Ինչ փոփոխություններ կլինեն հայ-վրացական հարաբերություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով մեկնել էր Թբիլիսի ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել ինչպես Վրաստանի նախագահի, այնպես էլ վարչապետի հետ: Իսկ ահա այսօր Վրաստան է այցելել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նրա երրորդ աշխատանքային այցն է լինելու Արցախ եւ Սոչի այցելություններից հետո:

Սպասվող այցի եւ հայ-վրացական հարաբերությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

-Պարո՛ն Վասաձե, օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր այցելել Թբիլիսի, վաղն էլ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը: Ի՞նչ տպավորություն ստացաք նախագահի այցից:

-Այս այցն ավելի շատ խորհրդանշական հանդիպում էր: Երկու երկրների նախագահներն առաջին անգամ հանդիպեցին, բարի մարդիկ հանդիպեցին իրար, ոչ ավելին: Պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի այցն ու հանդիպումները: Դա արդեն այլ հարց է, եւ պետք է սպասել ավելի շատ այդ հանդիպումներին: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այցին, եւս մեկ անգամ կրկնեմ, որ նախագահները հաճելի մարդիկ են, նույնիսկ նման են իրար արտաքնապես:

-Այսինքն` առաջնային եւ գլխավոր եք համարում վա՞ղը կայանալիք այցը:

-Իհարկե, Հայաստանում եւ Վրաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվում են ավելի շատ վարչապետերը, հետեւաբար հենց այդ այցին պետք է ավելի ուշադրություն դարձնել:

-Ըստ Ձեզ` վարչապետի փոփոխությունը որքանո՞վ կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:

-Աստված չանի: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հիանալի են, ինչո՞ւ պետք է նրանք փոխվեն: Այլ հակառակը, դրանք պետք է շարունակվեն եւ ավելի ամրապնդվեն: Ես հույս ունեմ, որ իշխանությունների փոփոխությունը չպետք է հետք թողնի արտաքին քաղաքականության վրա, այդ թվում եւ հայ-վրացական հարաբերությունների: Դրանց զարգացումը պետք է շարունակվի:

-Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխությու՞ն էր:

-Գիտեք, ցանկացած տեսանկյունից դա հեղափոխություն է եւ ժողովրդի ճնշման արդյունք: Սակայն թե ով ում հետեւում է կանգնած եւ ով կարող է շահել այս մեծ խաղից, մենք դեռ դատել չենք կարող: Այդ ամենի մասին եզրակացության կարող ենք հանգել միայն արդյունքներից հետո:

-Հիմա մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ օրենսդիրում այլ ուժ է իշխում, գործադիրում` այլ: Իրավիճակը, ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Ընդհանրապես պրատիկայում այդ բոլոր հարցերը կարգավորվում են ընտրությունների միջոցով, բայց այս պարագայում իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակներ կան: Օրինակ, ընտրությունները տեղի են ունենում միայն մեկ տարի կամ էլ մի քանի տարի անց, իսկ այդ ընթացքում մեծ թվով պատգամավորներ Հանրապետական կուսակցությունից անդամագրվում են «Ելք»-ին կամ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը: Կան բազմաթիվ տարբերակներ, սակայն այստեղ հարցն այլ է, թե որ տարբերակը կարող է հանգեցնել հստակ երաշխիքի, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բարեփոխումներ իրականացնել: Ես կարծում եմ, որ այս ամենի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, Նիկոլ Փաշինյանը միգուցե իր անձնական այլ տեսակետն ունի: Միջազգային պրակտիկայում գոյություն ունի փոքրամասնության կառավարություն հասկացությունը, սակայն այդպիսի կառավարությունները երկար չեն կարողանում կառավարել, եւ այդ ամենն ավարտվում է արտահերթ ընտրությամբ, սակայն Հայաստանի պարագայում այդ ամենը մի փոքր դժվար է իրականացնել: Մնում է կա՛մ բանակցել ու համաձայնության գալ, կա՛մ էլ շարունակել աշխատել այնպես, ինչպես կա:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս