Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության երեք թեւերից միայն գործադիրում արձանագրված փոփոխությունը, ըստ էության, բավարար պայման չէ երկրում լուրջ ռեֆորմներ անելու համար։ Քանի դեռ օրենսդիր եւ դատական թեւերը շարունակում են բռնազավթված մնալ նախկինների կողմից, հանրային հուզումները չեն վերանալու, իսկ կյանքը բնականոն հուն չի վերադառնալու։ Այս առումով ներկայումս խիստ հասունացած է ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության հարցը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչը առաջին հերթին հիմնավորում է արդարադատական համակարգի անկախությամբ։ Ըստ նրա՝ քաղաքական իշխանության փոփոխությունը չի կարող ինքնաբերաբար ենթադրել նաեւ դատական համակարգի ղեկավարության փոփոխություն։ Սա կարելի էր տրամաբանական համարել, եթե Հայաստանում իշխանություն փոխված լիներ ընտրությունների միջոցով: Սակայն գործադիրի ղեկավարը հրաժարական է տվել հեղափոխական գործընթացների արդյունքում, իսկ խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է վարչապետի թեկնածու առաջադրել ու աջակցել է հրապարակի թեկնածուի ընտրությանը։ Այս դեպքում այլեւս չեն կարող գործել դասական իշխանափոխության կանոնները։
Իրավիճակի շփոթի պատճառը, թերեւս, հեղափոխության առաջնորդների պարկեշտությունն է, որոնք նախընտրեցին զարգացումների սահմանադրական ճանապարհը։ Խնդիրն այն է, որ հեղափոխության պարագայում Սահմանադրությունն այլեւս չի կարող աշխատել եւ այն կա՛մ պետք է մի կողմ դրվի, կա՛մ հարմարեցվի քաղաքական իրողություններին։ Հեղափոխության առաջնորդը նախընտրեց առաջին տարբերակը, որի ուրվագծով էլ պետք է ընթանա հասարակական-քաղաքական կյանքի հետագա զարգացումը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նորմալ իրավիճակում Սահմանադրությունն է թելադրում ներպետական կյանքի զարգացումը, մինչդեռ հեղափոխական շրջափուլում այդ նույն Սահմանադրությունը կա՛մ պետք է օգտագործվի որպես գործիք ապահովելու քաղաքական վերափոխումների ընթացքը, կա՛մ արհամարհվի։ Եվ եթե այդ Սահմանադրությունը մայիսի 8-ին օգտագործվեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրելու համար, այն պետք է նույն ձեւով օգտագործվի նաեւ արդարադատական համակարգում հեղափոխության սերմերը ցանելու համար։ Այդ համատեքստում պետք է ընկալվի ինչպես Սահմանադրական դատարանի նոր դատավորի (ապա` նախագահի) ընտրությունը, այնպես էլ գլխավոր դատախազի փոփոխությունը։
Իսկ գլխավոր դատախազի փոփոխությունը սոսկ քմահաճույքի խնդիր չէ, այլ թելադրված է հեղափոխության տրամաբանությամբ ու արդարադատության հաստատման անհրաժեշտությամբ։ Դրա փաստարկը, ի դեպ, տվեց ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ գլխավոր դատախազը, երբ բացատրում էր, որ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր ապօրինի գործողությունների համար։ Դատախազն անգամ միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Սակայն հաջորդ օրը ՀՀ առաջին փոխվարչապետի միջնորդությամբ ետ էր կանչել միջնորդությունն, ու քրեական գործին ընթացք չէր տվել։ Մի՞թե այսպիսի մեկնաբանություն տվող դատախազը կարող է արդար ու անաչառ համարվել։ Ի վերջո, եթե Փաշինյանը հանցանք էր գործել, որի համար պետք է զրկվեր պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա արդյոք ճի՞շտ է աչք փակել նման հանցանքի վրա։ Արդար դատախազը պետք է պատասխաներ՝ արդյոք Ն. Փաշինյանի գործողություններում հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ։ Եթե կար, անկախ քաղաքական նպատակահարմարությունից, հանցանք գործած անձը պետք է պատասխանատվության ենթարկվեր։ Եվ այստեղ բացարձակապես կարեւոր չէ` այդ անձը դարձել է ՀՀ վարչապետ, թե պատգամավոր է կամ հասարակ քաղաքացի։ Դատախազի քրեական մեղադրանքների հարուցման ու առաջադրման հիմքում պետք է լինի բացառապես իրավական տարրը, որովհետեւ առանց քրեական օրենսգրքի փոփոխության չի կարող նույն արարքը մեկ վարչապետի ղեկավարության շրջանում ձեւակերպվել մի ձեւով, իսկ մյուս դեպքում` լիովին այլ կերպ։ Այնինչ նաև ապացուցվեց, որ այդ քրեական գործը շինծու էր` քաղաքական ենթատեքստով:
Ահա այստեղ է, որ դրսեւորվում է գլխավոր դատախազի անձնական պատասխանատավության հարցն ու անհամարժեքությունը նոր իրավիճակին։ Ինչպե՞ս կարող է Արթուր Դավթյանը համոզել, որ ապրիլի 22-ի ընկալումով ընդդիմության ցույցերը ապօրինի ու քրեածին էին, իսկ մայիսի 22-ին` ոչ։ Իրավական ինչպիսի հիմնավորումներ էլ որ բերվեն, իրադրության փոփոխության մասին որպիսի արդարացումներ էլ հնչեցվեն, դրանք ավելի անխոցելի չեն դարձնում դատախազի անձնական պատասխանատվության հարցը։ Իսկ գլխավոր դատախազը անձնական ու պաշտոնեական պատասխանատվություն է կրում իր եւ իր ղեկավարած գերատեսչության գործողություների համար։ Ինչպե՞ս կարող է քաղաքացին վստահել այն գլխավոր դատախազին ու նրա ղեկավարած կառույցին, եթե քաղաքական իրավիճակի փոփոխությամբ նույն արարքը մերթ մեկնաբանվում է ապօրինի, մերթ` ոչ։ Եթե դատախազի կարծիքը ցայսօր չի փոխվել, եւ նա ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գործողությունները շարունակում է համարել ապօրինի, ապա տարակուսելի է նրա հապաղումն ու գործին ընթացք չտալը։
Ստացվում է, որ մի դեպքում գլխավոր դատախազը վերանայում է իր կարծիքը հանցակազմի առկայության շուրջ` քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված, մյուս դեպքում կաշկանդված է ու հանցանք գործած անձանց պատժելու հարցում`անհետեւողական։ Երկու պարագաներում էլ գործող գլխավոր դատախազի պաշտոնավարումը անտրամաբանական է։ Նա չի կարող պատշաճորեն իրականացնել սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, քանի որ չի վայելում ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ հասարակության վստահությունը։ Իսկ նման պայմաններում ո՛չ դատախազը, ո՛չ էլ նրա ղեկավարած մարմինը չեն կարող արդյունավետորեն աշխատել` ժամանակ ձգելու միջոցով ընդամենը սպասելով հարկադրյալ հրաժարականին։
Ն. Հովսեփյան