Նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը րոպեներ առաջ վճռեց ԱԱԾ-ի բացահայտած ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության երկու աշխատակիցների` գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահական ծառայության տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկու ամսով կալանավորումը:
Վերոնշյալ երկու անձանց փաստաբան Արմեն Անդրիկյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ անհիմն է համարում դատարանի որոշումը:
«Տիգրան Զոհրաբյանը կասկածվում է հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ կատարելուց խուսափելու մեջ, որը դրսեւորվում է փաստաթղթերում սխալ, խեղաթյուրված տեղեկատվություն ներառելով: Վարույթ իրականացնող մարմինը գոնե մեզ` պաշտպանական կողմին, պետք է ներկայացներ մի հաշվետվություն եւ նշեր, որ այնտեղ հնարավոր է` առկա են խեղաթյուրված փաստեր: Բայց այդպես էլ որեւէ հաշվետվություն չներկայացվեց»,- շեշտեց Անդրիկյանը:
Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: «Մեր երկրում շարունակվում է դատարանների կողմից կալանավորման խնդիրը բաց մնալ: Բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ շատ ժամանակ կալանավորումն իրականացվում է անհիմն: Դատարանները հաշվի չեն առնում պաշտպանական կողմի փաստարկները: Տվյալ գործելաոճը շարունակվում է»- ընդգծեց նա:
Նշենք, որ ենթադրվում է՝ նույն որոշումը կկայացվի նաև «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն նկատմամբ: