Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
Նշվում է, որ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Կնեսետի խոսնակն այդ քայլին գնացել է՝ ելնելով մտավախությունից, որ պարզ չէր, թե արդյո՞ք մեծամասնությունը կողմ կլինի նախագծի ընդունմանը:
Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարիների ընթացքում Յուլի Էդելշտեյնը բազմիցս կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնն արել է նաև անցյալ շաբաթվա ընթացքում:
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության նախագծի քվեարկությունը Կնեսետի պատգամավոր Տամար Զանգբերգի առաջարկով նախատեսվում էր կազմակերպել մայիսի 30-ին: Զանգբերգը իր հերթին Էդելշտեյնին մեղադրել է քաղաքականությունը բարոյականությունից վեր դասելու մեջ: Նա նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը Կնեսետի կողմից ճիշտ քայլ կլինի, սակայն ոմանք քաղաքականությունն ավելի վեր են դասում: «Կնեսետը պետք է կատարի խոստումը, սա պատմական արդարության հարց է»,- ասել է պատգամավորը: