Սահմանագոտին հատել փորձող գյուղացուն ցանկանում են տեղափոխել հոգեբուժարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 43-ամյա Գեւորգ Չոբանյանը, շապիկը որպես սպիտակ դրոշ պարզած, փորձել է հատել գյուղի սահմանագոտին, սակայն դա կանխվել է հայ սահմանապահների կողմից: 1991թ. հայրենի Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Գ. Չոբանյանը Ռուսաստանում` որոշ տեղեկություններով` Ռյազան քաղաքում, ռազմական ուսումնարան է ընդունվել: Նա երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի:

Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում: Գ. Չոբանյանի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են, նրա հայրը վաղուց Ռուսաստանում է բնակվում: Ձերբակալվելուց հետո նա սահմանապահներին ասել է, թե ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թղթեր հանձնել, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Նրա գործով զբաղվել են ԱԱԾ-ն եւ ռազմական ոստիկանությունը: Մայիսի 12-ին կամ 13-ին տղամարդը փորձել է թռչել Ղազախստան, սակայն Երեւանի օդանավակայանում պատռել է չվերթի տոմսը եւ վերադարձել գյուղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձ կատարած Գ. Չոբանյանի նկատմամբ քրգործ չի հարուցվել:

Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները հայտնեցին, որ Գ. Չոբանյանի մայրը 2 անգամ պետական մարմիններին դիմել է, որպեսզի նրան տեղափոխեն հոգեբուժարան: Սակայն մորը պատասխանել են, որ որդին Ղազախստանի քաղաքացի է, այդ հարցը ՀՀ-ում չի լուծվելու: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները մտավախություն ունեն, որ հոգեկան խնդիրներ ունեցող Գ. Չոբանյանը կարող է արտառոց արարքներ կատարել, այլ անձանց վնասել: Համագյուղացիների խոսքերով` Գ. Չոբանյանը Ղազախստանում գտնվել է հոգեբուժական հիվանդանոցում, այդ պատճառով չի ցանկանում այնտեղ վերադառնալ` վախենալով, որ իրեն կարող են հոգեբուժարան ուղարկել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս