«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օրենսդիր իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ում բավական ցավոտ են ընդունել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ԱԱԾ վերջին գործողությունները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իրենք բացահայտել են 350 հոգու, որոնց անունով բոլորովին այլ մարդիկ բիզնես են բացել եւ տարիներ շարունակ հարկեր չեն վճարել: Եւ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է. «ես ցավում եմ, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններ անելու համար, եւ պետք է` ավելի ուշ այդ հայտարարություններն անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետեւեք, եւ կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա, հայտարարության հետ կապված, իրականության հետ չի համապատասխանում»։ Իսկ հարցին, թե ԱԱԾ պետի ասածները սուտ են, Բաղդասարյանը նշել է. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո՛, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քանի դեռ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վահրամ Բաղդասարյանի մտքի ծայրով անգամ չէր անցնի ԱԱԾ-ին մեղադրել «իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ» անելու մեջ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Վ.Բաղդասարյանը բաց տեքստով ակնարկում է, որ առնվազն տեղեկություններ ունի բերման ենթարկված անձանց ու նրանց գործերի մասին: Ըստ այդմ` նա տեղեկություններ ունի եւ գիտի այս ամենի նախապատմությունը, որ ամեն ինչ եղել է նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ասել է թե, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ` հասկացնելով, որ բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի: Իսկապես, գնալով ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: