«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին օրերին ուժային կառույցներ բերման են ենթարկվում համաժողովրդական շարժման օրերին բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք, բնականաբար, այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում` ինչպես պնդում են մեր աղբյուրները, բերման են ենթարկվել ոչ միայն կոնկրետ հանցանք կատարած անձինք, այլեւ նրանց մերձավոր շրջապատը, մտերիմները:
Իրավապահները զրուցում են բերման ենթարկվածների հետ, բացատրություն պահանջում կատարած գործողությունների համար՝ փորձելով պարզել, թե կոնկրետ ում հրահանգով են գործել, ինչու, շահադիտական ինչ նկատառումներով: Ընդ որում` արդեն ուժայիններին են հյուրընկալվել նաեւ հայտնի անձինք՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի շրջապատի անձինք. չէ՞ որ հենց նրանք էին շարժման դեմ պայքարող առաջամարտիկները:
Ասում են՝ ցուցակը շարունակելի է, մանավանդ, երբ կան նաեւ կալանավորվածներ: