«ՆորՖոլկ քոնսալթինգ»-ի տնօրենը 2 ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր` ժամը 4.00-ի սահմաններում, հրապարակվեց «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենի գործով որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը վճռեց ընկերության տնօրեն Արմեն Ունանյանին երկու ամսով կալանավորել: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ունանյանի գործով դատական նիստը սկսվել է կեսգիշերին մոտ: Այսպիսով, նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր` «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանն ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր մայիսի 25-ին:

Փաստաբան Վարազդատ Ասատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է դատարանի կայացրած որոշումից: «Պատրաստվում ենք բողոքարկել այս որոշումը»,- շեշտեց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, մինչեւ Ունանյանի գործով դատական նիստը, կայացավ նույն ընկերության երկու աշխատակիցների գործով նիստը: Կեսգիշերին մոտ հրապարակվեց վճիռը. գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահական ծառայության տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց նույնպես կիրառվեց երկամսյա կալանավորումը:




Լրահոս