ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՐԱՄՓԸ ԽՈՒՍԱՓԵԼ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան իրադարձությունների ֆոնին համաշխարհային քաղաքականության հիմնահարցերն օրինաչափորեն մղվել են երկրորդ հորիզոնական, մինչդեռ աշխարհում չափազանց հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Ներկայումս ներքաղաքական յուրօրինակ դրություն է ստեղծվել Միացյալ Նահանգներում, որտեղ ռուսական հետքը քննող հատուկ դատախազն աստիճանաբար հասնում է Սպիտակ տուն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծես ստիպված է լինելու բախվել դատախազին «դեմ առ դեմ»` փրկելու համար իր պաշտոնը:

Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ԱՄՆ-ում ընթանում է հատուկ հետաքննություն` պարզելու համար նախագահ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը ռուսական շրջանակների հետ: Այդ կապակցությամբ համապատասխան քննություն էր վարում ԱՄՆ ՀԴԲ-ն, սակայն Թրամփի միջամտության եւ արդյունքում ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության հետեւանքով «կծիկն ավելի խճճվեց»` հանգելով հատուկ դատախազի նշանակմանը: Այդ հանգամանքով պայմանավորված` ռուսական հետքի շուրջ հետաքննությունը դարձավ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով գերկարեւոր հարց: Այն անխուսափելիորեն հետապնդելու է նախագահ Թրամփին իր ողջ պաշտոնավարման շրջանում եւ կաշկանդելու է նրա գործունեությունը ցանկացած պարագայում: Այդ հանգամանքը թերեւս գիտակցեց նաեւ Թրամփը` հրաժարվելով պաշտոնանկ անել հատուկ դատախազին: Քանզի այդպիսի արկածախնդրության գնալու դեպքում իր դեմ կլարեր թե՛ հասարակությանը, թե՛ իրավապահ համակարգին: Գրեթե կասկած չկա, որ հատուկ դատախազին պաշտոնանկ անելու դեպքում ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնվելու է նախագահի պաշտոնանկության գործընթացը արդարադատության խոչընդոտման հատկանիշներով: Այսօրինակ զարգացումը Թրամփին թերեւս մանրամասնորեն բացատրել էին նրա իրավաբանները, ինչը ստիպել էր նրան որոշակիորեն մեղմացնել իր հռետորիկան եւ ընդառաջ գնալ հետաքննությանը: Սակայն օրեր առաջ նախագահն ու իր նորանշանակ իրավաբանները կրկին սկսեցին ակտիվորեն հարձակվել հետաքննական մարմնի վրա` շեշտելով, որ որեւէ ռուսական հետք էլ չկա, եւ այդ ամենը, ինչ կատարվում է, անձնական հաշվեհարդար է: Թրամփը, որ ամիսներ առաջ պատրաստակամություն էր հայտնել դեմ առ դեմ զրուցելու հատուկ դատախազի հետ, այժմ կարծես ետքայլ է անում: Նման պահվածքը, սակայն, ունի իր պատճառները:
Այսպես` պարզվում է, որ հատուկ դատախազ Մյուլերը Սպիտակ տուն է ուղարկել իր հարցաշարը: Դրանում ամփոփված են այն բոլոր հարցերը, որոնք այս պահին ծագել են նախաքննական մարմնի մոտ, եւ նախագահի տված պատասխաններից է կախված հետագա ընթացքը: Ըստ էության, Մյուլերի թիմը հետաքննության շրջանակներում հասել է այն կետին, որտեղ առաջ գնալու համար հարկավոր է զրուցել անձամբ նախագահի հետ: Դատախազի հարցաշարը արդեն իսկ հրապարակվել է ամերիկյան մամուլում, եւ դրանց ընթերցանությունը հուշում է, թե ինչ ուղղությամբ է ընթանում հետաքննությունը: Դատախազը պատրաստվում է նախագահին հարցնել արդարադատությանը խոչընդոտելու, իր թիմակիցների ու ռուսական շրջանակների շփումների մասին տեղյակ լինելու, ֆինանսական մեքենայությունների մասին տեղեկություններ ունենալու մասին: Մյուլերը այնքան մանրամասն հարցեր է մշակել, որոնք ոչ միայն կաշկանդելու են Թրամփին ստելու հարցում, այլեւ կարող են զրույցի ընթացքում նրան հունից հանել: Թրամփի նոր իրավաբանները հայտնել են, որ հարցազրույցը կարող է տեւել առավելագույնը 2-3 ժամ, սակայն հազիվ թե խոսելասեր Թրամփը դիմանա գայթակղությանը ու լռի: Ավելին` Մյուլերն էլ արհեստավարժ մասնագետ է, որը երկար տարիներ եղել է ԱՄՆ ՀԴԲ տնօրենը ու քաջ գիտի նման հոգեբանության տեր անձանց ինչպես խոսեցնել: Հատկանշական է այս առումով ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի դիտարկումը, ըստ որի` Թրամփի խառնվածքը նման է մաֆիայի պարագլխին, որը բոլորից պահանջում է նվիրվածություն եւ անառարկելիորեն իրեն հնազանդում: Կարելի է չկասկածել, որ Մյուլերը նույնպես այդ եզրահանգմանն է եկել եւ Թրամփի հետ հարցազրույցին այդ մտածումով էլ պատրաստվելու է: Սակայն արդեն հարցականի տակ է Թրամփի մասնակցությունը այդ զրույցին, քանի որ այն կարող է հեշտությամբ տապալվել ու բացասական լույսի ներքո տեղավորել նախագահին: Նրա իրավաբանները սկսել են շրջանառել տեղեկություններ, թե իբր Թրամփը չափազանց զբաղված է եւ հազիվ թե ժամանակ գտնի հատուկ դատախազի համար: Սակայն դա արդարացում չի կարող լինել, քանի որ դեռ 1999 թ. ԱՄՆ Կոնգրես նույն հիմքով չներկայանալու` նախագահ Բիլ Քլինթոնի պնդումները անարժանահավատ էին հռչակվել` Գերագույն դատարանում պարտավորեցնելով նախագահին պարզաբանումներով հանդես գալ: Այնպես որ, Թրամփը հազիվ թե խուսափի անխուսափելի թվացող իրավիճակից եւ վաղ թե ուշ ստիպված է լինելու հանդիպել դատախազին: Դա կլինի կա՛մ նրա կամքով, կա՛մ Գերագույն դատարանի պարտադրանքով:
Հայաստանում նման նախադեպ չի եղել, որ դատախազը քննի գործող կամ նախկին նախագահի գործունեության որեւէ դրվագ: Թեեւ 2008թ. իշխանության բռնազավթման ու զանգվածային անկարգությունների հոդվածներով հարուցված գործով որպես հիմնական անձ նշվում էր ՀՀ առաջին նախագահի անունը, սակայն իշխանություններն այդպես էլ չհամարձակվեցին Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչել: Հետաքրքիր է, որ շինծու գործերով դատվեցին տասնյակ քաղբանտարկյալներ, սակայն 2008թ. շարժման առաջատարին հրաժարվեցին ձերբակալել: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը պատասխանատու կերպով հայտարարում էր, որ ինքն է շարժման առաջնորդը, եւ եթե որեւէ մեկը իրավական հանցանք է գործել, ապա դա արել է իր գիտությամբ: Բայց, իհարկե, իշխանությունները չէին կարող ձերբակալել նրան, քանզի ոչ միայն կխայտառակեին ամբողջ երկիրը, այլեւ առաջին հերթին իրենք կհայտնվեին ծանր կացության մեջ: Այդպիսի ակնարկ անգամ արել էր ժամանակին Սերժ Սարգսյանը ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության շրջանում էլ բացառված էր նրանց հանդեպ իրավապահների հետաքննության հնարավորությունն անգամ ի հեճուկս բազմաթիվ աղաղակող փաստերի: Սա խոսում է պետության իրավական համակարգի բացարձակ անկատարության մասին, երբ դատախազը քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում հանցագործության մասին հաղորդումներին ընթացք տալիս: Հուսանք, որ թավշյա այս հեղափոխությամբ իշխանության հովանավորության էջը առհավետ կփակվի, եւ Հայաստանում վերջապես կձեւավորվի արդարադատության այնպիսի համակարգ, որտեղ գործող նախագահին իրավական պատասխանատվության կանչելը ահուդողի չի մատնի դատախազներին, դատավորներին ու քննիչներին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-ԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԻ
Արդեն երկրորդ օրն է` Շիրակի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմը դասադուլ է անում: Նրանց պահանջն էլ չի փոխվել՝ ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հրաժարականը: «Սահակ հեռացի՛ր» վանկարկումներով մի քանի ժամ համալսարանի դիմաց պահանջը ներկայացնելուց հետո ուսանողները «գրոհել են» բուհը: «Պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում կատարեց երկրորդ անհասկանալի կառուցվածքային փոփոխություն: Առաջին փոփոխության ժամանակ մի հարվածով, իրենց դիմումների համաձայն` ազատվեց 6 ֆակուլտետի դեկաններից եւ 21 ամբիոնի վարիչներից: Նրանք աշխատակիցներ էին, ովքեր արհեստավարժ իրականացնում էին իրենց գործառույթները, աշխատակիցներ, ովքեր ընդամենը իրենց պաշտոններում վերընտրվել կամ ընտրվել էին մեկ ու կես տարի, անգամ մեկ ամիս առաջ: Պարզվեց, որ դիմումները գրել էին` խաբվելով, քանի որ Սահակ Մինասյանը հավաստիացրել էր, որ կառուցվածքային փոփոխությունից հետո իրենց իսկ տեղերն են զբաղեցնելու կամ ծայրահեղ դեպքում կառաջարկվի համարժեք նոր պաշտոն: 27 աշխատակիցների հեռացման հրամանները տալուց հետո ռեկտորը դարձավ անհասանելի բոլորի համար, քանի որ պատասխան չուներ տալու իր իսկ ստերի համար»,- ելույթի ժամանակ հայտարարել է պաշտոնից ազատված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը:
Մի քանի ժամ անց Սահակ Միանսյանը ընդունեց լրագրողներին ու հայտարարեց, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել: «Երկու տարի է՝ փորձում են ապօրինությունները հաստատել, ես շատ ավելին ունեմ ասելու, ի տարբերություն իմ ընդդմախոսների` փաստեր, թվեր կասեմ նաեւ մյուս ստուգումների ժամանակ: 15 հոգանոց խմբին, որոնք պատմություն մասնագիտությամբ են սովորում, ես այս ինտերվալում 10 անգամ ընդունել եմ, հիմա ծրագիր ունեն, մենք էլ ունենք, չէ՞, տեղեկատվություն։ Ես կարող էի` շաբաթ օրը չիջնել, ես հարկ համարեցի իջնել, տեսաք, ինչ վերաբերմունք էր։ Ինչ վերաբերում է Ֆարմանյանին, նա 5 տարի զբաղեցրել է այս պաշտոնը: Այստեղ քաղաքական ոչինչ չկա: Ես քաղաքականությամբ զբաղվում եմ իմ գրասենյակում: Ես չեմ ժառանգել այնպիսի կառույց, որտեղ ամեն ինչ կարգին էր: Կոռուպցիոն սկանդալներ այս բուհում միշտ է եղել, ի՞նչ եք ինձանից պահանջում: Հրաժարական տալ չեմ պատրաստվում տիկին Ֆարմանյանի, Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հորդորով կամ պատվերով: Դատարան կա, թող դիմեն, եթե դատարանը որոշի, որ պետք է աշխատեն, թող աշխատեն»,- ասել է ռեկտոր Ս. Մինասյանը:
ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին` կոչ անելով միջոցներ ձեռնարկել` բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է, ԲԱՅՑ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ԵՆ

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այս օրերին մի շարք որոշումներ է կայացրել իր թիմի անդամներին տարբեր երկրներ գործուղումների ուղարկելու մասին` իրականում հնարավորություն տալով նրանց ձրի ճամփորդել: Բայց հատկանշական է փաստը, որ գործուղումները նախատեսված են մայիսի 15-ից հետո: Ու սա այն դեպքում, երբ հայտնի չէ` այդ օրերին արդյո՞ք գործուղվող անձինք շարունակելու են պաշտոնավարել, թե՞ ոչ:

Չնայած սրան` կառավարության անդամները, հատկապես Կարեն Կարապետյանի թիմը, վերջին ճիգերն են անում` իշխանական արտոնություններից օգտվելու համար, փորձում են առավելագույնս հագեցած աշխատել` տարբեր երկրներ ճամփորդելով:
Օրինակ` նրանց ցանկը գլխավորում է Կարեն Կարապետյանի փեսան` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 21-23-ը նա գործուղվելու է Կոպենհագեն` մասնակցելու «Էներգաարդյունավետության համաշխարհային ֆորում 2018»-ին: Գործուղվելու «հաճույքից» հետ չի մնացել նաեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ով, ըստ լուրերի, համարվում է Կարեն Կարապետյանի հեռավոր բարեկամը: Նա մայիսի 19-26-ը կգործուղվի Փարիզ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված 86-րդ տարեկան գլխավոր նստաշրջանին մասնակցելու նպատակով: Բնականաբար, Իշխան Կարապետյանի` դեպի Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը պետական բյուջեի հաշվին է լինելու: Այս նստաշրջանից Կարապետյանը ինչ-որ բան սովորած կգա, թե ոչ, դժվար է ասել: Բայց հազիվ թե նա շարունակի պաշտոնավարել, եթե հանկարծ նոր վարչապետը որոշի ՍԱՊԾ-ում ՀՀ ՎՊ վերջին բացահայտումների շրջանակներում պատասխանատուներին` Իշխան Կարապետյանի գլխավորությամբ, պատժել: Իսկ վարչապետի թիմակից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն ու փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ մայիսի 16-18-ը կգործուղվեն Վորոնեժ, եւ կրկին` «վոյաժ-վոյաժ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս