Ինձանից չեն վախենում. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` դիմումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով համակարգից դիմուներ գրելու արտահոսքին, ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Գրել էինք, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը, ոստիկանությունում դիմումների շարք է սկսվել: Բանն այն է, որ մի շարք վարչության պետեր ինքնակամ աշխատանքից ազատման դիմում են գրել, իսկ շատերն էլ սպասողական վիճակում են: Ավելին` երեկ մեր նախորդ համարում անդրադարձել էինք ոստիկանության զորքերում տիրող ներքին իրավիճակին: Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցները այնպիսի ռեժիմով են աշխատել, որ կարողացել են բացի զորքերում աշխատելուց իրենց ընտանիքը պահելու համար այլ մասնավոր աշխատանքներ անել:

Մեզ լուրեր հասան, որ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ուստի շատերը չեն կարողացել իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Արդյունքում, երբ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, ռեժիմը խստացրել է, եւ աշխատակիցները այլեւս չեն կարողացել մասնավոր գործով զբաղվել, եւ հիմա վերջիններս դժգոհում են, որ միայն ոստիկանության տված աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել, ուստի ավելի լավ է` դիմում գրեն, հեռանան:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությունում աշխատանքից ազատման դիմումների շուրջ մեկնաբանություն ստանալու համար զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

-Պարո՛ն Օսիպյան, ՀՀ ոստիկանությունից բոլորը հեռանում են, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում, ի՞նչն է պատճառը:

-Որտեղի՞ց են գնում:

-Գրեթե բոլոր ստորաբաժանումներից` ոստիկանության զորքեր, պահպանություն եւ այլն:

-Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

-Բայց մենք ունենք իրավիճակ, որ համակարգից հեռանում են բոլորը, անգամ դժգոհում խիստ ռեժիմից, միգուցե Ձեզանից են վախենում կամ համակարգից են հոգնել:

– Ինձանից չեն վախենում, ովքեր մնում են, ես ինքս խստապահանջ եմ, ինքս կարգ ու կանոն սիրող, կարգապահություն սիրող անձնավորություն եմ, բոլորը դա գիտեն, մի փոքր խստացնենք, բայց հավաստիացնում եմ Ձեզ` նման բան չկա: Իմ գործընկերները բոլորը գիտեն, որ մեր` ուսադիր կրողներիս աշխատանքի հիմքում կարգապահությունը պետք է լինի:

Քնար Մանուկյան




Լրահոս