Ինչպես է Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին մատերի վրա խաղացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Հայաստանում թե՛ սահմանադրական, թե՛ գործնական քաղաքական տեսանկյունից ստեղծվել է բացարձակ անոմալիա: Գործադիր, օրենսդիր եւ դատական համակարգերը պատկանում են միմյանց որեւէ կերպ չմոտեցող երեք բեւեռների, ինչը էականորեն ավելացնում է առճակատման հավանականությունը` տուրք տալով առնվազն մինչեւ աշուն ներհայաստանյան վայրիվերումներին։ Եվ որքան էլ զարմանալի է, իրավիճակի խաղաղ հանգուցալուծման բանալին կրկին գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում:

Ըստ էության, այսօր Հայաստանում պետական կառավարման համակարգը գտնվում է խափանված վիճակում: Դրա իրական արտահայտությունն է ինչպես խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության հռչակումը ընդդիմություն ու ԱԺ բարձրագույն պաշտոնները չզիջելը, այնպես էլ անհնազանդության ներկայիս գործողությունները, որոնք ակամայից ծառայում են բացառապես ՀՀԿ-ի շահերին: Խորհրդարանական կառավարման համակարգում այս իրադրությունը սահմանադրական իրավահարաբերությունների ու քաղաքական երեւույթների շարքում նոնսենս է, քանի որ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է, որտեղ բացակայում է հակակշռումը:

Այսժամ կառավարությունը պետք է կատարի այն, ինչ թելադրում է խորհրդարանը։ Այս առումով հարկ է հստակորեն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը ներկայիս վիճակի համար կրում է անձնական պատասխանատվություն: ՀՀ Սահմանադրությունը փոխելու ժամանակ նա պնդում էր, որ փոփոխություններով վերջնականապես լուծվելու էին ներքին ու արտաքին անվտանգության խնդիրները: Անշուշտ նա մոռացել էր մանրամասնել, որ լուծվելու էին բացառապես իր վարչապետության դեպքում, իսկ մնացած պարագաներում Հայաստանի պետակառավարման համակարգը հայտնվելու էր լիակատար քաոսի մեջ: Եվ ահա իրականության մեջ ապացուցվեցին այն բոլոր գնահատականները, որ 2015թ. Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին փաստացի ու իրավաբանորեն անփոխարինելի էր դարձնում, եւ առանց նրա պետական համակարգի նորմալ գործառնությունը խախտված կլիներ:

20 տարի շարունակ ապականելով պետական կառավարման համակարգը եւ գրեթե բոլոր կարեւոր պաշտոնները համալրելով անձնական օգտագործման ենթականերով` վերջին հարվածը հասցվեց պետությանը` այն ենթարկելով իրավական աղճատման: Հստակ է, որ այդ ամենն արվեց բացառապես մեկ անձի իշխանավարության շարունակականությունն ապահովելու համար: Եվ ահա, երբ Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանության ղեկից, նա պահպանեց իր ակտիվ դերակատարությունը ՀՀԿ-ում: Որեւէ մեկի մոտ դժվար թե կասկած առաջանա, որ առանց Սարգսյանի հրահանգների ՀՀԿ-ն ինչ-որ քայլ կարող է անել: Նույնը վերաբերում է նաեւ առանցքային այն պաշտոնյաներին, որոնք անմիջականորեն ենթակա չեն վարչապետին:

Սարգսյանի անձնական շահագրգռվածությունն է նկատվում առաջին հերթին Երեւանի քաղաքապետի, ՀՀ գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի եւ մի շարք այլ պաշտոնյաների` իրենց աթոռը չզիջելու վճռականության թիկունքում: Ավելին` նրանք այն մարդիկ չեն, որ գերապատվեն արդարադատական համակարգի անկախությունն ու հրաժարականից զերծ մնալը կարողանան հիմնավորել այդ հանգամանքով։ Ըստ էության, Հայաստանում իշխանությունը չի փոխվել դասական ճանապարհով` ընտրական գործընթացի արդյունքում, այլ հեղափոխական գործընթացների միջոցով: Ըստ այդմ` այս պաշտոնյաների համառությունը պարզ սաբոտաժ է եւ հակահեղափոխականության իսկական դրսեւորում:

Այն հնարավոր առարկությունները, թե իբր Սարգսյանը հեռացել է եւ չի կարող ազդել ՀՀԿ-ի ու վերոնշյալ պաշտոնյաների վարքագծի վրա, քննադատության չեն դիմանում: Ապացուցելու համար պնդման սնանկությունը Սարգսյանը պետք է օր առաջ հրաժարվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնից: Սակայն քանի դեռ նա է ՀՀԿ նախագահը, եւ կուսակցությունը որոշումներ է կայացնում նրա մասնակցությամբ եւ առաջնահերթորեն ղեկավարությամբ, նրա պատասխանատվության աստիճանը մազաչափ իսկ թուլացած չէ:

Այսօր Սարգսյանը ՀՀԿ-ին մատերի վրա է խաղացնում, ինչի վկայությունը մայիսի 1-ի խայտառակությունն էր եւ մայիսի 8-ի հեզությունը: Ավելին` Սարգսյանը լիովին տիրապետում է իր կողմից նշանակված բոլոր պաշտոնյաներին սանձելու լծակներին, եւ նրա խեթ հայացքն իսկ բավարար է, որ նրանք հրաժարական տան: Իրավիճակը չափազանց նուրբ է, քանի որ Սարգսյանը խաղարկում է վարչապետից անկախ բոլոր պաշտոնյաներին հերթով զոհաբերելու պատրաստակամությամբ: Նա մայիսի 1-ին հրապարակավ ոչնչացրեց ու անդառնալիորեն բարոյազրկեց սեփական կուսակցությունը, որպեսզի միայնակ չկրի հասարակության ատելության բեռը: Ի վերջո, 20 տարի այդ նույն ՀՀԿ-ականներն ու պաշտոնյաները հավասարապես օգտվել են իշխանության բռնազավթումից. ինչո՞ւ պետք է այժմ ջրից չոր դուրս գան:

Սարգսյանի ծրագիրը, սակայն, կարծես ունի առավելագույն եւ նվազագույն նպատակներ` կա՛մ հակահեղափոխության միջոցով իշխանությանը վերադարձնել իր կադրերին (սեփական անվտանգության երաշխավորներին)` հանձին Վիգեն Սարգսյանի, կա՛մ բոլորին միասնաբար վարկաբեկել ու թույլ չտալ առանձնանալ ընդհանուր պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն այսպիսով ցույց է տալիս, թե ինչպիսի իրադրություն է տիրելու երկրում առնվազն մինչեւ աշուն: Այսպիսով նաեւ հօդս են ցնդում ՀՀԿ-ի հիմնավորումները, թե իբր կուսակցության մտահոգությունը բացառապես կայունությունն է ու անվտանգությունը, քանի որ այսօրվա վարքը միմիայն խոչընդոտում է այդ կայունությանը ու վտանգավոր դարձնում իրավիճակը:

Ըստ այդմ` իրավիճակի հանգուցալուծումը կրկին գտնվում է Սերժ Սարգսյանի պահարանում, որը պետք է պարտությունը մարսելու ուժ գտնի իր մեջ: Նա ի վիճակի է սանձելու հակահեղափոխականների սաբոտաժը, ինչպես նաեւ ապահովելու իշխանության վերջնական խաղաղ փոխանցումը արտահերթ ընտրությունների միջոցով: Հակառակ դեպքում Հայաստանը կրկին կհայտնվի հեղափոխական ցունամիի հորձանուտում, եւ այս անգամ հազիվ թե հնարավոր լինի փրկվել «Ես սխալվեցի» ձեւակերպմամբ:

Ն. Հովսեփյան




Լրահոս