«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար: Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի:
Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի: Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: