«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Մասնավորապես, այս երկու գերատեսչությունները ցանկանում են օրենքի ընդունմամբ բացառել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի եւ օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: Նշենք, որ այս դրույթի կիրառման մասին բազմիցս է բարձրաձայնվել ընդդիմության կողմից, երբ կալանավորված անձը զրկվում էր տեսակցությունից: