Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում։

Գագաթաժողովի տեխնիկական հարցերի նախապատրաստման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց «Աժանս Փաբլիք» խորհրդատվական գործակալության պատվիրակության անդամներին, ովքեր պատասխանատու են գագաթաժողովի տեխնիկական հարցերի կազմակերպման համար:

Հանդիպմանը ներկա էին նաև հայաստանյան բջջային կապի օպերատորների ներկայացուցիչներ։

Ողջունելով գագաթաժողովի անցկացումը Հայաստանում՝ նախարարն ընդգծեց դրա մեծ կարևորությունը մեր երկրի և հասարակության համար։ Նա նշեց, որ նախարարությունն արդեն իսկ կատարել է որոշակի աշխատանքներ և այսուհետ ևս պատրաստակամ է ջանք չխնայել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։

Ծրագրի պատասխանատու Ֆլորան դը Շանտերան ներկայացրեց կազմակերպչական մի շարք մանրամասներ։

Նշվեց, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվող այս կարևոր միջոցառմանը ներկա կլինեն 50 երկրների ղեկավարներ և պատվիրակություններ, 800-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Գագաթաժողովը կլուսաբանվի եվրոպական, աֆրիկյան հայտնի հեռուստաընկերությունների կողմից։ Նախապատրաստական աշխատանքներում նա հատկապես կարևորեց հզոր և կայուն ինտերնետ կապի անհրաժեշտությունն ու հասանելիությունը, ինչպես նաև բարձրորակ հեռուստահեռարձակման ապահովվածությունը։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ձևավորել աշխատանքային խումբ, որը գագաթաժողովի անցկացման վայրում կուսումնասիրի տեխնիկական բոլոր հնարավորությունները և կառաջարկի կապի ապահովման առավելագույն պայմանները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս