Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրված կիսապաշտպան, Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի «Instagram»-ի էջը կոտրած ադրբեջանցի հաքերները կատարյալ ձախողման են ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց «Ադրբեջանի կիբեր բանակ» հորջորջող ադրբեջանցիները, կոտրելով Սիմոնյանի էջը, հակահայկական լուսանկար և տեսանյութեր են տեղադրել, փոխել են ֆուտբոլիստի էջի նկարագրությունը, ինչպես նաև ոչ պարկեշտ արտահայտություններ գրել:
Ուշագրավ է, սակայն, որ հաքերների շրջանում գրագիտության բացակայության պատճառով ստացվել է այնպես, որ փաստացիորեն նրանց թիրախում է հայտնվել ոչ թե Հայաստանը, այլ Կոլումբիան. բանն այն է, որ տեսանյութում հայկական եռագույնը պատկերել փորձած հաքերները Հայաստանի դրոշը ներկայացրել են գլխիվայր շրջած, ինչի հետևանքով ստացվել է Կոլումբիայի դրոշը: Արդյունքում, թուրք դիպուկահարը սպանում է ոչ թե հայի, այլ կոլումբիացու:
Արտյոմ Սիմոնյանն այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում և նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին: