Դատական համակարգում դադարել են զանգերը. թավշյա հեղափոխության հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր դատական համակարգի խնդիրներին և հայտարարել, որ Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, դատավորներն այլևս պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանում եւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե այս ընթացքում իրեն զեկուցում են, որ ՀՀ-ում դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում.

«Հարց է ծագում` ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետեւ դատավորները չգիտեն ինչ անել և ինչպես վարվել, ինչո՞ւ, որովհետև, ըստ ամենայն, սովոր են գործել ըստ հրահանգների: Գաղափարներ են հնչում, որ գուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում: Ինձ համար դա կարմիր գիծ է, եւ չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հատի այդ գիծը, որովհետեւ անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան` առաջինը հնարավորություն տանք դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնել, եւ երկրորդը` փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»:

Նկատենք, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն էլ արդեն թավշյա հեղափոխության հաղթանակից հետո դատական համակարգում դադարել են զանգերը: Մասնավորապես, մի շարք դատավորներ հայտնեցին, որ նախկինում քննիչները, եթե որեւէ գործով ունեն դատարան կալանավորման միջնորդություն, ապա զանգահարել են դատավորներին եւ խնդրել արագացնել պրոցեսը, ասել, թե մնացել է երկու ժամ, որ որոշում կայացվի մեղադրյալին կալանավորելու մասով, որ եթե երկու ժամից հետո այդ որոշումը չկայացվի, ապա ինքը կկանգնի խնդրի առաջ, թե ինչու ժամանակին չի դիմել դատարան: Ասել է, թե քննիչները այս զանգով խնդրել են դատավորներին` առանց հերթագրման իրենց միջնորդության գործը առաջ գցեն, նիստ հրավիրեն եւ ենթադրյալ անձի կալանավորման որոշումը կայացնեն :

Այս քայլով դատավորները լավություն են արել այն քննիչներին, որոնք 72 ժամ չգիտես` ինչով են զբաղվել, եւ միայն վերջին րոպեներին են դիմել դատարան եւ զանգի միջոցով կարողացել հասնել նրան, որ իրենց վարույթում քննվող գործով մեղադրյալը կալանավորվի, եւ իրենք էլ վերադասների մոտ ցույց տան, որ ամեն ինչ արել են ճիշտ ժամանակին եւ օրենքով սահմանված կարգով :

Սակայն դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում որեւէ զանգ չի հնչել, եւ դատավորները ըստ հերթականության քննում են նախաքննությունը իրականացնող մարմինների կողմից տարբեր միջնորդությունները:

Քնար Մանուկյան




Լրահոս