Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: ՈՒ մինչ օրենքով սահմանված ժամկետում նրա լիազորությունները կհամարվեն դադարեցված, Սիմոնյանին Երեւանի ավագանու մանդատից են զրկում:
Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով հայտնում էր «Ելք» կուսակցությունների դաշինքի` Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին:
ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի` «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը, ԱԺ կանոնակարգ-օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է.
hոդված 155. Պատգամավորի հրաժարական տալու կարգը
1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Այսինքն` նույնիսկ այս պահի դրությամբ Ալեն Սիմոնյանը դեռ համարվում է պատգամավոր, քանի որ իր դիմումից յոթ օր չի անցել, եւ նրա հրաժարականի մասին արձանագրություն չի սահմանվել: Ստեղծվել է իրավաբանորեն չհիմնավորված վիճակ, երբ անձը միեւնույն ժամանակ ստացել է պատգամավորի մանդատ՝ հանդիսանալով ավագանու անդամ, այսինքն՝ անձը երկու ընտրովի պաշտոն է զբաղեցրել միաժամանակ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր էր ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը, այսինքն՝ հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից:
Մեկ շաբաթ դարձել է պատգամավոր, հետո հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, բայց արդեն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են: Եթե նա անգամ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից, ավագանու անդամի իր լիազորությունները չեն վերականգնվում: Ստացվում է՝ այստեղ իրավաբանորեն ոչ մի խախտում չկա, պարզապես նրան` Ալեն Սիմոնյանին, հնարավորություն չի տրվել ընտրություն կատարելու:
Ալեն Սիմոնյանը պատրաստվում է ներկա գտնվել մայիսի 30-ի ավագանու նիստին. նա այդ հարցով արդեն դիմել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը իր ներկայությունը ապահովելու համար: Միաժամանակ, պատգամավորն անարգել կարող է մասնակցել ՏԻՄ մարմինների նիստերին: Այնպես որ մայիսի 30-ին ավագանիում կրկին թեժ է լինելու:
Հ. Գ. Հավելենք, որ նա այսօր ետ է վերցրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը:
Նաիրա Հովհաննիսյան