Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:
«Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարևոր խնդիր է և փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության և կայացված որոշումներն ի կատար ածելու հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարևորել է պետական եկամուտների ավելացումը և ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: «Դավիթ Սանասարյանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկն է: Կարծում եմ, որ այդ հեղափոխական շունչը, բառիս լավ իմաստով, պետք է նաև արտահայտվի պետական վերահսկողության ոլորտում: Ես, պարո՛ն Սանասարյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Մեր ժողովուրդը մեզնից արդյունքներ է սպասում և մենք պետք է հուսախաբ չանենք մեր գործունեության որևէ ոլորտում, որևէ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: