Արման Սահակյանի` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո աշխատանքից ազատվել է նաեւ «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը` Ստեփան Ստեփանյանը: Նշենք, որ Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար էլ հատուկ ստորաբաժանում էր ձեւավորել: Նշված ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, եւ այս կառույցը գոյություն ունի` շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ «Հրազդան մարզահամալիր» ընկերության տնօրենն է եղել, ապա պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդականը: Մնում է հուսալ, որ նոր կառավարությունը կփակի այս ՊՈԱԿ-ը. ի վերջո, սա ՀՀ պետական գույքի կառավարման վարչության կրկնօրինակն է` ստեղծված կոնկրետ անձանց փող աշխատելու համար: