Մարդը, երբ ապրում է, պետք է ունենա որոշակի սկզբունքներ. որևէ մեկն ինձ որևէ բան չի ասել. Վարդան Արամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:

-Պարո՛ն Արամյան, ինչո՞վ եք պատրաստվում այժմ զբաղվել, երբ այլեւս նախարարի պաշտոնում չեք:

-Ամենայն հավանականությամբ խորհրդատվությամբ կզբաղվեմ: Իհարկե, ես ունեմ որոշակի առաջարկներ, միջազգային կառույցների հետ բանակցությունների մեջ եմ, մտածում եմ այդ ուղղությամբ: Եվ, բնականաբար, ես խոստացել եմ եւ զուգահեռաբար կփորձեմ օգտակար լինել երկրին, եթե իհարկե, իմ խորհրդի կարիքը լինի:

-Իսկ Ֆինանսների նոր նախարարն, ըստ Ձեզ, ինչպե՞ս կաշխատի:

-Ես Ատոմ Ջանջուղազյանին ճանաչում եմ վաղուց: Քաղաքական սպեկուլյացիաներից պետք է դուրս լինել, եւ հնարավորին չափ արհեստավարժ մարդիկ պետք է այնտեղ աշխատեն, որովհետեւ կարեւոր է: Եթե մի ոլորտում խնդիրներ կլինեն, Աստված մի արասցէ, կլինի ֆինանսական: Այնպես չի, որ ամբողջ աշխարհի տնտեսությունը խնդրի առջեւ է, բայց ֆինանսական կարգապահության բացակայությունը արդեն մեծացնում է հավանականությունը, որ տնտեսությունը խնդիրներ կունենա:

-Դուք ինքներդ ինչո՞ւ հրաժարական տվեցիք: Ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց, որ այդպես վարվեք:

-Դա իմ սեփական որոշումն էր: Որեւէ մեկն ինձ որեւէ բան չի ասել: Մարդիկ պետք է ընկալեն, որ մարդը, երբ ապրում է, պետք է ունենա որոշակի սկզբունքներ, որոնց լինի հավատարիմ: Եվ այդ սկզբունքների մասին ես խոսել եմ: Կարծում եմ` ես ճիշտ որոշում եմ կայացրել ամեն դեպքում:

-Իսկ ինչո՞ւ ավելի վաղ այդ որոշումը չկայացրիք, այլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող նիստից մեկ օր առաջ:

-Շատ պարզ է պատճառը. եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել, որ ֆինանսական համակարգն այնպիսին է, որ պետք է դու մշտապես լինես ղեկանիվի մոտ: Եվ քանի դեռ նոր մարդ չի եկել, որպեսզի վերցնի այդ ղեկանիվը, դու բարոյական իրավունք չունես ղեկանիվը լքելու: Եվ մինչեւ վերջին րոպեն, քանի դեռ նոր մարդ չէր նշանակվել, ես եղել եմ այդ ղեկանիվի մոտ կանգնած: Ես նույն ջանասիրությամբ, պատասխանատվությամբ շարունակել եմ իմ աշխատանքը` բանակցելով մեր գործընկերների հետ: Դա նման է մի իրավիճակի, երբ նավը հայտնվել է փոթորկոտ ծովում, նավապետն իր ամբողջ անձնակազմով պետք է չտրվի էմոցիաներին եւ պետք է գիտակցի, որ բացի իրենից եւ անձնակազմից նավի մեջ կան այլ մարդիկ: Նա չի կարող ուղղակի ասի` ես թողեցի ու գնացի: Իմիջիայլոց, միջազգային կառույցները շատ դրական են գնահատել այն, որ մենք կարողացանք ֆինանսական կայունություն ապահովել տուրբուլենտության ժամանակահատվածում, որպեսզի որեւէ ցնցում չլինի:

-Խոսեցիք նաեւ սկզբունքներից, այսինքն` եթե աշխատեիք Փաշինյանի թիմում, կստացվեր, որ դավաճանո՞ւմ եք Ձեր սկզբունքներին:

-Ոչ թե սկզբունքներն եմ դավաճանում, այլ ինչպե՞ս եք պատկերացնում. ես, լինելով ՀՀԿ անդամ, միեւնույն ժամանակ անցնում եմ այդ թիմում աշխատելու: Տարբեր որակումներ էին լինելու այդ պարագայում: Մարդիկ ասելու էին` ահա՛, տեսե՛ք` պաշտոնի համար նա մնաց: Տարբեր տեսակի բաներ կարող է լինեին: Ես առաջին հերթին իմ երկրի քաղաքացի եմ եւ ազնվությամբ եմ ասում` ցանկանում եմ, որ երբ իմ տղայի ձեռքը բռնեմ եւ դուրս գամ փողոց, այնպես չլինի, որ որեւէ մեկի մոտ կասկած լինի, որ ինչ-որ քաղաքական հարցերի մեջ կարող եմ ինչ-որ բան փոխել, մեկ դառնամ այսպիսին, մեկ` այնպիսին, մեկ էլ` երրորդ տեսակի մարդ: Դա երեւի թե իմը չէ: Խնդրում եմ, թող ինձ ներեն բոլոր այն անձինք, ովքեր իմ որոշումն այլ կերպ մեկնաբանեցին, բայց կարծում եմ` դա ճիշտ որոշում էր:

-Ընդհանուր առմամբ, Փաշինյանի կառավարության հետ հույսեր կապո՞ւմ եք:

-Ես մշտապես լավատես մարդ եմ: Եվ մեծ ցանկություն ունեմ, ամենայն անկեղծությամբ, որ անկախ նրանից` ում կառավարությունը կլինի, հաջողենք: Մենք խոսք ունենք ամբողջ աշխարհին ասելու, եւ լավ կլիներ, որ այդ խոսքը շատ բարձր հնչի ամբողջ աշխարհում:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք օգնել նախարարությանը:

-Իհարկե: Եվ ուզում եմ հնչեցնել, որ ես խնդրել եմ միջազգային ֆինանսական կառույցների բոլոր իմ գործընկերներին, որպեսզի երբեք տեմպը չգցեն: Ինչ կապ ունի` Վարդան Արամյանն է, թե ով է: Մենք ծրագիր ունենք: Ֆինանսների նախարարությունն ունի բավական լայն բարեփոխումների օրակարգ, եւ ես վստահ եմ, որ իրենք իրականացնելու են: Ատոմ Ջանջուղազյանն այնտեղ եղած թիմով, որոնք բարձր պրոֆեսիոնալներ են, իրականացնելու է դա:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս