Օրերս ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել էր մշակույթի գործիչների հետ, քննարկել ոլորտին առնչվող խնդիրներ: Արդյունքում, սակայն, որոշ արվեստագետներ, որոնք ներկա չէին քննարկմանը, դժգոհ էին մնացել, նրանք հարցրին, թե ինչու իրենց էլ չեն հրավիրել հանդիպմանը, եւ ինչ սկզբունքով են ընտրվել հրավիրված գործիչները: Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ցանկանում են հանդիպել իր հետ, ինքն էլ, բնականաբար, չի մերժել: «Այնուամենայնիվ, պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ եւ քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները»,-նշել էր նա: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է այդ հանդիպման մասնակիցներից ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ:
-Արսե՛ն, հետեւելով ուղիղ հեռարձակմանը` նկատեցինք, որ անդրադարձաք ոչ միայն մշակութային ընդհանուր քաղաքականությանն առնչվող, այլեւ մասնավոր, ոլորտային խնդիրներին, այո՞:
-Ես այդ հանդիպումից այնպիսի ազդակ ստացա, որ ապագա կառավարությունը պատրաստ է լսել մշակույթի խնդիրները եւ զբաղվել դրանցով: Ի դեպ, կցանկանայի նշել, որ ես քննարկմանը հայտնվել եմ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ ընկերներիս հրավերով եւ որեւէ ճարտարապետի չեմ ներկայացրել. ինձ ոչ ոք այդ լիազորությունը չէր տվել: Դա ուղղակի ճանաչողական հանդիպում էր. որեւէ լուրջ հարց չի քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել այդ ֆորմատով: Պարզապես հասկացա, որ եթե մենք մեր մասնագիտական համքարություններում պատրաստ ենք առաջարկություններ անել, իրենք էլ պատրաստ են դրանք լսել:
-Նիկոլ Փաշինյանը պատրաստակա՞մ էր երկխոսության: Դուք այլ պաշտոնյաների հետ եւս նախկինում հանդիպումներ եք ունեցել: Եթե համեմատեք նրանց մոտեցումները, ի՞նչ եզրահանգումների կարող եք գալ:
-Այո, այս ձեւաչափում հանդիպել եմ ՀՅԴ խմբակցության անդամների, Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի հետ, երբ վերջինս քաղաքապետ դարձավ: Կարեն Կարապետյանի հետ խոսակցության փորձն, օրինակ, շատ տհաճ էր, որովհետեւ երկխոսությունն ընդհանրապես չստացվեց: Երեւի Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ փորձեց լսել մեզ եւ առաջինն էր, որ խոստովանեց՝ դա իր բնագավառը չէ: Նա նշեց, որ ուզում է՝ այդ հարցերով զբաղվեն մասնագետները:
-Ներկաներն էլ այդ տպավորությունն ունեի՞ն:
-Չեմ կարող ասել, բայց կցանկանամ մի բանի մասին խոսել: Քննարկմանը ներկա էին ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ, որոնք երկար տարիներ հեղինակում են նախագծեր, բայց իրենց քչերն են ճանաչում: Նրանք երբեւէ պետական աջակցության, լսվելու հնարավորություն չեն ունեցել պետական ատյաններում, եւ, ամենակարեւորը, որ շեշտեցին նաեւ հանդիպման ժամանակ, չեն էլ ակնկալում որեւէ օգնություն. նրանք եկել էին զուտ այն պատճառով, որ մշակութային ընդհանուր քաղաքականության մասին խոսեին:
-Եվ վերջում՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն արվեստագետների դժգոհությանը, որոնք ներկա չէին քննարկմանը:
-Այդ դժգոհությունը տեղին չէ, որովհետեւ առաջինը արվեստագետներն իրենք պետք է հավաքվեն, ինչ-որ հարթակ գտնեն՝ միասին որոշում կայացնելու համար, հետո նոր դիմեն կառավարությանը, որպեսզի այդ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել: Հաջորդ անգամ պետք չէ, որ մեզ կանչեն. մեր մասնագիտական միավորումները պետք է կարողանան ինքնակազմակերպվել: Չէ՞ որ այս հեղափոխությունը ցանցային պայքարի արդյունք էր. մենք էլ պետք է պատրաստ լինենք ապակենտրոնացված աշխատանքի: Ինքներս պետք է կոնսեսուսի գանք եւ ինչ-որ ծրագրեր առաջարկենք: Սա է ճանապարհը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՆԵՅՏՐԱԼՆԵՐԻՆ ՉԴԱՐՁՆԵՆՔ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ»
«Հայաստանում տեղի ունեցավ թավշա, սիրո հեղափոխություն, եւ ես հորդորում եմ նեյտրալ դիրքորոշում ունեցողներին չդարձնել ազգի դավաճան: Չի կարելի վատաբանել մեկը մյուսին, վիրավորական մեկնաբանություններ եւ նամակներ գրել. ամեն մեկն իր տեսակետն ունի: Պետք է բարություն քարոզել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ կոչ անելով զսպվածություն դրսեւորել:
Նրա համոզմամբ՝ որոշակի զանգված չարացած է, բայց պետք է անմիջապես հանդարտվել եւ միանալ այն զգալիորեն մեծ զանգվածին, որը սեր եւ համերաշխություն է տարածում. «Դուրս ես գալիս փողոց եւ տեսնում ես ժպիտներ, այդպիսի դեմքեր վերջին 20 տարում չէինք տեսել»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա վստահություն հայտնեց, որ մենք ազգովի դեպի լավ կյանք ենք գնում: Դերասանը մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքերը. «21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»: «Դա աստիճանաբար իրողություն է դառնում: Հայը պետք է լավ ապրի, իսկ մենք լավ չէինք ապրում»,-մեկնաբանեց նա:
Հարցին, թե որքանով է կարեւորում շարժմանը շոուբիզնեսցիների ընդգրկված լինելը, Անդրանիկը պատասխանեց. «Չեմ ուզում շոուբիզնեսցիներին հատուկ առանձնացնել: Նրանք ժողովրդի մի մասնիկն են: Մենք տեսանք հայտնիների, որոնք շարժման սկզբից ժողովրդի հետ էին, տեսանք նաեւ այնպիսիներին, որոնք բեմ բարձրացան այն ժամանակ, երբ ամեն բան հանգուցալուծվել էր: Բայց ես նրանց էլ չեմ քննադատում. ով որ պահին հարմար գտավ, այն ժամանակ էլ միացավ: Անձամբ ես երրորդ օրվանից միացել եմ Հանրապետության հրապարակում կազմակերպվող ցույցերին, պարզապես բեմ չեմ բարձրացել»:
Անդրանիկը Նիկոլ Փաշինյանին, միանշանակ, տեսնում է վարչապետի պաշտոնում: Նրան զարմացրել է վարչապետի թեկնածուի հավասարակշիռ պահվածքը ԱԺ հատուկ նիստի շրջանակում հնչած հարցուպատասխանին. «Քիչ էր մնում՝ Փաշինյանին հարցնեին «Տիտանիկում» խորտակված բոլոր մարդկանց անուն-ազգանունները: Բայց ես հավատում եմ, որ այդ հարցին էլ նա կպատասխաներ (ծիծաղում է): Ուզում էին «խեղդամահ» անել, չստացվեց»,-եզրափակեց նա:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ` «Շիրակ» ակումբը եւ թիմի մարզիչներից Արարատ Հարությունյանը խիստ պատժի են արժանացել` ՀՖՖ-ի կողմից պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու համար: Ա. Հարությունյանին ցմահ արգելել են զբաղվել որեւէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ» ակումբին տուգանել են նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով` 7 մլն դրամ: «Որոշումն ապօրինի է եւ որեւէ փաստ չունի, որ «Շիրակ»-ը ներգրավված է եղել նման առաջարկներ կայացնելու որեւէ գործընթացում»,- նշված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ: Ի պատասխան` ՀՖՖ կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հայտարարել է. «Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետեւանքներ, եւ այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե՛ հարցի կարեւորությունը եւ թե՛ մեր որոշման առավել քան համոզված, ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի նիստը տեւել է մոտ 6 ժամ, մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել է «Բանանց» եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց»-ի ներկայիս եւ «Շիրակ»-ի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը: Արարատ Հարությունյանը հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում` կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում: Հորդորում եմ «Շիրակ» ակոմբին` շանտաժի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական գնահատականներով եւ հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթսում» ջախջախել է «Բարնլիին» «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերջին տնային խաղում (5:0): Հանդիպումից հետո «Արսենալ»-ի տնային մարզադաշտում թիմերի ֆուտբոլիստներն ու «Արսենալ»-ի երկրպագուները հրաժեշտի հուզիչ արարողություն էին կազմակերպել ֆրանսիացի մասնագետի համար, ով 22 տարի անց հեռանում է Լոնդոնից:
Այս իրադարձության մասին գրառում է կատարել նաեւ «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Վենգերի վերջին ձեռքբերումներից էր «Արսենալում»:
3-ՐԴ ՏԵՂԸ
Նախօրեին Չեխիայի Պլզեն քաղաքում կայացել է Չեխիայի 49-րդ Գրան Պրիի առաջնությունը: Հրացան ձեւի խառը թիմային պայքարի եզրափակչում Հայաստանի թիմը ներկայացնող մարզիկներ Հրաչիկ Բաբայանը (418.5) եւ Ալլա Պողոսյանը (412.2) գրավել են 3-րդ տեղը (428.4 միավոր):
Կիսաեզրափակչում հայ հրաձիգները, խոցելով 830.7 միավոր, 4-րդ հորիզոնականով էին դուրս եկել եզրափակիչ: Նշենք` ընդհանուր առմամբ Հայաստանի թիմից առաջնությանը մասնակցել է 7 հրաձիգ` հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերից: