Ինձնից բացի եղել են նաև չորս հոգի, որոնք շեղվել են. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու այն փաստին, որ մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ում երկու պատգամավորներ առանց խմբակցության թույլտվության կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ՀՀԿ-ն մինչեւ խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկը խմբակցության նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է, որ Ֆելիքս Ցոլակյանը նկատողություն կստանա, նաեւ քննարկում են մյուս կողմ քվեարկած պատգամավորին` Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թորոսյանի հետ:

-Պարո՛ն Թորոսյան, ինչո՞ւ Դուք չեք մասնակցել երեկ մինչեւ Ազգային ժողովի նիստի մեկնարկը տեղի ունեցած խմբակցության նիստին:

-Այո՛, խմբակցության նիստ է եղել, որին ես չեմ մասնակցել, քանի որ չեմ հասցրել: Ուշ եմ տեղեկացվել դրա մասին:

-Տեղեկություններ կան, որ նիստի ժամանակ ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչել Ձեր հասցեին: ՀՀԿ-ական Ձեր գործընկերներն ասել են, որ Դուք «երկրորդ կռիսն» եք Ֆելիքս Ցոլակյանից հետո, քանի որ նախապես եղած պայմանավորվածությունը խախտել եք եւ այլ կերպ քվեարկել:

-Տեղյակ եմ, որ քննարկում եղել է, բայց այդպիսի արտահայտությունների տեղյակ չեմ: Եթե լիներ, տեղյակ կլինեի: Կարծում եմ` դա բանսարկություն է: Չեմ կարծում, որ նման արտահայտություն լիներ: Եվ բացի այդ ես ասել եմ արդեն, որ բացի նրանից, որ ես շեղվել եմ խմբակցության տեսակետից, ինձնից բացի, եղել են առնվազն 4 հոգի, որոնք շեղվել են` նրանցից երկուսը քվեարկությանը չմասնակցելով եւ երկուսը կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանին, ինչպես ես: Եվ, հետեւաբար, ես կարծում եմ, որ եթե խմբակցությունն ունի այդ խնդիրները այդ մարդկանց քվեարկության հետ կապված, ապա կարծում եմ, որ պետք է քննարկի այդ խնդիրները: Եվ այդ խնդիրների քննարկումը պետք է տեղի ունենա այդ մարդկանց ներկայությամբ: Եթե ես ներկա չեմ եղել, ապա կարծում եմ` դժվար թե որեւէ լուրջ եւ ռեալ քննարկում եղած լինի: Ինձ այդպես էլ ասել են, որ ռեալ քննարկում չի եղել, քանի որ ես ներկա չեմ եղել նիստին:

-Տեղեկություն կա նաեւ, որ առաջիկայում որոշում է կայացվելու Ձեզ խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ:

-Ես կուսակցության անդամ չեմ եւ ինձ չեն կարող կուսակցությունից հեռացնել, իսկ խմբակցությունից` ուրիշ բան: Բայց ես կարծում եմ` ՀՀԿ խմբակցությունը շատ ավելի կարեւոր գործեր ունի քննարկելու, իմ հաստատ համոզմամբ, շատ ավելի լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, քան նման հարցեր քննարկելը: Կարծում եմ, որ լուրջ կուսակցության համբավ ունեցող քաղաքական ուժը այլ հարցերի պետք է անդրադառնա: Եվ եթե պիտի անդրադառնա նաեւ այդ խնդիրներին, ապա համապատասխան մարդկանց ներկայությամբ:

-Դուք ինքներդ խնդիր տեսնո՞ւմ եք խմբակցությունից դուրս գալու հարցում:

-Իմ խնդիրը խղճի մտոք քվեարկությունն է: Դա իմ սկզբունքն է, եւ ես հայտարարել եմ, որ պետք է քվեարկեմ իմ խղճի մտոք եւ նաեւ ապագայում ու մնացած բոլոր դեպքերում այդպես եմ քվեարկելու: Դա իմ գլխավոր սկզբունքն է, որն ամենեւին էլ կապ չունի այն հարցի հետ, որ ասում են` կմնամ, թե չեմ մնա: Եթե իմ այդ սկզբունքը հարգվելու է խմբակցության կողմից, ապա խմբակցությունում իմ մնալ-չմնալու հարցն ինձ համար քննարկելի չէ: Իսկ եթե դա չի հարգվելու, այդ դեպքում արդեն խմբակցությունը կասի իր տեսակետը, ես կասեմ իմ տեսակետը, եւ մենք կփորձենք ընդհանուր հայտարարի գալ: Իմ քվեարկությունը որոշ դեպքերում կարող է համընկնել խմբակցության տեսակետի հետ, որոշ դեպքերում կարող է չհամընկնել: Եվ դա իմ մոտեցումն է: Ես առաջնորդվելու եմ խղճով, ինչպես որ նախատեսված է սահմանադրությամբ, եւ հաշվի եմ առնելու իմ հազարավոր ընտրողների տրամադրությունները:

-Եթե այլեւս ՀՀԿ խմբակցության պատգամավոր չլինեք, այլ որպես անկախ պատգամավոր աշխատեք, դա անարդար չի լինի՞ Ձեզ համար:

-Ես պատմաբան եմ եւ եթե բառը չեմ սիրում: Կարծում եմ, որ պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: Կոնկրետ ես նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Եթե դուրս գալու լինեի, մինչեւ հիմա դիմում գրած կլինեի:

-Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմից ի՞նչ առաջարկ կամ աջակցություն եք ստացել այս ամենի համատեքստում:

-Որեւէ աջակցություն ես չեմ ստացել: Եվ ասեմ, որ աջակցության առաջարկ չեմ ակնկալել, որովհետեւ ես կատարել եմ իմ քայլը` ելնելով իմ մոտեցումներից: Եվ ես որեւէ ակնկալիք չեմ ունեցել, որովհետեւ գիտեմ, որ ցանկացած քայլ ենթադրում է հետեւանք, եւ որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ ես այդպես վարվել եմ` գիտակցելով բոլոր հետեւանքները:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս