«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այցը կապված է Վրաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի հետ: Այցի ժամանակ նաեւ հանդիպումներ են նախատեսված Վրաստանի ղեկավարության հետ: Նշենք, որ վարչապետի կարգավիճակում սա Փաշինյանի երրորդ այցն է:
Առաջին անգամ հենց նշանակվելու հաջորդ օրը Փաշինյանը Արցախում մասնակցեց Եռատոնին նվիրված միջոցառումներին, իսկ մի քանի օր անց էլ Սոչիում ներկա գտնվեց ԵԱՏՄ խորհրդի նիստին: Սա արդեն նրա երրորդ այցն է: Հավելենք, որ երեկ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է մեկնել Թբիլիսի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով մասնակցելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: