Տուգանքների համաներումը լուրջ մտահոգություններ է առաջացրել. ինչ որոշում կկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային երթեւեկության խախատումների համար տուգանված վարորդների նկատմամբ համաներում կիրառելու նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ, դժգոհություններ է առաջացրել մի մասի մոտ, իսկ մյուս մասն էլ ոգեւորված եւ ուրախ են:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ինչի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1–ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31–ը կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները: Բայց այս հարցը դեռ մտադրությունների, նախագծերի մակարդակում է եւ իրավական տեսք չի ստացել: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքերով` այս քայլը կատարվում է թեթեւացնելու սոցիալական բեռը. «ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք ֆինանսական անհաղթահարելի հանգամանքների պատճառով չէին կարողացել 2012 թվականից առ այսօր վճարել այդ տուգանքները: Եթե այդ քաղաքացիները այդ տուգանքների չափով ունենային դրամական հաշիվ, գույք եւ անհրաժեշտ միջոցներ, ապա հարկադիր կատարման ծառայության միջոցով վարչական ակտերի կատարումը արդեն իսկ իրականցված կլինեին»:

Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Նրեկայացնենք այդ զանցանքներից մի քանիսը.

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,

– տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/

Բացի այս ՃՈ տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումը ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են. տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/, տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/ եւ այլն: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է:

Սակայն վարորդներից ոմանք պնդում են, որ տուգանքների համաներումը սխալ է: Բանն այն է, որ վարորդները առավոտից մինչեւ երեկո բողոքում են արագաչափ եւ տեսանկարահանող սարքերի կողմից նկարվելուց, բայց դարձյալ նույն խախտումն են թույլ տալիս: Եւ նման դեպքում անկարգապահ վարորդը շարունակում է նույն կերպ ավտոմեքենա վարել` հույս ունենալով, որ մի օր էլ են «ջրվելու» տուգանքները:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2012 թվականին այն քաղաքացիների համար, ում հողի եւ գույքահարկի պարտքը կուտակվել էր նախքան 2008 թվականը, այն ամբողջովին զրոյացվելու էր, սակայն սահմանափակումներով` հողի հարկի գծով` մինչեւ 2 մլն դրամ եւ գույքահարկի գծով` մինչեւ 1 մլն դրամ: Նշենք, որ գույքահարկի պարտքը 11.6 մլրդ դրամ էր կազմել, տուգանքները` 6 մլրդ դրամ: Ի դեպ, այս գումարների 60-70 տոկոսը բաժին էր ընկել գյուղաբնակներին: Բացի այս, գույքահարկի պարտքերի համաներում տեղի էր ունեցել նաեւ 1997 թվականին բոլոր անցած ժամանակների համար: Իսկ ահա 2015-ին 2012-ի հունվարի 1-ից մինչեւ 2015թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում վարչական իրավախախտում կատարած վարորդները, մինչեւ նույն տարվա հուլիսի 9-ը, վճարելով վարչական ակտով սահմանված տուգանքի մայր գումարը, ազատվեցին տուգանքի չափի ավելացած մասը եւ ԴԱՀԿ-ի կատարողական ծախսերը վճարելու պարտավորությունից:

Այդ տարիներին էլ որոշ վարորդների մոտ դժգոհությունների ալիք բարձրացավ. ովքեր մուծել էր ե՛ւ գույքահարկը, ե՛ւ տուգանքները, մտադիր էին անգամ դիմել դատարան` իրենց մուծածները հետ վերադարձնելու պահանջով: Իսկ ով չէր մուծել, շարունակեց չմուծել, ու կարծես թե դա շատերի մոտ սովորություն դարձավ. միեւնույն է, մի քանի տարի անց դարձյալ համաներում կհայտարարվի, իսկ պարտքերը կմարվեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս