Մայիսի 28-ը պաշտոնական միջոցառման մակարդակում էր՝ կազմակերպված կոմսոմոլի միջոցառումների փորձով․ Հրանուշ Խառատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսությունը բավական քննարկվեց հայ հանրության կողմից: Շատերին հիացրել էր Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում: Փոխարենը քննադատվեց տոնահանդեսի կազմակերպման մակարդակը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նրա համոզմամբ՝ այն, ինչ տեղի ուենցավ մայիսի 28-ին, տոն չէր, չնայած որ պետականությունը մայիսի 28-ին նշելը ամրագրված է ՀՀ տոների մասին օրենքով: Տիկին Խառատյանը պնդում է՝ ակնհայտ է, որ այս միջոցառման ծրագիր-սցենարը կոմսոմոլի միջոցառումների կազմակերպիչների փորձն է շարունակել:

-Տիկին Խառատյան, Դուք նշում եք, որ մեր տոնահանդեսի մշակույթը կարող էր վերաձեւավորվել անկախ երկրի եւ նրա ազատ ժողովրդի արժեքների տրամաբանությամբ: Խնդրում եմ` մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչ բացթողումներ ունենք այս ճանապարհին:

-Դիտարկելով Հայաստանում տոնահանդեսի ներկայիս զարգացումները՝ հանգում ենք հետեւության, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ցանկի 20 տոներից եւ հիշատակի օրերից փաստացի հասարակական հնչեղություն, տոնահանդեսի կամ հիշատակման ձեւի հասարակայնորեն հայտնի կանոնակարգ ունեն գլխավորապես Ամանորը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հաղթանակի ու խաղաղության օրը, մասամբ` Կանանց տոնը, քաղաքներում՝ նույնպես մասամբ` նաեւ Ծննդյան ու Հայտնության տոնը:

Հանրապետության եւ Անկախության տոները հասարակության կողմից գործնականում չեն նշվում, եթե այդպիսին չհամարենք որոշ հուշահամալիրների մոտ տեղի ունեցող պաշտոնական արարողությունները եւ այդ օրերին վարչական մարմինների կողմից կազմակերպվող համերգները` փոքրաթիվ, գլխավորապես հրավիրված հանդիսատեսով: Բնակչության շրջանում, մեր հետազոտությունների նյութերի համաձայն, տոնացանկի մյուս միավորները հանրապետության ողջ տարածքում նշվում են իմիջիայլոց կամ առհասարակ չեն նշվում:

Շուրջ երեսուն տարի է՝ մենք «փնտրում ենք» ՀՀ պաշտոնական երկու կարեւոր քաղաքական բովանդակության տոների՝ Պետականության եւ Անկախության տոնահանդեսային կարեւոր արժեքները, ի՞նչ եւ ինչպե՞ս ենք դրանք ներկայացնում, ինչի՞ց է ուրախանում հասարակությունը, եւ ինչպե՞ս է ուրախանում, ի՞նչն է ընդունում եւ ի՞նչն է մերժում՝ տոնահանդեսի եւ տոնի ընթացքում կիրառվող ծես/արարողության միջոցով: Կարծում եմ, որ դրանք մեծ հաշվով այդպես էլ չեն գտնվել, եւ փնտրտուքն էլ գտնվում է սաղմնային վիճակում: Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսությանը ծրագրավորված էին ոչ թե տոներ՝ տոնահանդեսի մշակույթով, այլ միջացառումներ՝ փաստացի կուսակցական ինքնահաստատումով, ճառեր եւ համերգներ մինչեւ վերջ, այսինքն՝ թատրոն: Տխուր է, որ մայիսի 28-ը տոնահանդեսի մշակույթ չունի, մնում է պաշտոնական միջոցառման մակարդակում: Ակնհայտ է, որ այս միջոցառման ծրագիր-սցենարը կոմսոմոլի միջոցառումների կազմակերպիչների փորձն է շարունակել:

-Խնդրի լուծման գործում ի՞նչ դեր ունի մշակույթի նախարարությունը:

-Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը պատկերացնում է իր հետագա անելիքները: Մենք դեռ պետք է նշենք սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տոնը: Արդեն ունենք բավական փորձ հենց այս պահից քայլեր ձեռնարկելու, որպեսզի այդ օրը իսկապես վերածենք տոնի:
Հավելենք՝ մի շարք արվեստագետներ նկատել էին, որ մայիսի 28-ի շքերթը նոր Հայաստանին դեմ էր եւ ոչ մի կապ չուներ Նիկոլ Փաշինյանի ասելիքի հետ: Դժգոհություններ հնչեցին նաեւ միջոցառման ընթացքում գրանցված տեխնիկական խոտանների եւ նվագախմբի ցածրակարգ կատարումների շուրջ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս