Ժողովրդական դեղատոմսեր` լնդերի հիվանդությունները բուժելու համար. ինչպես գեղեցիկ ժպիտ ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լնդերի կամ պարոդոնտի հիվանդությունների դեմ ժողովրդական դեղամիջոցները ներառում են բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան, խոզանակով և թելով ատամները մաքրելը, մեխակի, անանուխի, հակամանրէային հեղուկներով բերանի ողողումը, լնդերի մերսումը և ծխելը թողնելը:

Առողջ լնդերը կարևոր դեր են խաղում ոչ միայն ատամների, այլև ամբողջ առողջության համար: Լնդերի հիվանդությունը կարող է առաջացնել քոր, կարմրություն և լնդերի բորբոքում, որը շատ տհաճ երևույթ է: Շատ կարևոր է կանոնավորապես հետևել լնդերի և ատամների առողջությանը: Ժողովրդական այս դեղամիջոցները կօգնեն կանխարգելել լնդերի հիվանդությունները և թեթևացնել լնդերի ինֆեկցիայից առաջացած ցավերը:

Լնդերի հիվանդություններ

Լնդերի հիվանդությունները լինում են երկու տեսակի` գինգիվիտ և պարոդոնտոզ: Եթե այս հիվանդությունները ժամանակին չբուժվեն, ապա մեծ վնաս կհասցնեն ոսկրին և փափուկ հյուսվածքին, որոնք պաշտպանում են մեր ատամները: Գինգիվիտն այցելում է այն մարդկանց, ովքեր բավարար չափով ուշադրություն չեն դարձնում բերանի խոռոչի հիգիենային: Մյուս կողմից՝ եթե գինգիվիտը չի բուժվում ժամանակին, դրա հետևանքով առաջանում է պարոդոնտոզ: Լնդերի հիվանդության հիմնական պատճառը բակտերիալ փառն է, որն անգույն է և հեշտությամբ կպչում է ատամներին: Պարոդոնտոզը ավելի հաճախ է հանդիպում մարդկանց մոտ, քան գինգիվիտը: Բակտերիալ փառն առաջանում է բակտերիայից, որը միախառնվում է լորձին և բերանում առկա այլ քիմիական տարրերին: Եթե այդ փառը երկար ժամանակ մնում է ատամների վրա, առաջացնում է ատամնաքար: Լնդերի հիվանդությունների մեծ մասն ի հայտ է գալիս 30 կամ 40 տարեկանում:

Արդեն նշեցինք, որ լնդերի հիվանդությունների հիմնական պատճառը բակտերիալ փառն է, սակայն գոյություն ունեն նաև այլ պատճառներ, որոնցից են.

Բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենա: Եթե ատամները կանոնավորապես խոզանակով և ատամի թելով չմաքրեք, ապա լնդերի հիվանդությունների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Ատամի խոզանակը սխալ օգտագործելու տեխնիկա: Մարդիկ երբեմն ատամները առողջ պահելու մտքով տարված՝ շատ կոպիտ ձևով են մաքրում ատամները: Խոզանակի այս առույգ և կոպիտ օգտագործումը կարող է վնասել լնդերը, քանի որ դրանք նուրբ են և զգայուն: Մեզանից շատերը, ովքեր օգտագործում են խոզանակը ատամների առջևի և հետևի մասը մաքրելու համար, երբեմն շատ կոպիտ շարժումներ են անում, որն էլ հեռացնում է ատամները լնդերից կամ նպաստում լնդերի արնահոսելուն:

Ստոմատիտ կամ բերանի խոց: Բերանի խոցը կարող է առաջանալ բերանի ցանկացած հատվածում. շատ անգամ դրանք առաջանում են լնդերի վրա: Դրանք կարմիր գույնի են և ունեն սպիտակ ծայրեր: Ստոմատիտը կարող է ունենալ վիրուսային կամ բակտերիալ ծագում: Ստոմատիտը կարող է ավելի վատթարացնել ինֆեկցիան:

Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի տհաճ հետևանքներ կարող են լինել այտուցված և արնահոսող լնդերը: Այն մարդկանց մոտ, ովքեր դիմում են քիմիաթերապիայի, առաջնում է ստոմատիտ, որն էլ իր հերթին՝ հանգեցնում է բերանում և լնդերի մակերեսին խոցի առաջացմանը:

Հորմոններ: Լնդերի հիվանդություններն առաջանում են նաև սեռական հասունացման, դաշտանի, կլիմաքսի և հղիության ընթացքում: Սեռական հասունացման ընթացքում արյան հոսքը դեպի լնդեր ավելի է շատանում, որն էլ դրանք դարձնում է զգայուն, կարմիր և այտուցված: Լնդերի նման խնդիրներ առաջանում են, երբ սկսվում է դաշտանը: Գինգիվիտը սկսվում է հղիության երկրորդ կամ երրորդ ամսում և շարունակվում մինչև ութերորդ ամիսը:

 Ծխախոտ և ծխել: Ծխելու հետևանքով առաջանում է գինգիվիտ և պարոդոնտոզ: Հիշեցնենք, որ ծխելը վատ է անդրադառնում նաև ոսկորների ամրության վրա:

Այլ պատճառներ: Լնդերի հիվանդությունները կարող են զարգանալ շաքարախտի հետևանքով կամ փոխանցվել ժառանգաբար:

Լնդերի հիվանդությունների նախանշանները: Լնդերի հիվանդությունների նախանշաններից են այտուցված, կարմիր, զգայուն, արնահոսող և ատամներից հեռացված լնդերը: Հնարավոր է նաև՝ ծամելու ընթացքում ցավ առաջանա լնդերում, իսկ ատամները կորցնեն ամրությունը և դառնան զգայուն սառի և տաքի նկատմամբ:

Ժողովրդական դեղատոմսեր լնդերի հիվանդությունների դեմ

Ատամները խոզանակով մաքրելը: Ըստ NIDCR-ի՝ օրը երկու անգամ պետք է ատամի խոզանակով լվանալ ատամները: Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի ատամի մածուկ, որը պարունակում է ֆտոր, կրճատում է ատամնափառը, կանխում է գինգիվիտի զարգացումը: Պետք է ուշադիր խոզանակով մաքրել ատամների և լնդերի միացման եզրագիծը, քանի որ այդտեղ է մեծ մասամբ առաջանում բակտերիալ փառը, անհրաժեշտ է ատամները լվանալուն հատկացնել 30-60 վայրկյան:

Ատամնաթելի օգտագործումը: Եթե ուտելուց հետո օգտագործեք ատամնաթել, ապա կկանխեք գինգիվիտի զարգացումը, քանի որ ատամնաթելը կարողանում է մաքրել խոզանակի համար անհասանելի տեղերը:

Մաքրել լեզուն: Լեզուն մաքրելը նույնքան կարևոր է, որքան ատամները լվանալը: Բակտերիալ փառն առաջանում է նաև լեզվի վրա: Խորհուրդ է տրվում սնունդ ընդունելուց հետո 5-10 անգամ խոզանակի գլխիկի ետևի մասով մաքրել լեզուն` հիմքից դեպի ծայրը: Նման գործողությունը հեռացնում է բակտերիաները լեզվի վրայից, որն էլ թույլ չի տալիս, որ ատամնափառ առաջանա:

Օգտագործեք բերանի խոռոչի հակաբակտերիալ հեղուկներ:

Հակամիկրոբային բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները կանխում են գինգիվիտը և բակտերիալ փառը: Առաջին հերթին՝ անհրաժեշտ է դիմել ատամնաբույժին, որպեսզի նա ճիշտ խորհուրդ տա:

Մրգահյութեր: Մրգերը և թարմ մրգահյութերն ապահովում են մարդու օրգանիզմի առողջությունը: Անանասի, նարնջի և խաղողի հյութը նվազեցնում է ատամնափառը:

Մեխակ: Մեխակը հիանալի դեղամիջոց է լնդերի առողջության համար: Դեռ հնում, երբ մարդիկ ունենում էին լնդերի հիվանդություններ, օգտագործում էին մեխակ: Մեխակի ձեթն անալգետիկ է և ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմում են լնդերի հիվանդության հետևանքով առաջացած ցավը:

Քրքումի փոշի: Քրքումն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ, որոնք էլ կարող են օգնել պայքարել լնդերի հիվանդությունների դեմ: Լինելով հակասեպտիկ միջոց` քրքումը նվազեցնում է լնդերի բորբոքվածությունը:

Անանուխ: Ունենալով հակաբակտերիալ հատկություններ` անանուխը թույլ չի տալիս, որ բակտերիաները զարգանան բերանի խոռոչում: Այն նաև մաքուր է պահում ատամները և լեզուն: Անանուխն օգտագործվում է բազմաթիվ թարմացուցիչ հեղուկների բաղադրության կազմում:

Լնդերի մերսում: Ատամները լվանալուց հետո խորհուրդ է տրվում մերսել լնդերը, որպեսզի արյան շրջանառությունը լնդերում լավանա: Արյան լավ շրջանառությունն ամրացնում է լնդերը և կանխում դրանց արնահոսելը:

Ատամնաբույժին հաճախակի այցելությունը: Հարկավոր է ատամնաբույժին այցելել տարին երկու անգամ: Հաճախակի այցելությունների շնորհիվ շուտ կհայտնաբերվեն և կանխվեն ատամների և լնդերի հետ կապված խնդիրները:

Ծխելը թողնել: Ծուխը վատ է անդրադառնում լնդերի և ատամների առողջության վրա: Թողեք ծխելը, եթե Ձեզ համար կարևոր է ատամների և լնդերի առողջությունը:

Վերը թվարկված միջոցները կարող են օգնել կանխելու լնդերի հիվանդությունները կամ մեղմել դրանց ցավը: Եթե արդեն երկար ժամանակ Ձեզ անհանգստացնում են լնդերի խնդիրները, ապա մի հապաղեք դիմել ատամնաբույժին:




Լրահոս