Պաշտոնապես այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան գազի ներկրման ծավալները զգալի նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 16.7 տոկոսի չափով նվազում:
Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին:
Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 3 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել է: Ասել է, թե բարենպաստ ձմեռը, որից ուրախացել էին ՀՀ քաղաքացիները, իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա: