Ինձ թվում է՝ նրանք այնքան խելամիտ են, որ կրակի վրա բենզին չեն լցնի. Եգոր Գլումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, կրթության ոլորտի խնդիրների եւ քաղաքացու հետագա անելիքների մասին զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ։

-Եգոր, ի՞նչ եք կարծում, այս փուլում Հայաստանի քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։

-Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին։ Մենք չենք կարող մեկ օրում մեր երազած երկիրը ունենալ։ Եթե կախարդական փայտիկ ունենայինք, կկարողանայինք մեր հարցերը լուծել, բայց քանի որ չունենք, պետք է համբերենք, լինենք զգոն, կարողանանք ժամանակին ճիշտ հարցադրումներ անել եւ պահանջներ ներկայացնել։

-Դուք այն հայտնիներից եք, որոնք երբեւէ չեն խուսափել արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց շատերը նախընտրեցին լռել։ Նրանց հանդեպ վերաբերմունք փոխե՞լ եք։

-Չլռելը իմ որոշումն է եղել, բայց գուցե կան մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի լավ է՝ լռեն։ Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ Պողոս առաքյալը, չեմ ուզում որեւէ մեկին դատապարտել։ Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա։ Չեմ սիրում ամպագոռգոռ խոսքեր ասողներին, որոնք ամենավճռորոշ պահերին լռում են, բայց նրանց իմ տեսակետը հայտնում եմ անձամբ, այլ կերպ քննադատելը տղամարդուն բնորոշ պահվածք չէ։

-Ըստ Ձեզ՝ սփյուռքն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի՝ որպես պետություն ամուր հողին կանգնելու գործում։

-Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, պետք է կարողանանք ստեղծել այնպիսի դրախտային երկիր, որ սփյուռքահայն իրեն այստեղ ապահով զգա։ Այդ դեպքում նա ավելի կմոտենա մեզ։ Այլապես սփյուռքահայերը հեռվից ցավում են մեզ համար, մտահոգվում են, աջակցում են, հետո հուսախաբ են լինում՝ տեսնելով, որ իրենց ուղարկած գումարները տեղ չեն հասնում։ Հարկավոր է նրանց վստահություն ներշնչել։ Նրանք պետք է հավատան, որ մենք փոխվել ենք։ Բայց մենք դեռ չենք փոխվել։ Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ մենք հանրապետական ենք, թե այլ կուսակցությունից։ Մենք հեղափոխություն արեցինք, հիմա պետք է քայլ անի մեր միջի մարդը։ Դա շատ կարեւոր է։

-Վերջերս Դուք բարձրաձայնել էիք Երեւանի թիվ 189 դպրոցին առնչվող փողերի լվացման փաստերի մասին։ Հետաքրքիր է՝ այնտեղ սովորող Ձեր երեխաների նկատմամբ դպրոցի տնօրինությունը վերաբերմունք փոխե՞լ է։

-Ո՛չ։ Ինձ թվում է՝ նրանք այնքան խելամիտ են, որ կրակի վրա բենզին չեն լցնի։ Ավագ դուստրս այս տարի կավարտի, մյուս դուստրս 9-րդ դասարան է, բայց շուտով փոխելու է դպրոցը։

-Ձեր կարծիքով ռադիո եւ հեռուստատեսային ոլորտում առաջնային ի՞նչ փոփոխությունների կարիք է զգացվում։

-Ես արդեն իսկ ուրախանում եմ՝ տեսնելով Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործելաոճը։ Իմ կոլեգաները, որոնք երկար ժամանակ հնարավորություն չունեին արտահայտվելու, հիմա արդեն ունեն։ Մնացած հեռուստաընկերություններն էլ սկսեցին ցուցադրել այն, ինչ տեղի է ունենում։

Հիմա արդեն պետք է լինել ավելի արհեստավարժ, ազնիվ, պետք չէ ամպագոռգոռ բաներ ասել։ Իհարկե, ես շատ կցանկանայի, որ սերիալներ քիչ ցուցադրեին, հատկապես չորրորդ, հինգերորդ «սորտի» երկրների սերիալների մասին է խոսքը։ Փոխարենը կցանկանայի, որ առողջ, լավ արտադրանք մատուցեին։

-Ի դեպ, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ներկայումս հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներին որպես հակակշիռ պետք է ստեղծել որակյալ արտադրանք։

-Ես համաձայն եմ այն մտքին, որ սերիալներն արգելել պետք չէ, փոխարենը հարկավոր է հակակշիռ ստեղծել, բայց դրա համար պետք են ֆինանսներ։ Այսօր, ցավոք, հեռուստաընկերությունները ֆինանսներ են հայթհայթում սերիալներն ընդմիջող գովազդների միջոցով։ Եթե կարողանանք ոսկե միջինը գտնել, որպեսզի հեռուստաընկերությունները կարողանան ե՛ւ գումար աշխատել, ե՛ւ որակյալ արտադրանք տալ, լավագույն լուծումը կլինի։

Աննա Բաբաջանյան




Լրահոս