«Գլխավոր դատախազությունը քաղաքական հանցավոր իշխանության հանձնարարությունն է կատարել». ինչ է սպասվում Դավիթ Սանասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2017 թվականին հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար կալանավորվել էին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ավելի ուշ ՀՔԾ-ն Արմեն Մարիտրոսյանին, Դավիթ Սանասարյանին ազատ արձակեցին, սակայն վերջիններիս մասով քրեական գործը մինչ օրս ՀՔԾ-ում շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը անդրադարձավ ՀՔԾ-ում քննվող վերոնշյալ քրեական գործին` նշելով, որ այս գործով որեւէ քննչական գործողություններ չեն իրականացնում. «Ինչպես հայտնի է, 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան, մասնավորապես, ոստիկանական ուժերի ոչ համաչափ գործողությունների արդյունքում 80-90 քաղաքացիներ տուժեցին:

Այդ փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, եւ այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրեաս Ղուկասյանին: Այդ գործի շրջանակներում ես պաշտպանել եմ Անդրիաս Ղուկասյանի թիմի անդամ Դավիթ Հովաննիսյանի շահերը: Բոլորին կալանքի տակ էին վերցրել, սակայն Դավիթ Սանասարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցները փոխվեցին, հետո այդ գործից մաս անջատվեց Անդրեաս Ղուկասյանի մասով եւ ուղարկվեց դատարան: Իմ հիշատակած մյուս անձանց մասով ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է, անցել է երկու տարի, բայց ո՛չ գործը կարճել են եւ ո՛չ էլ դատարան են ուղարկել: Հիմա դատախազությունից առաջին դեմքը ասում է, թե քաղբանտարկյալներ չկան, շատ ներողություն, ի՞նչով կբացատրեք, որ այս երեք անձանց Դամոկլյան սուրը կախել են գլխներին, մեղադրանքն առաջադրված, ո՛չ գործը դատարան են ուղարկում, ո՛չ կարճում են:

Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ի՞նչի հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել , որպեսզի ահ ու սարսափի մեջ պահեն մեր հասարակությանը, որ այդ անձինք չկարողանան ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվել: Խնդրեմ, բա քաղաքակա՞ն հետապնդումներ չեն արդյոք դրանք, ո՞վ պետք է պատասխան տա: Աղավաղվել է ամեն ինչ, իրենց լիազորությունների սահմանազանցում է տեղի ունեցել, ինչո՞ւ այդ հարցը իրենց չեն տալիս եւ անամոթաբար ասում են, թե քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկա, քաղբանտարկյալներ չկան»:

Ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի` եթե դատախազությունը ցուցում տվեց կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, կատարել նախաքննություն, իրականացնող մարմինը պարտավոր է անել. «Ինչո՞ւ չեն արել, դա նշանակում է քաղաքական հանցավոր իշխանության հանձնարարությունն է կատարել գլխավոր դատախազությունը»:

Քնար Մանուկյան




Լրահոս