Հ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, մասնավորապես նշելով, որ վերջինիս և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ ֆոնդեր և գործեր, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ:
Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ: