Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Սա, թերեւս, հետաքրքիր է առաջին հերթին նոր կառավարության ֆոնին, երբ նորանշանակ նախարարների գերակշիռ մեծամասնությունը /բացառությունը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է, որ նախկինում փոխնախարարն էր, գլխավոր գանձապետը/ առհասարակ մասնակից չեն եղել բյուջեի կատարողականին, եւ այսօր քննարկման առարկա կդառնա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կատարած աշխատանքը:
Բյուջեի կատարողականի նախագծից տեղեկանում ենք, որ 2017 թվականին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.5 տոկոս, որը զգալիորեն գերազանցել է ՀՀ պետական բյուջեի տարեկան ծրագրում նպատակադրված տնտեսական աճի 3.2 տոկոս մակարդակը: Ընդ որում` տնտեսական աճի բարձր մակարդակը ձեւավորվել է` տարվա առաջին եռամսյակից սկսած այն դեպքում, երբ 2016 թվականին ամփոփվել էր ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճի պահպանմամբ: Բյուջեի նախագծի եզրակացությունից տեղեկանում ենք, որ տնտեսական աճին նպաստել են թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին գործոնների բարենպաստ զարգացումները: Իսկ ահա գյուղատնտեսության ճյուղում գրանցվել է իրական ծավալների նվազում, որը նախորդ տարվա համեմատ ավելի ցածր է եղել:
Իսկ ահա անդրադառնալով գնաճին` նշենք, որ տարեվերջին գնաճը կազմել է 2.6 տոկոս, ինչը Կենտրոնական բանկը համարել է թույլատրելի միջակայք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 237,7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 504,8 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 267 մլրդ դրամ: Ուսումնասիրելով տվյալները` պարզեցինք, որ 2017 թվականի բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են եղել 1տրիլիոն 210մլրդ դրամ, սակայն ընթացքում փոփոխություն է եղել, եւ եկամուտները ծրագրված է եղել 1 տրիլիոն 320.8 մլրդ: Արդյունքում այն ամբողջությամբ չի ստացվել: Այդ գումարից 1 տրիլիոն 157.9 մլրդ դրամը հավաքվել է հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից, սակայն սա էլ է թերակատարված, քանի որ ճշտված պլանով ավելի մեծ գումար է նախատեսված եղել՝ 1 տրիլիոն 204.7 մլրդ դրամ:
Պաշտոնական դրամաշնորհների պարագայում կտրուկ անկում է եղել: Մասնավորապես, ճշտված պլանում նախատեսված է եղել 35.1 մլրդ դրամ, սակայն փաստացի թիվը կազմել է 14.6 մլրդ դրամ, եւ կատարվել է ընդամենը 41 տոկոսով: Այլ եկամուտները նախատեսված են եղել 80 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 65 մլն, եւ կատարողականը եղել է 80 տոկոս:
Չնայած այս ամենին` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում էր, թե իրենք բյուջեն գերակատարել են` իհարկե, նախնական ծրագրված ցուցանիշների հետ համեմատած:
Նաիրա Հովհաննիսյան