Արդեն նախկին ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Խաչիկ Ասրյանը սեփական կուսակցությունն է ստեղծում` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» անվանումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 23-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու նրանց առաջին համագումարը:
Ասրյանը երեկ հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին` նշելով, թե բոլոր հարցերին անդրադառնալու է հենց համագումարի ժամանակ: Հավելենք, որ Ասրյանը մշտապես աչքի է ընկել ազգայնական հայտարարություններով, եւ շատ հաճախ նրան շարժուձեւի, նաեւ արտահայտած մտքերի համար համեմատել են Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
Խ. Ասրյանը նախկինում մշտապես փորձել է Սերժ Սարգսյանին ցույց տալ իր անմնացորդ նվիրումը` տարիներ առաջ հայտարարելով, որ նրա հրամանով կամ հանձնարականով պատրաստ է «լինել ցանկացած տեղ՝ այդ թվում և դժոխքի դարպասների պահակ»: Պատահական չէ, որ Ասրյանը հրաժարական տվեց հենց ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: