ինչեւէ, այս պատմությունը այսպես էլ մոռացության տրվեց, իսկ ահա դատախազ եղբայրները, անկախ այն հանգամանքից, որ իրենց նկատմամբ բողոք չկա, ազատվեցին պատասխանատվությունից եւ դեռ ավելին` շարունակում են իրենց դատախազական գործունեությունը:

Պատերազմ են հայտարարել
ՀՔԾ կարճեց Կենտրոնի քննչականում քննիչի եւ դատախազների միջադեպի գործը, սակայն միջադեպի հետքերը դեռեւս շարունակվում են: Դատախազների մոտ միջադեպի հետքերը չեն սպիացել, եւ վերջիններս պատերազմ են հայտարարել նույն բաժնի քննիչների դեմ:
Բանն այն է, որ Կենտրոնի բաժնի դատախազների եւ քննիչների միջեւ թեժ խոսակցություն է եղել, մասնավորապես դատախազները քննիչներին հասկացրել են, որ ամիսներ առաջ քննիչի պատճառով դատախազները հայտնվեցին ՀՔԾ-ում, եւ հիմա էլ իրենք նույն բանը չեն կարող անել քննիչների նկատմամբ, ու այստեղից էլ սկսել է դատախազների կողմից քննիչներին հսկելու, նրանց գործի վրա բացթողումներ գտնելու գործընթացը, ինչը համակարգում լարված իրավիճակ է ստեղծել:
Առաջին հայացքից կենտրոնի դատախազների մոտեցումը կարելի էր գովելի համարել, որ վերջիններս ամեն ինչ անում են` օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, սակայն սա այդ դեպքը չէ: Ասել է, թե դատախազները արհեստական քննիչների աշխատանքի մեջ թերություններ են փնտրում, ինչի արդյունքում էլ որոշ քննիչներ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Խոսքը, մասնավորապես, Կենտրոնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանի մասին է, որին ապացույցները կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` վերջինիս գործով դատարանում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում, թե ինչ հանգամանքներում են քննիչի դեմ քաղաքացիները ցուցմունք տվել, չի բացառվում, որ դատարանում կոնկրետ դատախազների անուններ տրվեն, որոնք էլ ստիպել են քաղաքացիներին ասել, որ քննիչն է իրենց ասել` այսպես գրեք կամ այսպես արեք:

Դատախազությունը
պարզաբանում է
Ստեղծված իրավիճակի մասով պարզաբանման համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Նման տեղեկություններն առնվազն պարզունակ հերյուրանքներ են: Ինչպես ՔԿ բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Ձեր նշած բաժնի քննիչների հետ դատախազների հարաբերությունները բնական ու աշխատանքային են, եւ այդ միջադեպի հետ կապված եղած խնդիրները հարթված են, ընդ որում, դատախազների եւ քննիչների հաշտությամբ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազները, որոնք դատավարական ղեկավարում կամ հսկողություն են իրականացնում Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործերով նախաքննության նկատմամբ, գործում են իրենց իրավասությունների սահմաններում եւ օգտվում են դատախազական ներգործության` օրենքով իրենց վերապահված լիազորություններից: Բայց դա որեւէ ձեւով չի կարելի անձնավորել կամ այդ գործառույթների իրականացումը ներկայացնել բացարձակապես այլ լույսի ներքո»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին քաղաքական հայացքների համար խոշտանգման են ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել կալանավոր Էրիկ Եղինյանը եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում: Եղինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեղադրվում է նախկին կնոջը ծեծի ենթարկելու մեջ, բայց մեղքը չի ընդունում: Ինչեւէ, կալանավորը հայտնեց, որ քաղաքական իրադարձությունների հետ կապված` ինքը որոշել է քրեակատարողական հիմնարկում բողոքի ակցիա իրականացնել եւ կալանավորներին հորդորել է վանկարկել. «Նիկոլ վարչապետ, քայլ արա մերժի Սերժին»: Այս ամենի արդյունքում կալանավոր Եղինյանին ՔԿՀ ղեկավարները որոշել են պատժել. «Քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը Ցուլ անունով զոն նայողի միջոցով ճնշում գործադրեց: Ինձ խոշտանգման ենթարկեցին, ինչին չդիմանալով` ինքնասպանության փորձ կատարեցի: Իրավիճակի մասով Լոռու մարզի դատախազություն դիմեցի, սակայն մարզի դատախազ Մարտիրոսյանը հրաժարվեց իմ հաղորդումը հատուկ քննչական ծառայություն ուղարկել»:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԵՂՔԸ
Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը, եւ նա ազատ արձակվեց: Հիշեցնենք` Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ հրահրելու եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Հատկանշական է, որ երեկվա նիստին ներկա էր նաեւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչը պատահական չէ: Բանն այն է, որ մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ստորագրահավաք էին սկսել՝ Մարդու իրավունքներ Եվրոպական դատարանի գործողությունների հետ կապված. ՀՀ-ում մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորված անձանց գործերը ՄԻԵԴ-Ը որոշել է քննել առաջնահերթության կարգով, սակայն որոշումը ընդունելուց հետո քննություն չի իրականացնում, մասնավորապես չէր քննվում Անդրիաս Ղուկասյանի գործը, այս ամենին էլ զուգահեռ` ՀՀ դատական համակարգն էր ընդունել, որ Ղուկասյանի մասով սխալ որոշում է կայացրել: Դեռեւս ապրիլի 19-ին վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանից տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Անդրիաս Ղուկասյանի մասով նոր որոշում է կայացրել նրան անժամկետ կալանքի տակ վերցնելու մասին: «Մենք բողոքարկել էինք, որ դա կալանքի չափանիշներին չի համապատասխանում, եւ պետք է հիմնավորումներ ներկայացվեն: ՀՀ վերաքննիչը մեզ մերժեց, դիմեցինք ՀՀ վճռաբեկ դատարան, եւ ահա այսօր վճռաբեկ գործի վարույթը կասեցրել է պատճառաբանությամբ, որ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, որ այն նորմերը, որոնք կիրառվել են Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ, Սահմանադրությանը հակասող ճանաչեն: Ընդունեցին իրենք, որ նորմերը Սահմանադրությանը հակասում են»,- ասաց նա:

 

 

ՎԵՃ ԵՎ ՔԱՇՔՇՈՑ
Երեկ ՀՀԿ գրասենյակում թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանի միջեւ: Վեճը նույնիսկ վերածվել է քաշքշոցի: ՀՀԿ-ականների աղմուկը լսվում էր նաեւ դրսում: ՀՀԿ-ականները միմյանց քաշքշելով՝ դուրս եկան պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս տարան: Այդ ընթացքում հաջողվեց տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է: Վահրամ Բաղդասարյանը կարճ ժամանակ անց նրանց պատշգամբից ներս հրավիրեց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ասել է. «Ի՞նչ եք կարծում` իմ հետ կարո՞ղ է վիճաբանություն տեղի ունենալ: Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը: Այսքան տարի է ինձ ճանաչում եք… դժվար է ինձ հետ խոսակցություն ունենալը»:

 

 

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ Է
«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն»,- «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում` իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է: «Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը եւ ոչ ավելին»,-նշել է Լ. Մնացականյանը` ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:




Լրահոս