Արցախցի բժիշկներն առաջին անգամ իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ:
ԱՀ առողջապահության նախարարության նպատակային աշխատանքների և Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հայազգի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի աջակցության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, երեք անգամ նման միջամտություններ են կատարվել Արցախում: Սակայն նախորդ դեպքերում դրանք իրականացվել են Արա Ուղուրլյանի կողմից՝ տեղի մասնագետների մասնակցությամբ, իսկ արդեն այս անգամ բոլոր աշխատանքները կատարել են արցախցի բժիշկները՝ սփյուռքահայ անոթաբանի անմիջական հսկողությամբ:

Մասնագետները նախապես անցկացրել են ավելի քան 31 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողներին և արդյունքում կատարվել է 16 վիրահատություն: Վիրահատական միջամտությունները իրականացվել են պետական պատվերի շրջանակներում, իսկ ստենտերը և մյուս անհրաժեշտ պարագաները տրամադրվել են բարեգործական հիմունքներով՝ անոթային վիրաբույժի կողմից:

Արա Ուղուրլյանը նշել է, որ իր նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է՝ շեշտելով, որ այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ կդառնա:
Անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկներն ընդգծել են, որ արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարման խնդիրը: Նրանք կարևորել են հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար, թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, և որին՝ դեղորայքային բուժում:
Անգիոգրաֆիկ կենտրոնի ներդրումը կարևորագույն քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում: Կենտրոնում տեղադրված գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի միջոցով են կատարվում սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվում ու բուժվում անոթային խնդիրներ ունեցողները:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն




Լրահոս