Սույն թվականի ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:
Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:
Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք:
Հանձնաժողովը սույն թվականի մայիսի 18-ին հրապարակել է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցանկը, որն, առանձին լրատվամիջոցների լրահոսում «մատուցվել է» որպես հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկ, ինչը չի համապատասխանում իրականությանը: