Ինչ էր ակնարկում Պուտինը. նոր իշխանությունները բախվելու են պատասխանատու որոշումների կայացման խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Փոմփեոյի այդ կարգավիճակում առաջին հարցազրույցի հիմնական մեխը Իրանի հետ հարաբերություններն էին: Պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի նկատմամբ լայն ու խիստ ճնշումների քաղաքականություն վարել: Ըստ էության, տարածաշրջանն առաջիկայում կդառնա հակամարտ կողմերի դիրքային պայքարի թատերաբեմ՝ դրանից բխող լուրջ հետեւանքներով:

Անդրադառնալով Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը` պետքարտուղարը նկատել է, որ դա պայմանավորված էր համաձայնագրի տապալված բնույթով: Ըստ նրա՝ համաձայնագիրը որեւէ կերպ չէր երաշխավորում ամերիկացիների անվտանգությունը այն սպառնալիքներից, որոնք հարուցվում են Իրանի կողմից: Դրա փոխարեն ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել փաստաթղթում 12 փոփոխություններ անելու առաջարկությամբ, որոնց ընդունման պարագայում կարելի կլինի կնքել նոր համաձայնագիր: Այդ նոր 12 պայմանները, ըստ էության, ենթադրում են Իրանի կապիտուլյացիա, քանի որ դրանք ոչ թե համաձայնագրի կետեր են, այլ պարզ նախապայմաններ, որոնց հետ ոչ մի պետություն չի կարող հաշտվել: Այստեղ խնդիրն անգամ այդ կետերի իրագործելիությունը չէ, այլ այն, որ Իրանը, դրանք ընդունելով, համաշխարհային մակարդակում ստորացվելու է, ինչը նման պետության համար թերեւս կործանումից էլ վատ է:

Սակայն Փոմփեոյի մշակած ու Թրամփի համաձայնությունը վայելող այս ծրագրի հիմնական ուղղությունը նույնն է, ինչ Հյուսիսային Կորեայի դեպքում: Դա անգամ չի էլ թաքցրել ԱՄՆ պետքարտուղարը՝ նշելով, որ քաղաքականությունը պայմանականորեն կրում է «Առավելագույն ճնշում» անվանումը, որն աշխատեց Հս. Կորեայի հետ հարաբերություններում: Վերջինիս շուրջ ծավալված իրադարձություններն ու ընթացիկ հանգուցալուծումը հույս են տվել ԱՄՆ ղեկավարությանը, որ կարելի է առավելագույն ճնշում կիրառել հակառակորդի նկատմամբ եւ վերջինից կորզել ցանկալին: Ըստ պետքարտուղարի՝ քանի որ դա աշխատել է Հս. Կորեայի դեպքում, կարող է հաջողություն բերել նաեւ Իրանի հարցում: Նրա համոզմամբ պետք է իրանցի գործակալներին ու Հզբոլահի հետ կապեր ունեցողներին տապալելու գործողություններ սկսել ողջ աշխարհում, ինչպես նաև ամենախիստ պատժամիջոցներով խեղդել Իրանի տնտեսությունը:

Իրավիճակի հանգուցալուծումը Փոմփեոն տեսնում է «հստակ լուծմամբ», եթե Իրանը չընդունի ամերիկյան պահանջները: Թեպետ նա չի մասնավորեցրել, թե ինչ լուծման մասին է խոսքը, սակայն, դատելով Թրամփի վարչակազմի բնույթից ու 1 տարի վարած քաղաքականությունից, բացառելի չէ անգամ ռազմական լուծումը: Ի դեպ, ռազմական լուծման կողմնակիցները այսօր բավականին բազմաքանակ են Թրամփի վարչակազմում: Դրանք այն մարդիկ են, որ 2003թ. Ջորջ Բուշ Կրտսերի օրոք ձեւավորում էին պետության արտաքին քաղաքականությունն ու հատկապես «չարիքի բեւեռների» տեսությունը:

Վերջինս աշխարհում երեք չարիք պետություններ էր նշմարում, որոնց միայն ռազմական գործիքներով էր հնարավոր սանձել՝ Հս. Կորեա, Իրան եւ Իրաք: Վերջինիս հետ ԱՄՆ ղեկավարությունը դատաստան տեսավ հայտնի գործիքակազմով՝ հերթում թողնելով Հս. Կորեային ու Իրանին: Այսօր Թրամփի վարչակազմի ամբողջ ուշադրությունը հրավիրված է հատկապես այս երկու պետությունների վրա, ինչը թույլ է տալիս կարծելու, որ առաջիկայում մտահոգիչ զարգացումներ կարող են լինել, հատկապես, որ Թրամփն աչքի է ընկնում իր ծայրահեղականությամբ, անկանխատեսելիությամբ ու անհաշվենկատությամբ:

Թեպետ Փոմփեոն համոզված է, որ իրենց քաղաքականությունը հաջողությամբ է պսակվելու, սակայն իրականությունը լրջորեն տարբերվում է նրա ցանկություններից: Նախ որեւէ երաշխիք չկա, որ այն, ինչ աշխատել է Հս. Կորեայի դեպքում, նույն արդյունքը պետք է տա Իրանի հարցում: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ Իրանը նույնպիսի մեկուսացման մեջ չէ, ունի տնտեսական մեծ ներուժ եւ այդ առումով ինքնաբավ է: Ավելին՝ եթե Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ի դեմ գործող հիմնական շահագրգիռ կողմը Չինաստանն էր, ապա Իրանի հարցում ԱՄՆ-ն է հայտնվել իրական մեկուսացման մեջ: Ռուսաստանն ու Չինաստանն արդեն իսկ հրապարակավ քննադատել են Թրամփի՝ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալու որոշումը, իսկ եվրոպական պետությունները հայտարարել են, որ, անկախ ԱՄՆ-ի դուրս գալուց, Իրանի հետ համագործակցությունը կպահպանվի:

Անգամ եվրոպական մի շարք ղեկավարներ հրապարակավ շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ նախագահին՝ Եվրոպայի աչքերը բացելու ու ԱՄՆ-ից կախվածության պատրանքները վերացնելու համար: Եվրոպան հասկացավ, որ սեփական շահերի սպասարկումը չի կարող այլեւս դնել ԱՄՆ ուսերին, ինչը նշանակում է, որ արեւմտյան միագիծ քաղաքականությունը գոնե Իրանի նկատմամբ չի շարունակվի: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հսկայական գործ էր արել` առնվազն Իրանի հարցում ապահովելով գրեթե համաշխարհային ներդաշնակություն, իսկ այժմ անգամ արեւմուտքի շրջանում է այն վերացած: Այս փաստն արձանագրել է անգամ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի պնդմամբ՝ աշխարհն այլեւս չի ընդունում, որ ԱՄՆ-ն որոշի բոլորի փոխարեն:

Իրավիճակն, այսպիսով, բավականին բարդ է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կենսական շահերը Իրանին զսպելու ու վերջնարդյունքում շարքից հանելու հարցում: Դրանք հակադրվում են Ռուսաստանի ու Չինաստանի ըմբոստությանը, եվրոպական դաշնակիցների անհամաձայնությանն ու Իրանի դիմադրական ուժեղ ռեսուրսին: Հայաստանը համաշխարհային այս խաղում բավականին նուրբ իրադրության մեջ է հայտնվել, որին պետք է չլքի շրջահայացությունը` պահպանելու սերտ ու հարեւանական հարաբերություններն իր անմիջական հարեւանի` Իրանի հետ, բայց միեւնույն ժամանակ չընդդիմանալով ԱՄՆ-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինն ակնարկեց, որ միջազգային հարթակում երկու պետությունները պետք է շարունակեն միասնական դիրքորոշում հայտնելու պրակտիկան, ինչը կարող է եւ վտանգավոր լինել ՀՀ-ի համար: Նոր իշխանությունները, արդ, բախվելու են պատասխանատու որոշումների կայացման խնդրին, որոնց հիմքում պետք է լինի շրջահայացությունը, հաշվենկատությունն ու ՀՀ-ի պետական շահը:

Ն. Հովսեփյան




Լրահոս